Սկսած հղիության 37-38 շաբաթներից (եթե առաջին հղիությունը չէ) սովորաբար առաջանում են ծննդաբերության նախանշաններ:
Պտղի գլուխը իջնում է կոնքամուտք, հպվում կամ ֆիքսվում է կոնքի մուտքին, որի հետևանքով իջնում է արգանդի հատակը, և կինը որոշ թեթևություն է զգում: Ներքին օրգանների ճնշվածությունը թուլանում է, շնչելը և ուտելը հեշտանում: Սակայն արգանդը ավելի ուժեղ է սեղմում միզապարկին և միզարձակության կարիքը ավելի հաճախ է առաջանում: Պտուղը շարունակում է արագ աճել և 40 շաբաթական հասակում նրա տոտիկները հպվում են մոր կրծոսկրին:

Պտուղը 37-րդ շաբաթում
Քաշը 2600-2700 գրամ, երկարությունը 46-47 սմ

Պտուղը լրիվ զարգացած է և պատրաստ է ծնվելուն: Դա իհարկե չի նշանակում, որ նա այլևս չի աճում և զարգանում: Ճարպի կուտակումը շարունակվում է, իսկ որոշ նեյրոնների միելինային շերտը նոր է սկսում առաջանալ (այն շարունակվում է նաև ծնվելուց հետո): Կրկնածինների մոտ ծննդաբերությունը կարող է ավելի շուտ սկսվել: Շուտ կարող է սկսվել նաև ծննդաբերությունը զույգ պտուղի դեպքում: