Հղիների արյան ծավալը շարունակում է ավելանալ, մեծ մասամբ պլազմայի հաշվին: Պլազման արյան հեղուկային մասն է, որը հատկություն ունի իր մեջ պահելու արյան ձևավոր մասնիկները` էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Այդ պատճառով շատ հղիների մոտ հայտնաբերվում է ֆիզիոլոգիական սակավարյունություն (անեմիա): Արյան նոսրացման, ջրիկացման աստիճանը որոշվում է հատուկ ցուցանմուշի` հեմատոկրիտի միջոցով: Հեմատոկրիտի ամենացածր մակարդակները հայտնաբերվում են այս շրջանում: Ֆիզիոլոգիական անեմիան նորմալ երևույթ է, բայց այնուամենայնիվ խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտ է օգտագործել հատուկ սնունդ կամ երկաթի պատրաստուկներ:

Պտուղը 22-րդ շաբաթում
Քաշը 450 գրամ, երկարությունը մոտ 25-26 սմ

Պտղի զգացողությունը կատարվում է օրըստօրե: Նրա ուղեղը արդեն պարունակում է նեյրոնների լրիվ հավաքածու: Շոշափումը, հպումը պտղի համար շրջապատը ընկալելու միջոց է: Շոշափումը նրա կարողություններից մեկն է: Նա սկսում է հասկանալ, սովորել, թե ինչպես ծալել թաթիկները և տոտիկները, ինչպես շարժել դրանք, որտեղ են տեղադրված մարմնի տարբեր մասերը, ինչպես են նրանք հարաբերված միմյանց հետ: Պտուղը սովորում է դիպչել իր սեփական երեսին, շոշափել իր ձեռքերը և ոտքերը: Եթե նա ցանկանա ծծել իր մատը, ապա կարող է կամ մատը մոտեցնել բերանին, կամ թեքվել գլխով: Այս հատկությունները ամրանում են ծնվելուց հետո, երեխան սկսում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանով ընկալել: Ձեռքին ընկած ամեն ինչ երեխան տանում է բերանին, դա երեխայի հետաքրքրությունների ու ճանաչողությունների կարևոր դրսևորում է: