Հղին աստիճանաբար ընտելանում է պտղի շարժումներին, հետևում, թե ինչպես է նա շարժվում արգանդում: Շարունակվում է հղիի քաշի ավելացումը. Ազդրերը լայնանում են, մեծանում է որովայնը, որը չի կարող չազդել կեցվածքի վրա և անհանգստություն է առաջացնում հատկապես քնելու ժամանակ: Հղիության ժամանակ ցանկալի է ընտրել քնելու հետևյալ դիրքերը.
Երկու ընդհանուր սիրված դիրքերը` փորի վրա և մեջքին, լավագույնը չեն հղիության ժամանակ: Մեջքին պառկելը, չնայած թվում է ամենահարմարը, գցում է ամբողջ հղի ծանրությունը մեջքի, աղիների և ստորին սիներակի վրա, որը կարող է պատճառել տարբեր բարդություններ, ինչպիսիք են թութք (հեմորոյ), արյան ճնշման իջեցում և այլն:
Ամենանախընտրելի ձևը հղիի և պտղի համար ոտքերը կծկած կամ ձգված պառկելն է մի կողքի վրա, գերադասելի է ձախ կողքին, մի ոտքը խաչած մյուսին և բարձը դրած նրանց արանքը: Մի անհանգստացեք, եթե արթնանաք մեջքի վրա պառկած դիրքով: Վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի նորից շրջվեք կողքի վրա: Դուք կարող եք մի քանի գիշեր զգալ անհարմարավետություն, բայց շուտով կհարմարվեք նոր դիրքին:

Պտուղը 19-րդ շաբաթում
Քաշը 230-250 գրամ, երկարությունը մոտ 22-23 սմ

Շաբաթվա գլխավոր ձեռքբերումը պտղի գլխուղեղի շարունակվող աճն է: Պտղի մեծ, անհամաչափ գլուխը նշան է այն կարևոր դերի, որը խաղում է գլխուղեղը պտղի զարգացման համար: Նեյրոնները, նյարդային բջիջները կապ են հաստատում ուղեղի և մկանների միջև, երեխայի շարժումները դառնում են ավելի կարգավորված: Գլխիկի վրա երևում են փոքր ականջները: Ձևավորվում են ատամների սաղմերը: Ծայրանդամները ունեն համաչափ չափսեր: Երեխայի ներբանը ունի 2,5 սմ երկարություն, նրա հարաբերությունը ազդրին և սրունքին արդեն կլինի մշտական: