Ձգտում եք գեղեցիկ կազմվածքի՞: Ոչ մի դիետա չի կարող տալ այն արդյունքը, որ կստանաք, եթե զբաղվեք սպորտով: Դիետաների միջոցով քաշ կորցնելը հանգեցնում է նրան, որ ունենում եք,այո, նիհար, բայց ոչ միշտ գեղեցիկ մարմին: Փոխարենը ֆիզիկական վարժությունները ոչ միայն նպաստում են նիհարելուն, այլև օրգանիզմում ավելացնում են, այսպես կոչված, «երջանկության հորմոնի» քանակությունը, դանդաղեցնում են ծերանալու պրոցեսը, բարձրացնում իմունիտետն ու տրամադրությունը:

Օգտակար վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար.

1. Կարևորագույն վարժություն են փորի մկանների ձգումները կամ պրեսը: Այն ոչ միայն փորի մկանների, այլև ողնաշարի համար է: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգտակար է ողնաշարի s-աձև ոլորման դեպքում:

2. Ձիգ նստատեղ ունենալու, ցելյուլիտի դեմ պայքարելու համար շատ արդյունավետ է հետևյալ վարժությունը. չոր մակերեսի վրա պառկեք կողքի և ութ անգամ ձիգ պահած վիճակում բարձրացրեք- իջեցրեք ոտքը' մյուսը չշարժելով: Ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:

3. Նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, խորհուրդ ենք տալիս, այսպես կոչված, «աշխատավայրի վարժությունների» կոմպլեքսը: Կանգնեք դեմքով դեպի սեղանը' երկու ձեռքերով հենվելով նրա վրա: Դեպի ետ բարձրացրեք նախ աջ, ապա' ձախ ոտքը'  ծունկը չծալելով:

4. Սեղանը կօգնի կատարել նաև այս վարժությունը. կանգնեք ձախ կողմով դեպի սեղանը' ձախ ձեռքով հենվելով նրան իսկ աջ ձեռքը կոնքին պահելով: Աջ ոտքը, ծնկի շրջանում չծալելով, բացեք ու ձգտեք ոտքերով ստանալ 90 աստիճանի անկյուն: Կատարեք այս գործողությունը 10 անգամ, հետո շրջվեք և կրկնեք նույնը ձախ ոտքի համար: Այս վարժությունն ակտիվացնում է գոտկատեղից ներքև ընկած բոլոր մկանները, նպաստում արյան շրջանառությանը:

5. «Աշխատավայրի վարժություններից» շատ օգտակար է նաև հետևյալը. կանգնեք ուղիղ' մեջքով հենվելով պատին, բարձրացրեք ձեռքերը, ձգվեք' կանգնելով ոտքերի թաթերի վրա: Նման դիրքում մնացեք հնարավորինս երկար' ամբողջ ընթացքում չմոռանալով խորը շնչել և արտաշնչել: Այս վարժությունը ոչ միայն անցկացնում է մեջքի ցավն ու լարվածությունը, այլև ձգում է փորի մկանները:

Օրվա ընթացքում կատարելով այս պարզ վարժությունները՝ Դուք ոչ միայն կազատվեք ավելորդ կիլոգրամներից, այլև կունենաք բարձր տրամադրություն եւ լավ կազմվածք:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: