Շլություն ունեցող երեխայի, վստահ ենք, շատերդ եք հանդիպել: Սա, ցավոք, խնդիր է, որ հաճախ շլություն ունեցող երեխայի մոտ, ֆիզիկական խնդիրներից զատ, առաջացնում է նաև լուրջ հոգեկան բարդույթներ:
Բարեբախտաբար, շլությունը շտկվում է, բայց թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում, խոսել ենք «Ուիգմոր Քլինիք»-ի ակնաբույժ Լիլիթ Մկրտչյանի հետ:

 

Մանկական շլության ի՞նչ տեսակներ կան և շտկման ի՞նչ միջոցներ են կիրառվում:

Հիմնականում տարբերում ենք երեխաների շլության 2 տեսակ, մեկը պայմանավորված  է մկանային գործոնով, այսինքն որևէ այլ խնդիր չկա, պարզապես մի մկանը ուժեղ է, և ուժեղ ֆունկցիայի պատճառով աչքը գնում է դեպի քիթը կամ` հակառակը: Մենք՝ բժիշկներս դրան անվանում ենք համամիտվող շլություն: Զուտ մկանային շլությունը ուղղվում է վիրահատությամբ: Երբ որևէ այլ խնդիր չկա, ակնահատակի խնդիր չկա ,ակնոցով շտկումը անիմաստ է, ապա մենք հետազոտում ենք և առաջարկում վիրահատական միջամտություն: Այս դեպքում նպատակը «ծույլ աչք» չառաջանալն է, որոհետև եթե շլացող աչքը միշտ նույնն է, ապա դրա զարգացումը անխուսափելի է: Մի աչքը օգտագործում է, մյուսը՝ թեք վիճակում է՝ չի օգտագործում և հետո նույնիսկ վիրահատությամբ ուղղելու դեպքում տեսողությունը չի բարձրանում:
Շլության մյուս տեսակը ակոմոդացիոն շլությունն է, որը պահանաջում է ակնոցի մշտական կրում, վարժանքներ և այլն: Այս դեպքում մենք չենք առաջարկում վիրահատակական միջամտություն, այլ պարզապես նշանակում ենք կորեկցիա՝ ակնոցի, կոնտակտային ոսպնյակների կրման միջոցով և այլն: Ծնողներին Խորհուրդ ենք տալիս՝ ինչպես կազմակերպել երեխայի առօրյան. արդյոք փակե՞ն աչքը  թե՞ չփակեն և այլն: Շատ ժամանակ մեզ հաջողվում է վերականգնել  շլությունը ակնոցով և վարժանքներով: 
Շլությունը բուժելու նպատակը ոչ միայն շլության շտկումն է, աչքը ուղիղ դիրքում դնելը, այլ նաև՝ բինոկուլյար տեսողության զարգացումը:  Բինոկուլյար տեսողությունն իրենից ներկայացնում է ստերեո, խորքային տեսողություն, զարգանում է մինչև 12-13 տարեկանը, հետևություն՝ շլությունը կարելի է ուղղել ցանկացած տարիքում, բայց բինոկուլյար տեսողությունը՝ ոչ: Այդ պատճառով շատ կարևոր է վաղ տարիքում բժշկի դիմելը:

Իսկ ի՞նչ են  ներառում այդ տեսակ վարժանքները:

Հիմնական վարժանքը աչքը փակելն է, ծնողին բացատրում ենք՝ ինչպես պետք է  դա անցկացնել տան պայմաններում: Կան հատուկ սպեղանիներ, որոնք կարելի է ձեռք բերել օպտիկական խանութներից: Դրանց միջոցով մի աչքը լիովին փակվում է, և երեխան  սկսում է շլացնող աչքը օգտագործել: Պատահում է՝ ծնողները աչքը փակում են 4 կամ 5 ժամ և բողոքում են, թե արդյունք չեն ունենում: Ցանկալի է աշխատացնել այդ աչքը. նկարչությամբ զբաղվել, լեգոներով խաղալ և այլն, որը կստիպի աչքը լարել: Շատ կարևոր է աչքը փակելը չընդմիջել: Այսինքն, եթե աչքը 5 րոպե փակվի և հետո բացվի, ապա անարդյունավետ կլինի:

Մենք սովորաբար խորհուրդ չենք տալիս դրսում, այլ երեխաների շրջապատում կրել տեսողության բարձրացման համար նախատեսված սպեղանիներ, քանի որ  երեխաների մոտ դրա հետևանքով կարող են լուրջ բարդույթներ առաջանալ: 


Իսկ ո՞ր տարքիքից է կարելի վիրահատել:

Վիրահատել կարելի է ցանկացած տարիքում (սկսած մեկ տարեկանից), պարզապես պետք է հասկանալ՝ որքան առաջնային է վիրահատությունը: Եթե շեղման մեծ անկյուն է և աչքը չի օգտագործվում, ապա վիրահատում ենք հնարավորինս շուտ: Հիմնականում, վիրահատության տարիքը կախված է նաև ընդանուր անզգայացման գործոնից: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում և պետք է հասկանալ՝առողջական վիճակը թո՞ւյլ տալիս է թե՞ ոչ: Վիրահատության ցանկալի տարիքը նախադպրոցական տարիքն է, քանի որ բացի բինոկուլյար տեսողությունից, կա նաև հոգեբանական գործոն:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը