Խոսքը երեխայի զարգացման գործընթացի ամենակարևոր գործոններից մեկն է, որի խանգարումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Լոգոպեդ Անուշ Բաբայանը ներկայացնում է լոգոպեդական խնդիրներն ու խորհրդատվության նպատակները և խոսում առաջիկա անելիքների մասին:


-Ո՞ր խնդրի առկայության դեպքում պետք է դիմել լոգոպեդին:
-Ցանկացած խոսակցական խնդրի դեպքում լոգոպեդին դիմելու անհրաժեշտությունը ցանկալի է:
Խոսքի խանգարումները բազմաթիվ են`խոսքի լիարժեք բացակայությունից մինչև որևէ հնչյունի սխալ արտասանություն կամ փոխարինում:
Երբ մենք ունենք որևէ հնչյունի Ռ-ի , Դ-ի, Գ-ի խանգարումներ, այդ դեպքերում լոգոպեդն է զբաղվում: Կամ կարող ենք ունենալ խոսքի լիարժեք բացկայություն, խոսքի թերզարգացում ինչը այսօր շատ տարածված է հատկապես նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում, քանի որ նրանք մի քիչ սահմանափակում են երեխայի խոսելու ցանկությունը, հետ են գցում նորմայից և առաջացնում են խոսքի հապաղում:

-Որո՞նք են լոգոպեդական խորհրդատվության հիմնական նպատակները:
-Նախ պետք է հասկանալ երեխան ունի լոգոպեդի միջամտության կարիք, թե ծնողը կարող է հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Լինում են դեպքեր, երբ զուտ վիրտուալ վիճակը կարող է խոսքի զարգացմանը խանգարել: Այդ դեպքում անջատում ենք վիրտուալը, երեխայի հետ սկսում ենք շփվել, խաղալ, խոսել և արդյունքում ունենում ենք խոսք: Այդ դեպքում երեխայի խոսքը բնականոն զարգանում է: Բայց եթե մենք ունենք ավելի բարդ խնդիրներ, այսինքն`խնդիրներ, որոնք բերում են խոսքի զարգացման խանգարմանը անկախ տեխնոլոգիական հնարավորություններից, այդ դեպքում ցանակալի է դիմել լոգոպեդին: Ինչքան վաղ սկսենք աշխատել երեխայի հետ, այդքան հաղթահարելու հնարավորությունը ավելի մեծ կլինի:

-Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել լոգոպեդին:
-Լոգպեդին դիմում են դեռևս մեկուկես տարեկանից, երբ խոսքը նոր է ձևավորվում և խոսքի ձևավորման ընթացքում նկատվում է որևէ խնդիր: Մեկուկես տարեկանում երեխան որոշակի բառապաշար, բառեր պետք է ունենա, եթե չհաշվենք կապակցված փոքրիկ արտահայտությունները` <<ջու, տո>>արտասանական ձևով: Եթե չկա համապատասխան խոսքային ինիցիատիվան, եթե չի արձագանքում ու չի ընկալում իրեն ուղղված խոսքը, իր անվանը տեր չէ, այդ դեպքում ցանկալի է դիմել մասնագետին: Լոգոպեդին դիմում են նաև ձայնային խանգարումների դեպքում:
Երբ երեխան իր տարիքային նորմատիվներին չի համապատասխանում, դա ահազանգ է, որ հնարավոր է երեխան ունի խնդիր: Շատ հավանական է նաև խոսքի հապաղումը: Դա կարող են լոգոպեդի օգնությամբ հեշտությամբ պարզել : Եթե նկատելի է ընկալման խնդիր, եթե չի համապատասխանում խոսքային զարգացումը տվյալ տարիքային շեմին, ապա լոգոպեդի խորհդրատվության կարիք ցանկալի է: 

-Ո՞ր տարիքային խմբերն են խոցելի:
-Խոցելի են հատկապես 2-3 տարեկանը, երբ կապակցված խոսքը նոր է ձևավորվում, այդ շրջանում կարող են հանդիպել տարաբնույթ խոսքային խնդիրներ՝ թլվատությունից մինչև խոսքի տեմպի, ռիթմի սահունության խնդիրներ, անխոսություն  և այլն, 6-7 տարեկանը, երբ բանավոր խոսքին միանում է նաև գրավոր խոսքի յուրացումը, ինչը ավելի բարդ և բազմաշղթա գործընթաց է, քանի որ բացի արտասանական օրգաններից այստեղ միանում են նաև մոտորիկան, կորդինացիան, վերլուծահամադրական գործընթացները, ուշադրոոթյունը, հիշողությունը: Այս բազմաշղթա գործընթացում շղթաներից որևէ մեկի գործումեության հապաղումը կամ դժվարեցումը բերում է գրավոր խոսքին տիրապետելու գործընթացի դժվարեցման: Այս դեպքում ևս կարող է օգնել լոգոպեդը

Խոցելի են նաև  նորածնային շրջանում գտնվող երեխաները, երբ առկա են օրգանական ախտահարումներ՝ քիմքի ճեղքվածքներ, մանկական ուղեղային կաթված:
Նաև մեծահասակների մոտ կրկին օրգանական ախտահարումներով պայմանավորված կարող է լինել լոգոպեդական միջամտության կարիք, խոսքը վերաբերում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին (ինսուլտ), ինչը կարող է բերել  խոսքի կորուստի
Ինչևէ, ցանկացած  տարիքում լոգոպեդի խորհրդատվությունը ցանկալի է:

-Ինչքա՞ն պետք է տևի թերապիայի կուրսը, մինչև ցանկալի արդյունքին հասնելը:
-Թերապիան ըստ էության անհատական է և կախված է խոսքային խանգարման տեսակից և խոսքի ախտահարման վիճակից:
 

-Ի՞նչ արդյունքների կարելի է սպասել:
-Արդյունքը նույնպես կախված է խոսքային խանգրման ծանրության աստիճանից և լոգոպեդական աջակցությունից օգտվելու տևողությունից ու պարբերականությունից: Այսինքն` եթե նպատակաուղված, երկարատև աշխատանք ենք իրականացնում, խոսքս գնում է այն խոսքային խանգարումների մասին, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում և ավելի տեսանելի արդյունք ենք ունենում: Եթե լոգոպեդական ճիշտ աշխատանք է տարվում, այդ դեպքում արդյունքը ակնհայտ է` ունենում ենք հաղորդակցման խնդրի բացակայություն: Սակայն  կարող են լինել  շատ ծանր դեպքեր, որ նույնիսկ լոգոպեդական միջամտությունը ի զորու չէ շտկելու: Կարող են լինել դեպքեր, երբ ունենալով օջախային մեծ ախտահարում՝ ունենանք շատ լավ դինամիկա և հակառակը:

-Հայաստանում պատրաստվում եք լոգոպեդների ասոցիացիա հիմնել: Ինչպե՞ս առաջացավ միտքը:Կպատմե՞ք գաղափարի մասին:
-Միտքը ծնվել է դեռևս մի քանի տարի առաջ: Մտորում էի, ուզում էի հասկանալ` ինչպե՞ս սկսել, ո՞ւմ հետ սկսել, ի՞նչ ձևաչափով սկսել: Եվ, վերջապես, այս տարի հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, ով հանդիսանում է ՀՀ Գլխավոր լոգոպեդը, որոշեցինք ի կատար ածել լոգոպեդների կողմից այդքան սպասված  կառույցի հիմնադրումը:
Փորձում ենք միասին ստեղծել մի կառույց, որը կհամախմբի  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լոգոպեդներին, որովհետև լոգոպեդական խնդիրը այն խնդիրն է, որ կապված է կոնկրետ լեզվի կրող հիվանդների աջակցության հետ: Այսինքն, եթե հիվանդն ունի խոսքի կորուստ, որը հայոց լեզվի լեզվակիրն է, իրեն որևէ տեղ, ամենալավ հնրավորություններով հարուստ վերականգնողական կենտրոններում, եթե չկա հայալեզու մասնագետ, խոսքի վերականգնման հարցում ոչ ոք չի կարողանա օգնել:Ուստի դա սփյուռքի մեր հայ մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատել նաև մայրենի լեզվով և օգնել հայալեզու մեր ազգակցին վերականգնել կորցրած խոսքը: Կառույցը միտված է համախմբել՝ հետապնդելով հենց այդ նպատակը, որպեսզի խնդիր ունեցող անձը աշխարհի ցանկացած երկրում կարողանա դիմել ասոցիացիային և ստանա համապատասխան ուղղորդում, թե իր երկրում ով կարող է իրեն օգնել::

-Ի՞նչ ընթացքում են աշխատանքները:
-Իրավաբանական ձևակերպում շուտով կստանանք, ունենք հստակ կանոնադրություն, սահմանված նպատակներ, խնդիրներ:

-Քա՞նի լոգոպեդ է միավորվում, ինչպե՞ս կարող են դառնալ անդամ:
-Որևէ սահմանափակում չկա: Միայն լոգոպեդները չէ, որ կարող են միավորվել սաոցիացիային: Մեր առաջին խնդիրներից մեկը բազմամասնագիտական կազմի ստեղծումն է, որովհետև լոգոպեդը միայնակ ոչինչ չի կարող անել:Լոգոպեդին օգնում է հոգեբանը, բժիշկը, ֆիոզիոթերապևտը և այլն: Պետք է թիմ լինի: Ուստի լոգոպեդական ասոցիացիայի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով ունի լոգոպեդի կամ ոլորտին հարակից որևէ մասնագիտություն:

 


Աղբյուր` Doctors.am
Հեղինակ` Մարիամ Սարգսյան
10 Ապրիլ 2018