Աչքի բորբոքային հիվանդությունները բազմազան են. կարող են բորբոքվել աչքի տարբեր հյուսվածքներ՝ կոպեզրը, եղջերաթաղանթը, լորձաթաղանթը և անոթաթաղանթը: Հաճախ հանդիպող բորբոքումներից են կոպեզրինը՝ բլեֆարիտները, լորձաթաղանթինը՝ կոնյուկտիվիտները, փոքր-ինչ ավելի հազվադեպ՝ կերատիտները և ուվեիտները: Ներկայացնում է ակնաբույժ Աննա Հովակիմյանը:

Կոնյուկտիվիտներ 

Կոնյուկտիվիտներ և բլեֆարիտներ առաջանալու պատճառները նույնպես բազմազան են՝ մանրէներ, վարակահարուցիչներ, ադենովիրուսներ: Սեզոնային ալերգիայի շրջանում հաճախակի են ալերգիկ կոնյուկտիվիտները: Գարնանը և ամռանը բավական մեծ է հիվանդների, հատկապես երեխաների հոսքը գարնանային կատար հիվանդությամբ, որի զարգանալուն նպաստում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները: 

Կարելի է ասել, որ կոնյուկտիվիտներն ամենից հա- ճախ հանդիպող բորբոքային հիվանդություններն են: Ալերգիկ կոնյուկտիվիտների և հատկապես գարնանային կատարի պատճառը մեր երկրի աշխարհագրական դիրքն է: Այս հիվանդությունը տարածված է այն երկրներում, որտեղ արևի ճառագայթումը բավական բարձր է: Հայաստանի որոշակի շրջաններում՝ մասնավորապես Թալինում, Ապարանի որոշ գյուղերում և այլն, հիվանդությունն առավել արտահայտված է, քան Երևանում: Կոնյուկտիվիտը խիստ ալերգիկ հիվանդություն է. այն սաստիկ քոր է առաջացնում երեխաների շրջանում։ 

Էպիդեմիկ ադենովիրուսային կոնյուկտիվիտը, որը ևս մեծ տարածում ունի, վարակիչ է. վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, շփման միջոցով: Հազը, փռշտոցը այս վարակը կարող են արագորեն տարածել հատկապես մարդաշատ վայրերում, ուսումնական հաստատություններում: Այն դրսևորվում է կոկորդում քերելու զգացողությամբ, ընդհանուր թուլությամբ, այնուհետև առաջանում են աչքի կարմրություն և լորձաթարախային արտադրություն (ժողովրդական լեզվով՝ ճպռոտում), ավազահատիկի զգացողություն, արցունքահոսություն, այտուցվում են կոպերը… 7 օրվա ընթացքում վարակվում է նաև մյուս աչքը, բարդ դեպքերում եղջերաթաղանթը նույնպես կարող է ախտահարվել, տեսողությունը՝ խավարել: Հիվանդությունն ունի համաճարակային (էպիդեմիկ) բնույթ: Հարկ է նշել, որ այսօր Հայաստանում առկա են հիվանդության բուժման անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները: 

Կոնյուկտիվիտի մեծապես տարածված տեսակներից է նաև չոր աչքի համախտանիշով պայմանավորված կոնյուկտիվիտը: Ամենից հաճախ այս հիվանդության զարգանալուն նպաստում է համակարգչով երկարատև աշխատելը: 

Սովորաբար մարդը 1 րոպեում աչքը թարթում է 8 անգամ, իսկ համակարգչի առջև լարված նստած կամ երկար մեքենա վարելիս ավելի քիչ է թարթում։ Դա էլ հանգեցնում է աչքի մակերեսի չորացման, լորձաթաղանթի անոթների արտահայտվածության, աչքի կարմրության և աչքի մեջ օտար մարմնի զգացողության: Մեր երկրի աշխարհագրական դիրքը այս առումով ևս նպաստավոր համարել չի կարելի, քանի որ առկա է առավելապես չոր կլիմա, և բնակչության զգալի մասն աչքը խոնավեցնող կաթիլների կարիք ունի: 

Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ վերջին շրջանում մարդիկ ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այսօր հնարավորություն կա կիրառելու ախտորոշիչ բոլոր ժամանակակից մեթոդները, իսկ բժշկի վաղ դիմելու, հիվանդությունը վաղ հայտնաբերելու դեպքում արդյունավետ բուժումը երաշխավորված է:

Բացառիկ դեպք Հայաստանում 

Խոսելով կոնյուկտիվիտի առավել մեծ տարածում ունեցող տեսակների մասին՝ կարելի է առանձնացնել փայտանման կոնյուկտիվիտը, որը, ի տարբերություն մյուսների, խիստ հազվադեպ է ամբողջ աշխարհում: Հայաստանում այս հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է 4 տարի առաջ։ Երեխայի աչքերում կային փոքր գոյացություններով («կեղծ մեմբրաններ»), որոնք հասունանում էին մի քանի շաբաթը մեկ, աչքից պոկվում էին և ընկնելիս այնքան կոշտանում, որ նմանվում էին փայտի կտորի: Սա բավական ծանր հիվանդություն է, որի հիմքը պլազմինոգեն առաջին տեսակի անբավարարությունն է: Հետևողական չլինելու և հիվանդությունը չբուժելու դեպքում կարող են ախտահարվել բոլոր լորձաթաղանթները, շնչառական համակարգը, երիկամները, բժշկական գրականության մեջ նկարագրված են անգամ մահացության դեպքեր: 

Ախտանիշների նկարագրությամբ և բացառման եղանակով հնարավոր եղավ ախտորոշել հենց փայտանման կոնյուկտիվիտ: Այն հաստատվեց Մոսկվայում և Իտալիայում. համապատասխան դեղորայքի և բուժման շնորհիվ երեխան մի քանի տարի է՝ ապրում է առողջ, սպիտակ ու ջինջ աչքերով, դպրոց է հաճախում, ունի հստակ տեսողություն: 

Կերատիտներ 

Կոնյուկտիվիտի համեմատությամբ՝ սրանք ավելի սակավ են հանդիպում, բայց և մեծ տարածում ունեն: Առաջանալու պատճառը հերպես վարակն է: Հետևանքը եղջերաթաղանթի խիստ պղտորվելն ու լույսի ներթափանցումը խոչընդոտելը: Հիվանդներին տեսողությունը վերականգնվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցով: Դոնորական եղջերաթաղանթ հնարավոր է լինում ձեռք բերել Վաշինգտոնի «Sightlife» միջազգային բանկից: 
Այս վիրահատության համար կարիք չկա արտերկիր մեկնել. այն մեզանում իրականացվում է բավականին հաճախ, և արդեն իսկ առկա են դրական արդյունքներ: 

Ուվեիտներ 

Սրանք անոթաթաղանթի բորբոքումներն են: Պատճառ կարող են լինել իմունային բորբոքում- ները, տարբեր վարակիչ գործոններ: Հիմնականում ենթարկվում են դեղորայքային բուժման, սակայն որոշակի բարդությունների դեպքում հանգեցնում են ներակնային ճնշման բարձրացման, կատարակտի, որը բուժվում է վիրահատական եղանակով: 

Աչքի բորբոքային հիվանդությունների բուժում 

Աչքի բորբոքային հիվանդություններից կոնյուկտիվիտները, բլեֆարիտները ենթարկվում են դեղորայքային բուժման, կերատիտները, եթե հետևանք են վարակահարուցիչային, մանրէային, մակաբուծային կամ սնկային ախտահարման, 80-90% դեպքերում ևս ենթարկվում են պահպանողական (կոնսերվատիվ) բուժման, իսկ այնպիսի դեպքերում, երբ պահպանողական բուժումից առաջանում է ինտենսիվ պղտորում, դիմում են վիրահատական միջամտության: 

Հարկ է նշել, որ գոյություն ունի ամիոտիկ թաղանթի փոխպատվաստում, որ իրականացվում է խիստ ծանր ախտահարումների դեպքում: Դա հակաբորբոքային թաղանթ է, որը վերցվում է կեսարյան հատումների ժամանակ և հատուկ մշակման ենթարկվում. այն պատվաստվում է աչքին, և բավական լավ արդյունք է գրանցվում: Այս թաղանթն ունի հակամանրէային, անոթավորումն ընկճող, հակասպիական և մի շարք այլ դրական ազդեցություններ: 

Ուվեիտների դեպքում ևս բուժման հիմնական եղանակը դեղորայքային է՝ կաթիլներ, հաբեր, ներարկումներ և այլն: 

Ձեռքբերումներ 

Ուվեիտներից ամենածանրը Բեխչետի հիվանդությունն է, որն առավել տարածված է հին ազգերի և միջերկրածովյան ավազանի երկրների՝ հիմնականում արական բնակչության շրջանում, քրոնիկ և պոտենցիալ ենթադրելի կուրացնող ախտահարում է: Աշխարհում մեծ խնդիր է այս հիվանդների բուժման ճիշտ եղանակներ, մեթոդներ մշակելը: Արդեն երկու տարի է՝ Հայաստանը համագործակցում է ամերիկյան Քսոմա (Xoma) և ֆրանսիական Սերվիե (Servier) դեղագործական ընկերությունների հետ՝ կատարելով միջազգային հետազոտություններ, և այս գործընթացի մեջ ներառված հայ հիվանդները երկու տարի անընդմեջ կարողանում են անհրաժեշտ դեղորայք ստանալ անվճար: Ուրախալի է, որ նոր դեղամիջոցները, որոնք կլինիկական փորձարկման են ենթարկվում ԱՄՆ-ում և Եվրոպայում, հասանելի են նաև Հայաստանում: 

Առաջիկայում ևս կան շատ ծրագրեր. դրանց մասնակցելը և հայ ակնաբույժների՝ այդ ծրագրերում ներգրավվածությունը, անշուշտ, կնպաստեն, որ հնարավոր լինի հայ հիվանդներին առաջարկել բուժման նորագույն և առավել արդյունավետ մեթոդներ:



«ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ» ամսագիր, 2016/2