Եթե դուք տեւական ժամանակ աշխատում եք համակարգչի մկնիկով կամ ձեռքով այլ աշխատանք եք կատարում, հնարավոր է՝ լուրջ չընդունեք կամ չնկատեք մատներում աստիճանաբար ուժգնացող ծակծկոցները եւ թմրածության զգացողությունը:
Իրականում այս ախտանիշները կարող են խոսել մի շատ լուրջ եւ տարածված խնդրի մասին, որը կոչվում է Կարպալ (դաստակային) թունելի համախտանիշ: Խնդիրը ներկայացնում է «Ուիգմոր Քլինիք»-ի ռադիոլոգ Մարգարիտա Ներսիսյանը:

Դաստակային  թունելի համախտանիշը վերին վերջույթի համախտանիշներից ամենատարածվածն է: 
Այն առաջանում է միջնյակ նյարդի (n. Medianus ) ճնշման արդյունքում, երբ նյարդը ճնշվում է դաստակի լայնակի կապանի տակ՝ ջլերի այտուցի արդյունքում: 


Ի դեպ, հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:

Պատճառները բազմաթիվ են.

  • Մոնոտոն կրկնվող նույնատիպ շարժումները` օրինակ համակարգչի մկնիկի հետ աշխատանքը, երաժշտական գործիքների հետ աշխատանքը…
  • Հորմոնալ խանգարումները
  • Շաքարային դիաբետը 
  • Ռեւմատոիտ արթրիտը 

Ախտանիշներ.

  • Առաջին, երկրորդ եւ երրորդ մատների շրջանում ցավ, որը կարող է  ճառագայթելբ նախաբազուկ եւ բազուկ: Ցավերը կարող են ուժգնանալ գիշերային ժամերին: Բացի այդ նկատվում են նաեւ
  • Թմրածության զգացողություն
  • Ծակծկոց 
  • Մկանային թուլություն


Ինչպե՞ս  ենք ախտորոշում. 

Նախկինում էլեկտրոնեւրոմիոգրաֆիան համարվել է հիմնական ախտորոշիչ մեթոդ, սակայն վերջին տարիներին Հայաստանում ներդրվել է նյարդի  ուլտրաձայնային հետազոտությունը, որի միջոցով կարող ենք ախտորոշել դաստակային թունելի համախտանիշը: 
Ուլտրաձայանյին հետազոտության ժամանակ կարող ենք ախտորոշել նյարդի այտուցը, էխոգենության իջեցումը եւ անոթավորում (նորմայում նյարդը չի անոթավուրվում): 

Բուժման մեթոդները.
Առաջարկվում է պահպանողական եւ վիրահատական բուժում: 
Դեղորայքային բուժումն իրականացվում է պարզ դեղամիջոցներով, որոնք կարող են օգնել նվազեցնել ցավը: Կիրառվում են նաև ստերոիդ պրեպարատների ներարկումներ անմիջապես կարպալ թունելի մեջ: Դրա միջոցով հաճախ բարելավվում է վիճակը եւ նվազում է ցավը, բայց ախտանշանները կարող են վերադառնալ:
 
Եթե պահպանողական մեթոդները կիրառելիս արդյունք չի նկատվում, խորհուրդ է տրվում կարպալ թունելի համախտանիշի վիրաբուժական բուժում: Վիրահատության անցկացման որոշումը հիմնված է հիմնականում ախտանիշների արտահայտվածության վրա: Ավելի ծանր դեպքերում վիրաբուժական միջամտությունը կատարվում է անմիջապես, առանց կոնսերվատիվ եղանակների կիրառման:
 


Պատրաստեց՝ Մարիամ Սարգսյանը