Մելանոմայի դեմ պայքարի օրը Հայաստանում 2016 թ.-ին կազմակերպվել և նշվելու է Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի և Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

Միջոցառման նպատակը և առաքելությունը

  • Հայաստանի բնակչության իրազեկում՝ մելանոմայի վտանգների մասին
  • Ախտորոշում և մելանոմայի վաղ հայտնաբերում
  • Կոնֆերանս բժիշկների համար
  • Անվճար զննում և խորհրդատվություն ազգաբնակչության համար (2-3 օր)
  • Համապատասխան բուժման կազմակերպում
  • Սքրինինգային ծրագրի մշակում

Doctors.am-ը զրուցեց Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի նախագահ, բ.գ.դ. պրոֆ. Գրիգոր Բադալյանի հետ:

-Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը ամբողջ աշխարհում նշվում է մայիս ամսին կամ հունիսի սկզբին: Մենք այս տարի այդ օրը կնշենք հունիսի 9-11-ը: Այն ձևաչափով, որ նախատեսում ենք համալիր միջոցառումները իրակնացնել այս տարի իրականացնել, դեռևս նախադեպը չի ունեցել մեր երկրում:

Միջոցառումների շարքը կարելի  է բաժանել 3 հիմնական մասի. հունիսի 9-ին նախաձեռնել ենք իրականացնել կոնֆերանս բժիշկների համար: Հատկանշական է, որ կոնֆերանսը նախատեսված է ոչ թե ուռուցքաբանների,  այլ այն բժիշկների համար, ովքեր առաջինն են հանդիպում այս խնդրին՝ մասնավորապես պոլիկլինիկաներում և համայնքային ամբուլատորիաներում աշխատող մաշկաբանների:

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր զեկույցներ: Ես կներկայացնեմ, թե ինչ տարածվածություն և վիճակագրություն կա Հայաստանում  մելանոմայի աճի և հիվանդացության դեպքերի վերաբերյալ, կլինեն զեկույցներ նաև  հիվանդության ախտորոշման և բուժման մասին:

Առանձնահատուկ կարևոր է բարձրաձայնել մելանոմայի կանխարգելման հարցը, որն է արևի ճառագայթներից արդյունավետ պաշտպանությունը և պրոֆիլակտիկ հետազոտությունները:

Միջոցառումների շարքի երկրորդ շեշտադրումը լրատվամիջոցներով ազգաբնակչության համար այս թեմայի զանգվածային լուսաբանումն է առավել պարզ ու հասկանալի լեզվով:

Երրորդ, թերևս ամենազանգվածային նախաձեռնությունը մեր քաղաքացիների անվճար հետազոտություններն են: Եթե մարդը նկատում է իր խալերի որոշակի փոփոխություն կամ քանակի ավելացում ժամանակի ընթացքում, ապա սա լավ առիթ է դիմել անվճար հետազոտության , իսկ խնդրի դեպքում էլ՝ վաղ հայտնաբերել այն:

Քաղաքացիների հերթագրումը կկատարվի հեռախոսազանգերի միջոցով. (010) 54-82-73

Բժիշկների համար նախատեսված կոնֆերանսի վայրը՝ «Մոսկվայի տուն» Մոսկովյան մշակույթա-գործարարական կենտրոն Երևանում  (Արգիշտիի փող., 7 շ.)

Հետևեք նորություններին՝ տեղեկանալու համար միջոցառման բոլոր մանրամասներին:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
17 մայիսի, 2016