Հեռանկարային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման» ծրագրի բժիշկ-փորձագետ Աննա Մարտիրոսյանը ներկայացնում է ծխելու, երկրորդային ծխի ազդեցությունը և ինֆորմացիոն ծրագրերի նշանակությունը ծխելու դեմ պայքարի գործում:

Ծրագրի հիմնական նպատակն, ինչպես հասկացանք, հատկապես երկրորդային ծխի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության տարածումն է: Ի՞նչ կասեք այս մասին, պասիվ ծխելն ի՞նչ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա:

Բացի սեփական առողջությունը վտանգելը, ծխողն այս կերպ խիստ վնաս է հասցնում նաև իր մտերիմների առողջությանը, սա , կարծում եմ, հանցանքի համարժեք է, հատկապես, երբ տուժողը երեխաներն են: Մեզ շատ կանայք են դիմում, ում ամուսինները չափազանց շատ են ծխում, և իրենք որևէ կերպ չեն կարողանում կանխել երևույթը: Պասիվ ծխելու հետևանքով, հատկապես երեխաների, դեռահասների մոտ առաջանում են շատ լուրջ խնդիրներ, և բացատրել ծնողին, որ իր երեխայի ասթմատիկ խնդիրները կամ լորձաթաղանթի անընդհատ գրգռվածությունը կապված է իր արարքի հետ, բավական բարդ է: Ծնողը, որպես երեխայի մոտ կրկնվող անգինաների, բորբոքումների պատճառ, երբեք չի դիտարկում իր ծխելու փաստը: Պասիվ ծխելու հետևանքով նաև ընկճվում է երեխայի իմուն համակարգը:

Եվ սարսափելի է, երբ հղի կինն է ծխում, այդ կերպ վտանգելով երեխայի կյանքը:

Իսկ ըստ Ձեզ, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հասարակության իրազեկումը, տեղ հասցնել տեղեկատվությունը:

Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը հրաշալի տարբերակ են հասարակությանը իրազեկելու: Ես ինքս աշխատել եմ դահլիճում ներկա բոլոր երիտասարդների հետ, անկեղծորեն զարմացած եմ՝ ինչ լավ, հետաքրքրասեր երիտասարդություն ունենք այսօր: Դպրոցական երեխաներն ամենալավ օղակն են աշխատելու, տեղեկացնելու համար:

Գուցե դպրոցներում մի քանի պարտադիր դասընթացների անցկացումը ևս կնպաստի՞ ծխել չսկսելուն: Չէ՞ որ սա առավել հեշտ է, քան հետագայում ծխելը թողնելը:

Միանշանակ, ես կարծում եմ, որ դա ուսումնական ծրագրի մեջ պետք է ներառել: Մենք ծրագրի շրջանակներում կարող ենք աշխատել 100-200 երեխայի հետ, սակայն, հարցին առավել գլոբալ մոտեցումը կօգնի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:

Մեր հասարակության մեջ հաճախ ենք հանդիպում, երբ ծնողը ծխում է, սակայն իր երեխային խստիվ արգելում է ծխել: Չէ՞ որ սա արդեն իսկ վատ օրինակ է:

Այո, իհարկե: Այս երևույթը շատ հաճախ է հանդիպում և դատապարտելի է: Ծնողի ծխելը հետաքրքրություն է առաջացնում երեխայի մոտ:

Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր գիտակցում են ծխելու կործանարար ազդեցությունը, սակայն որևէ կերպ չեն կարողանում թարգել:

Այո, սա ևս մեծ խնդիր է: Մարդիկ կան, որ գիտակցում են կամ նույնիսկ հասել են լուրջ հիվանդության շեմին, սակայն ծխելը թարգել ի վիճակի չեն: Այս դեպքում ինքնուրույն խնդիրը հաղթահարելը շատ բարդ է, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը, և բժիշկը պետք է աշխատի ոչ միայն տվյալ անձի, այլ նաև ընտանիքի բոլոր անդամների հետ, սա ընդհանուր խնդիր է, և բոլորի աջակցությունը խիստ կարևոր է ծխելուց հրաժարվելու գործում:

Ասեմ սակայն, որ առողջ մարդկանց հետ աշխատելն ավելի բարդ է, նրանք դեռևս չեն զգում վնասակար ազդեցությունը, իսկ որևէ հիվանդության առկայության պարագայում, 85% դեպքերում, մարդիկ թեկուզ դժվարությամբ, սակայն հրաժարվում են ծխելուց:

Կարծիք կա, որ ծխախոտից կտրուկ հրաժարվելու դեպքում առողջական խնդիրներ կարող են առաջանալ: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Այս հարցում առավել կարևոր է հոգեբանական պատրաստակամությունը՝ թարգել ծխել: Այս դեպքում որևէ խնդիր, վստահեցնում եմ, չի առաջանա: Հիմնական հնարավոր խնդիրներից է լնդախտը, քանի որ այս ժամանակահատվածում լնդերն ավելի զգայուն են դառնում, և ատամները սկսում են շարժվել: Պետք է որոշ ժամանակ տրամադրել ատամների խնամքին և վերջ, խնդիրը կլուծվի:

Ծխախոտից հրաժարվելու ընթացքում ամենալուրջ խնդիրն ընկճախտն է, անձի մոտ առաջանում է հոգեհուզական բարդ իրավիճակ:

Իսկ ինչպե՞ս հաղթահարել այս իրավիճակը:

Եթե խոսքը գնում է երիտասարդ մարդու մասին, շատ լավ կօգնեն ֆիզիկական վարժությունները, սպորտը, լողը… Պետք է սկսել հաճույք ստանալ այլ բանից: Իսկ մեծահասակ մարդկանց դեպքում բավարար է նույնիսկ ծխախոտի քանակը սահմանափակելը:

Կան դեղորայքային, ասեղնաբուժության մեթոդներ, որոնք ևս արդյունավետ կերպով օգնում են հրաժարվել ծխելուց:

Դուք՝ որպես մասնագետ, խրախուսու՞մ եք էլելտրոնային սիգարետների կիրառումը: Սա միթե՞ ավելի չի սրում կախվածությունը ծխելու գործըթացից:

Այս մեթոդը որևէ արդարացում չունեցավ: Այն ստեղծելով, մասնագետները կարծում էին, որ խնդիրը միայն օրալ ռեֆլեքսի պահպանումն է, սակայն այն արդյունք չունեցավ: Ինչպես հենց ծխախոտից, այնպես էլ ծխելու ռեֆլեքսից պետք է հրաժարվել:

Ունեցել եմ պացիենտներ, որ բազմաթիվ տարիներ ծխելուց հետո թողել են այն, և զարմացած են իրենց ինքնազգացողության, մկանային ուժի, աշխատունակության առիթով:

Ի՞նչ մաղթենք ծխելուց հրաժարվել պատրաստվող մարդու ընտանիքի անդամներին, ընկերներին: Ինչպե՞ս օգնել նրան և նպաստել այս կարևոր հաղթանակին:

Խորհուրդ եմ տալիս ցուցաբերել համբերատարություն, ուշադրություն, շատ կարևոր է քաջալերելը: Պետք չէ քննադատել, երբ մարդը որևէ անգամ սխալվում է և իր ձեռքն է վերցնում ծխախոտը: Օրվա ընթացքում թեկուզ մեկ գլանակ պակաս ծխելն արդեն իսկ ձեռքբերում է

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am