2000 թվականից սկսած՝ սեպտեմբերի 29-ը օրացույցում նշվում է որպես Սրտի համաշխարհային օր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սիրտ-անոթային հիվանդություններն աշխարհում մահացության եւ հաշմանդամության գլխավոր պատճառն են. յուրաքանչյուր տարի դրանք խլում են 17 միլիոն մարդու կյանք:

Doctors.am-ի խնդրանքով՝ «Ուիգմոր Քլինիքի» սրտաբան Հասմիկ Աղաջանյանը ներկայացնում է սրտի ռիթմի խանգարումների ժամանակ կիրառվող ժամանակակից մեթոդներից մեկը՝ աբլյացիան:

Աբլյացիան սրտի ռիթմի խանագարումների բուժման չափազանց էֆեկտիվ, հետաքրքիր և բուռն զարգացում ունեցող մեթոդներից է:  

Աբլյացիա ցուցվում է այն դեպքում, եթե հիվանդն ունի կյանքին վտանգ սպառնացող կամ դեղորայքային բուժման լավ չենթարկվող առիթմիաներ: Որպես օրինակ՝ ներկայացնեմ նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացումը: 

Նորմայում սինուսային հանգույցը, այսինքն՝ սրտի գլխավոր ռիթմավարը, գտնվում է աջ նախասրտում, այնտեղ առաջացած էլեկտրական իմպուլսները տարածվում են հաղորդչական ուղիներով, տեղի է ունենում նախասրտերի կծկում և արյան հոսք դեպի փորոքներ, այնուհետ իմպուլսները տարածվում են փորոքներով, վերջիններիս սիստոլա և հոսք դեպի անոթներ:
Նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ սինուսային հանգույցը չի գործում (տարբեր պատճառներով), իմպուլսները առաջանում են թոքային երակներում կամ  նախասրտում տեղակայված բազմաթիվ էկտոպիկ օջախներում, որոնց շատ արագ և անկանոն գրգռումից առաջացած իմպուլսները բերում են նախասրտերի ոչ լիարժեք անկանոն կծկումների ֆիբրիլյացիայի, իմպուլսները անկանոն տարածվում են դեպի փորոքներ և բերում են և՛ սիստոլիկ, և՛ դիաստոլիկ ֆունկցիաների խանգարման: Այստեղ կյանքին վտանգ սպառնացող պահը հետևյալն է. քանի որ նախասրտերը լիարժեք չեն դատարկվում, հիմնականում ձախ նախասրտի ականջիկում արյուն է կուտակվում, և կազմավորվում է թրոմբ, որը և դառնում է իշեմիկ ինսուլտի պատճառ:     

Ի՞նչ է արվում

Սրտի առիթմոգեն օջախների կետային ոչնչացում՝ բարձր հաճախականության ռադիոալիքների միջոցով: 

Ինչպե՞ս է արվում

Առաջին հերթին պետք է առավելագույն ճշտությամբ որոշել առիթմոգեն օջախի տեղակայումը սրտում: Դրա համար կատարվում է ԷՖՀ, այսինքն՝ ներսրտային էլեկտրասրտագրություն: Տեղային ցավազրկման տակ ռենտգեն վերահսկումով ազդրային երակով (մուտքը կարող է տարբեր լինել) ինտրոդյուսերի միջով անցկացվում է առնվազն երեք կատետր դեպի թոքային երակներ կամ սրտի այլ հատվածներ՝ ԷՍԳ էլեկտրոդով ախտորոշիչ կատետր, աբլյատոր գլխիկով կատետր, ֆիքսող և այլն:

ԷՍԳ կատետրի վարդակը նախասրտում բացվում է: Այն կազմված է 8 ճաղերից, որոնք հագեցած են 64 էլեկտրոդով: Բժիշկը, դրսից գործիքով բազմաթիվ անգամ տեղաշարժելով էլեկտրոդներով կատետրը, նախասրտերի տարբեր հատվածներում կատարում է ներսրտային ԷՍԳ՝ եռաչափ քարտեզագրումով:  Հատուկ ծրագրով համակարգչի վրա դուրս են գալիս սրտի գունավոր նկարներ, որոնք հնարավոր է մեծացնել, նայել բոլոր կողմերից, ներսից:

Համակարգիչը մշակում է տվյալները, և առավելագույն ճշտությամբ որոշվում է առիթմոգեն օջախի հստակ տեղակայումը սրտում: Երբ բժիշկն արդեն կողմնորոշվում է, թե որտեղ է տեղակայված առիթմոգեն օջախը, կատետրը դրվում է հստակ առիթմոգեն հատվածին համապատասխան:

Հատուկ սարքից աբլյացիոն կատետրով ուղարկվում է բարձր հաճախականությամբ ռադիոհաճախային էներգիա, որի ժամանակ աբլյացիոն կատետրի գլխիկը տաքանում է միչև 50 աստիճան, և 30-60 վայրկյանի ընթացքում այրվում է առիթմոգեն օջախը: Տեղի է ունենում կոագուլյացիոն նեկրոզ, միոկարդում առաջանում են փոքր սպիեր, որոնք տարանջատում են այդ հատվածը սրտամկանի մնացած հատվածից:  Այսպիսով՝ կանխարգելվում է պաթոլոգիական էլէկտրական իմպուլսների առաջացումը և տարածումը: Միոկարդի մյուս հատվածները չեն տուժում: Ամբողջ  հետազոտության ընթացքում արվում է ԷՍԳ համակարգչային անալիզ և  վերահսկվում է ռենտգենով: 

Աբլյացիան համարվում է հաջողված, եթե վերջում տախիկարդիա առաջացնելով՝ կատետրի միջոցով կամ դեղորայքով, բժշկին չի հաջողվում ռիթմի խանգարում խթանել:


Աղբյուրը՝ Doctors.am

Պատրաստեց Շուշան Շատիկյանը