Յուրաքանչյուր մարդ երբևէ առիթ ունեցել է լաբորատորիայում հանձնել անալիզ, սակայն գոյություն ունեն որոշակի չափանիշներ և կանոններ, որոնց պահպանումը կօգնի ստանալ առավել ճշգրիտ արդյունք:
Ներկայացնում է բժիշկ-լաբորանտ Արաքսյա Գրիգորյանը.
- Հարգելի՛ հետազոտվողներ, որպեսզի լաբորատոր տվյալները առավելագույնս համապատասխանեն Ձեր առողջական վիճակին, կան խիստ որոշակի նախաանալիտիկ պայմաններ, որոնք պարտավոր եք պահպանել անալիզներ հանձնելուց առաջ:
Ստորև ներկայացված են ամենակարևորները.
Կլինիկական հետազոտություններ
Արյան ընդհանուր անալիզ – արյան կլինիկական (ընդհանուր) անալիզի համար արյունը վերցնում են առավոտյան ժամերին, հետազոտվողի երակից, մատից, նաև ականջի բլթակից, իսկ նորածինների մոտ երբեմն կրունկից: Այս հետազոտության համար քաղցած լինելը խիստ պարտադիր պայման չէ:
Մեզի ընդհանուր անալիզ–հետազոտության համար անհրաժեշտ է առավոտյան առաջին կոնցենտրացված մեզը: Անալիզը պետք է հավաքել ստերիլ տարայում, հանձնելուց առաջ պետք է լվանալ սեռական օրգանները և հավաքել միզարձակման մեջտեղի հատվածի մեզը՝ մոտավորապես 50-100 մլ: Եթե մեզը հավաքել եք տանը, ապա 1 ժամվա ընթացքում պետք է հասցնել լաբորատորիա: Խորհուրդ չի տրվում մեզը հանձնել դաշտանային ցիկլից 1-2 օր առաջ, դաշտանի ընթացքում և դաշտանից 1-2 օր հետո: Մեզի հետազոտությանը նախորդող մեկ օրվա ընթացքում արգելվում է մեզի գույնը փոփոխող սննդի՝ գազար, բազուկ, ալկոհոլի կամ դեղերի ընդունումը:
Մեզի՝ Զիմնիցկու փորձ- այս հետազոտության համար անհրաժեշտ է 24- ժամյա մեզ, բայց պետք է հավաքել 8 ստերիլ տարաներում 3 ժամը մեկ՝ մեզի ամբողջ զանգվածը, տարաների վրա անպայման նշելով ամսաթիվ և ժամ: Պետք է սնվել և խմել հեղուկներ օրվա բնականոն ռեժիմով, բայց հաշվել խմած հեղուկների քանակը:
Մեզի՝ Նիչիպորենկոյի փորձ- այս հետազոտության համար անհրաժեշտ է մեզի առավոտյան չափաբաժինը՝ 50-100մլ:
Մեզի՝ Ադիս-Կակովսկու փորձ - այս փորձի համար անհրաժեշտ է հավաքել 24-ժամյա մեզ, բայց լաբորատորիա բերել այդ ամբողջից 50-100մլ:
Կղանքի ընդհանուր քննություն – կղանքի ընդհանուր քննության համար այն պետք է լաբորատորիա հասցնել 2-3 ժամվա ընթացքում, ստերիլ տարայով:
Կղանքի դիսբիոզ (դիսբակտերիոզ)-այս անալիզը չի կարելի հանձնել, եթե հետազոտվողը մարսողական գործընթացների վրա ազդող ֆերմենտեր, հակաբիոտիկներ, վիտամիններ, թուլացնող դեղամիջոցներ է ընդունել, ինչպես նաև հոգնայի միջոցով կղանքը վերցնելու դեպքում: Այս հետազոտության համար կղանքը պետք է լաբորատորիա հասցնել 1-2 ժամվա ընթացքում՝ ստերիլ տարայով:
Խորխի ընդհանուր և բակտերիոլոգիական քննություն- այս անալիզը հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում ատամները լվանալ, բերանը ջրով ողողել, մաքրել, ապա նոր միայն խորխը վերցնել ստերիլ տարայում: Նմուշը լաբորատորիա հասցնել 1-2ժամվա ընթացքում:
Սպերմագրամմա- սպերմագրամման սերմնահեղուկի հետազոտումն է, որը լիարժեք կատարելու համար տղամարդը 3-5 օր չպետք է ունենա սեռական ակտ (սերմնաժայթքում), սակայն 7 օրից ավելի զսպվածությունն էլ կազդի սպերմատոզոիդների ակտիվության վրա: Սպերմոգրամման հանձնելուց առաջ հետազոտվողը պետք է լինի նոր միզած և չոր, ստերիլ տարայի մեջ հավաքի ամբողջ էուկուլյատի զանգվածը: Այս անալիզը ցանկալի է հանձնել լաբորատորիայում, կամ լաբորատորիա հասցնել 30 րոպեի ընթացքում:
Սեռական օրգաններից քսուքի քննություն - այս հետազոտության համար վերջին 24 ժամվա ընթացքում չպետք է լվալ սեռական օրգանը, իսկ հատկապես տղամարդիկ անալիզը հանձնեն չմիզած՝ նվազագույնը (4-5 ժամ):
Մազի, մաշկի, թարթիչի, եղունգի – կլինիկական հետազոտության համար հետազոտվողը պետք է դեղորայքներ քսած ու խմած չլինի և նվազագույնը 24-36 ժամ լվացված չլինի:
Կենսաքիմիական հետազոտություններ
Կենսաքիմիական հետազոտությունները հանձնելուց առաջ հետազոտվողներին խորհուրդ է տրվում վերջին 24-36 ժամում հանել սննդային ծանրաբեռնվածությունը՝ հատկապես սպիտակուցային և ճարպոտ սնունդը, անալիզները հանձնել առավոտյան 830-1100 ընկած ժամանակահատվածում՝ քաղցած, բացառել ալկոհոլի և դեղորայքի օգտագործումը: Ազոտային փոխանակության թեստերը հանձնելուց առաջ սահմանափակել օրվա ռիթմում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Որոշ կենսաքիմիական ցուցանիշների վրա բացասական ազդեցություն ունի նաև հետազոտվողի հոգեբանական սթրեսները և լարված հոգեվիճակը: Սուբստրատների հետազոտման ժամանակ խիստ կարևոր է հիվանդից արյուն վերցնել նստած դիրքով, քանի որ մարմնի դիրքն ազդում է արյան որոշ բաղադրիչների կոնցենտրացիայի վրա:
Ուռուցքային մարկերներ, ինֆեկցիաներ, իմունոհեմատոլոգիական թեստեր հանձնելուց առաջ ցանկալի, բայց խիստ պարտադիր պայման չէ քաղցած և վաղ առավոտյան արյուն հանձնելը: Խիստ կարևոր է դեղորայքների օգտագործման դադարեցումը անալիզ հանձնելուց առաջ, յուրաքանչյուր դեպքում համապատասխան ժամանակահատվածով՝ պարտադիր բժշկի ցուցումով: Այս հետազոտությունների բուժման դինամիկայի վերահսկումը շատ կարևոր է կատարել նույն լաբորատորիայում, նույն մեթոդով և նույն սարքով:
Հորմոններ: Կան մոտ 40 տեսակի հորմոններ, որոնք ունեն սեկրեցիայի պուլսային և օրական՝ ցիրկաիդային փոփոխականություն, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հորմոնների անալիզները հանձնել առավոտյան շուտ մինչև ժամը 1030 և քաղցած, որոշ հորմոններ՝ (օր.՝ սեռական) մենուստրալ ցիկլի հետ կապված որոշակի օրերի:
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
25 մայիսի, 2016