2020 թ.-ի մարտի 8-ից 14-ն աշխարհում հայտարարված է որպես Պացիենտի անվտանգության տեղեկացվածության շաբաթ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) 2019 թվականի տվյալների՝ պացիենտի անվտանգության պահպանման անբավարար զարգացվածության հետևանքով ամեն տարի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բուժհաստատություններում ոչ պատշաճ խնամքի պատճառով առաջացած 134 միլիոն անցանկալի միջադեպերը տարեկան շուրջ 2,6 միլիոն մահվան պատճառ են հանդիսանում, ավելին, 10 պացիենտից 4-ը առաջնային ու ամբուլատոր պայմաններում վնաս են ստանում: Մինչդեռ պահպանելով պացիենտի անվտանգության բոլոր նորմերը՝ հնարավոր է  մինչև 80 տոկոս խուսափել վնասից։ Ուրախ են տեղեկանալ, որ Հայաստանում այժմ գործում է «Մի՛ վնասիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը , որն իր մեծ ներդրումն ունի Հայաստանում այդ խնդիրների նվազեցման գործում: Պացիենտի  անվտանգության  տեղեկացվածության կարևորության, այդ հարցում  կազմակերպության ունեցած  դերի մասին խոսել ենք  «Մի՛ վնասիր» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Բագիյանի հետ:

Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում «Մի՛ վնասիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը և ի՞նչ դեր ունի պացիենտի անվտանգության տեղեկացվածության մեծացման գործում:

«Մի՛ վնասիր» առողջապահական  հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2019 թ.-ին, մենք ունենք մի քանի ուղղություններ, նպատակներ, սակայն դրանցից ամենաառաջնայինը ՀՀ-ում պացիենտի անվտանգության տեղեկացվածության մեծացմանը նպաստելն է, քանի որ մենք ամենամեծ բացը հենց այդ դաշտում ենք տեսնում: Մեր նպատակն է օգնել առողջապահական համակարգին հայտնաբերել որոշակի խնդիրներ, նպաստել բժշկի ու պացիենտի տեղեկացվածությանը: Այս առումով շատ կարևոր է, որպեսզի պահպանվի բուժհաստատության, պացիենտի, բժիշկի և պացիենտի հարազատների միջև կապը, քանի որ յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ ցանկացած հիվանդության բուժում կախված է և՛ պացիենտից, և՛ բժշկից: Մեր գերխնդիրն է օգնել, որ բժիշկը և պացիենտն ավելի սերտ համագործակցեն: Հետագայում նախատեսում նպաստել նրան, որպեսզի բժիշկները ևս ապահով լինեն՝ բուժհաստատության համակարգից կախված:

Աշխարհում ինչպե՞ս է առաջացել «Պացիենտի անվտանգության տեղեկատվության շաբաթ» ունենալու միտքը:

Անցանկալի միջադեպերը բժշկության մեջ նորույթ չեն։ Դեռևս 1950-1960թթ․ կատարած հետազոտությունները հնարավորություն ընձեռեցին բացահայտելու անցանկալի միջադեպերի վիճակագրությունը, սակայն խնդիրը որպես այդպիսին հիմնական լուծում չստացավ։ 1990-ական թվականների սկզբում հավաքվեցին ապացուցողական փաստեր, այդ գործընթացի սկիզբը հանդիսացավ 1991 թվականին տպագրված Հարվարդյան հետազոտության արդյունքները, որին հետևեցին հետազոտություններ Ավտրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, որտեղ 1999 թվականին «Սխալվելը մարդու էության մեջ է․ կառուցել առավել ապահով առողջապահական համակարգ» հոդվածի հրապարակումից հետո, խնդիրը ձեռք բերեց առաջնահերթություն և սկսվեց քննարկվել կառավարական շրջանակներում։
Այդ բոլոր հետազոտությունների տվյալները հաշվի առնելով, 2002 թվականին Համաշխարհային առողջապահության ժողովի 55-րդ համագումարում, որոշում ընդունվեց խթանել պացիենտի անվտանգությունը՝ որպես բոլոր առողջապահական համակարգերի հիմնական սկզբունք, իսկ 2019 թվականի մայիսին, Առողջապահության համաշխարհային 72-րդ ժողովը հաստատեց պացիենտների անվտանգության պաշտպանության համաշխարհային օրը, այն նշվելու է ամեն տարի սեպտեմբերի 17-ին, որի ժամանակ առողջության պահպանման ամբողջական առաջնահերթությունը կլինի ուղղված պացիենտի անվտանգությանը։ 2020 թ.-ի մարտի 8-ից 14-ն աշխարհում հայտարարված է որպես Պացիենտի անվտանգության տեղեկացվածության շաբաթ:

Ի՞նչ ենք հասկանում «պացիենտի անվտանգություն» ասելով:

Երբ ասում ենք «պացիենտի անվտանգություն», հասկանում ենք առողջապահական միջոցառումների համալիր, որը միտված է նվազեցնելու ոչ միտումնավոր բժշկական սխալների առաջացման հավանականությունը և նպաստելու առավել անվտանգ առողջապահական համակարգի կայացմանը:

Պացիենտի անվտանգության պահպանման մեջ ներառված են, օրինակ՝ ձեռքերի հիգիենայի պահպանումը, անվտանգ ծննդօգնության իրականացումը, ծննդօգնության ստուգաթերթիկի կիրառումը, վիրաբուժական ստուգաթերթիկի կիրառումը, արյան փոխներարկման իրականացման անվտանգությունը և այլն։

Ավելի հակիրճ կարող ենք ասել, որ պացիենտի անվտանգությունը նպաստում է ոչ միտումնավոր բժշկական սխալների առաջացման նվազեցմանը, իսկ գործիքները կարող են լինել բազմաթիվ: 

Ինչպիսի՞ գործիքների մասին է խոսքը և ինչպե՞ս են այդ միջոցառումներն իրականացվում:

Այդ միջոցառումներն իրականացնելու համար եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մի քանի ուղղություն են վերցրել: Առաջնահերթ է բուժհաստատության ներսում այնպիսի կառույց ունենալը, որը կապահովվի առաջացած խնդիրների վերլուծությունը: Օրինակ՝ վերլուծվում է բժշկական համակարգի կամ հենց բժշկի կողմից իրականացված ոչ միտումնավոր սխալը և առաջարկվում համապատասխան լուծումներ, որպեսզի այդ խնդիրներն այլևս չկրկնվեն: Կարևոր գործիք է նաև բաժանմունքներում ստուգաթերթիկների կիրառումը, որը հիմնականում շատ լավ է կիրառել հենց վիրահատական բաժանմունքներում: Ստուգաթերթիկների առկայությունը նպաստում է նրան, որ ևս մեկ անգամ ստուգվի՝ արդյոք ճիշտ պացիենտ է կամ վիրահատությունը ճիշտ է արվել, թե ոչ: 
Կան նաև շատ այլ գործիքներ պացիենտի անվտանգությունն ապահովելու համար և այդ գործիքներից մեկը պացիենտի հետ հետադարձ կապի առկայությունն է: Մենք մեր ՀԿ-ում այժմ ունենք բժշկական ծառայությունների գնահատման հարցաթերթիկ, որն էլ հենց հնարավոր է կիրառել հետադարձ կապ ստանալու համար: Հարցաթերթիկը լրացնում է հենց պացիենտը, հարցերը նախատեսված են այնպես, որ հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ և՛ բժիշկների, և՛ բուժքույրական անձնակազմի և առհասարակ համակարգի մասին: Ստացված արդյունքները վերլուծելով մենք կհասկանանք՝ որ օղակում խնդիր ունենք և բուժհաստատությանը կօգնենք լուծել այդ խնդիրը: Մյուս գործիքը, որը շատ հայտնի է, դա  յուրաքանչյուր հիվանդանոցի ներսում կլինիկական ուղեցույցներ և վարման գործելակարգ ունենալն է: Եթե առկա են կլինիկական ուղեցույցներ և վարման գործելակարգ, թե ինչպես գործել այս կամ այն իրավիճակում, ապա դա զգալիորեն նվազեցնում է բժշկի սխալվելու հավանականությունը, քանի որ արդեն գործում ես նախապես մշակված քայլերով: 

Կա՞ որևէ հաջողված միջազգային փորձ, որի մոդելը ցանկանում եք ներդնել Հայաստանում:

Կոնկրետ մեկ մոդել վերցնելը դժվար է, իհարկե մենք հեծանիվ չենք հորինում, սակայն շատ դժվար է ամերիկյան փորձը կամ եվրոպական փորձը վերցնել ու ներդնել առանց որևէ ձևափոխություններ կատարելու: Այդ պատճառով մենք հիմնականում վերցնում ենք տարբեր երկրների ստացած արդյունքները և փորձում տեղայնացնել Հայաստանում և այդ գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը