Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները, թե տղամարդկանց, թե կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձևության պահանջները բոլորովին այլ են` խալերի նկատմամբ, կարելի է ասել, որս են սկսել: Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից մինչև նրա ծերությունը, և իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն: Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը, որոշ գործոնների ազդեցությունից, բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի:
 
Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք անընդհատ մենք ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է:
 
Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արևից: Հավանականությունը մեծ է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության: Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետևանքների համար ոչ ոք պատասխանատու չէ: Ուռուցքաբանները ամեն օր ընդունում են նման ինքնաբուժության զոհերի: Կարելի է ասել՝ այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են նման ծառայություններ` խալերը հեռացնելու: Բայց այնքան էլ խելամիտ չէ առողջությունը վստահել, ասենք, եռամսյա դասընթացներ անցած կոսմետոլոգին:
 
Անցանկալի խալերից պետք է ազատվել միայն բժշկի օգնությամբ, ով ունի համապատասխան մասնագիտություն ու փորձ: Բայց հաճախ, հատկապես կանայք, ձգտելով մաշկի կատարելության, հեռացնում են բոլոր խալերը` այրելով մաշկի բավական մեծ հատվածներ: Սա հատկապես վերաբերում է քառասունին մոտ կանանց, ովքեր ափսոսանքով են հիշում իրենց երիտասարդ մաշկը, բայց, միևնույն է, արդեն մաշկը բնականաբար չի երիտասարդանալու, դրա համար պետք է ժամանակին կանգնել: Յուրաքանչյուր հեռացված խալից բծեր են մնում, իսկ եթե այրումը որակով չի կատարվել, այդ բծերն ունենում են մուգ շագանակագույն երանգ և համարվում են քիմիական այրման հետևանք: Նման տանջալից պրոցեդուրայից հետո մաշկը միայն մասամբ է վերականգնվում: Երբեմն բոլոր ջանքերն իզուր են լինում, որովհետև հեռացված մեկ գոյացության փոխարեն առաջանում են մի քանիսը: Մեր վերաբերմունքը խալերին ու այլ նորագոյացություններին պետք է լինի 2 ծայրահեղությունների մեջտեղում` պետք չէ անտարբեր լինել անընդհատ մեծացող խալերի հանդեպ, բայց նաև չարժե կուրորեն հետևել մոդային ու ազատվել մաշկի վրա եղած ամենափոքր բծից: Մեր միակ խորհրդականը այս դեպքում պետք է լինի բժիշկը, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:


Ամսագիր "ֆարմացեվտ պրակտիկ"