Գեղարարությունը մեծ դեր ունի կնոջ կյանքում, ցանկացած տարիքում նա զգալի ժամանակ և միջոցներ է հատկացնում դեմքի մաշկի և մազերի խնամքին՝ հաճախ անտեսելով շուրթերը։ Սահմանափակվելով փայլով կամ շրթներկով, երբեմն ուշադրություն չենք դարձնում առաջին հայացքից մանրուք թվացող դրանց չորությանը, մանր ճաքերին կամ թեփուկների առաջացմանը։ Սակայն շուրթերի կոլագենային շերտը չափազանց բարակ է և նուրբ, որի պատճառով մաշկի ծերացման առաջին նշանները հաճախ նկատվում են դրանց մոտակայքում։

Շրթունքների վնասվելու հիմնական պատճառներն են.

- ուլտրամանուշակագույն ճառագայթները, քամին, ցուրտը,

- հոգնած կամ սթրեսային վիճակում դրանց մերթ-մերթ կրծոտելը,

- A, E և B խմբի վիտամինների (հատկապես՝ B2-ի և քոլինի) պակասը օրգանիզմում,

- հերպեսը, որը հայտնի է «մրսածություն» շրթունքների վրա անվանմամբ,

- կախվածությունը ծխախոտից։

Բերանի անկյուններում ճաքերը առաջանում են հիպովիտամինոզի կամ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում։ Այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է ծխողների մոտ, փորձը ցույց է տալիս, որ ծխվող գլանակները պակասեցնելը նպաստում է արագ ապաքինմանը։ Հիվանդության առաջացմանը կարող է նպաստել ֆտոր պարունակող ատամի մածուկը, շրթներկը փոխելը։

Մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ առկա է հերպեսի պարզ տեսակի վիրուսը, որն արտահայտվում է դիմադրողականության անկման, մրսածության, ալկոհոլի չարաշահման, սթրեսի, ստամոքսի խանգարման, գերհոգնածության, դաշտանի և այլ դեպքերում։ Եթե ձեռնարկված միջոցները չեն օգնում 10-15 օրվա ընթացքում, ապա պետք է դիմել բժշկի, հերպեսը կարող է լուրջ հիվանդության հետևանք հանդիսանալ։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքին ձեռք տալ, նույնիսկ դրա չորանալուց հետո, այլապես վիրուսը կփոխանցվի մարմնի այլ մասերին։ Շրթունքների խնամքի վերաբերյալ բազմաթիվ միջոցներ է առաջարկում ժողովրդական բժշկությունը։

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում շրթունքների խնամքի վերաբերյալ առաջարկել է հետևյալ դեղատոմսը. "Ճաքճքված շրթունքները բուժելու համար օգտագործել սպիտակ մեղրամոմի, հավի և սագի յուղերի խառնուրդը"։

Նշենք նաև, որ մեղրի հիման վրա արտադրվում են բազմաթիվ միջոցներ շրթունքների խնամքի համար։ Շրթունքներին քսեք հավասար ծավալային հարաբերությամբ մեղրի և եթերային յուղի, հյութի կամ խյուսի խառնուրդը։ Հարմար է հալվեի հյութը, դեղձի, վաղենակի, բրգաձև եղևնու յուղը, ավոկադոյի, ադամաթուզի, գազարի խյուսը։ Օգտակար և արդյունավետ միջոց է մեղրի և ձկան յուղի խառնուրդը։

Շրթունքների վրայի թեփուկները մաքրելու միջոցներ

- Խառնեք վարսակի ալյուրը և մեղրը, 2-3 րոպե մերսեք շրթունքները, մաքրեք, և անմիջապես քսեք վուշի կամ չիչխանի յուղ։

- Խառնեք քերիչով անցկացրած գազարը, կաթնաշոռը, կաթի սերուցքը։ Քսեք շրթունքներին, պահեք 20 րոպե։ Օգտագործեք շաբաթը 1 անգամից ոչ ավելի։

- Ոչ շատ թունդ թեյի գոլ թրջոցը 15-20 րոպե տևողությամբ դրեք շրթունքներին, որից հետո բամբակե խծուծի օգնությամբ դանդաղ ներմերսեք կտավատի յուղը։

Պաշտպանիչ քսուք

- Խառնեք 30-ական գրամ դեղին մեղրամոմը, արևածաղկի յուղը, 5 գրամ լանոլինը, անընդհատ խառնելով տաքացրեք ջրային բաղնիքի վրա, պահեք ապակե մուգ տարայի մեջ։ Քսուքը պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար (աղեր, թթուներ, փոշի, քամի) ազդեցություններից և բուժում դրանց հետևանքները։ Բուժման ժամկետը՝ 10-20 օր։

- Ջրային բաղնիքի վրա տաքացրեք մեղրամոմ, կակաոյի յուղ, բուսական յուղ (չիչխանի, նշի կամ դեղձի), 2 հաբ վիտամին E։ Քսելուց առաջ կարգավորեք քսուքի խտությունը մեղրամոմի կամ յուղի ավելացմամբ։ Կարող եք ամեն օր քսել։

Շրթունքների ճաքճքվածության դեպքում

- Կտրատեք խնձորը (տանձը կամ ադամաթուզը), եփեք կաթի մեջ։ Խնձորը հանեք, ազատեք միջուկից և քսեք շրթունքներին, պահեք 15-30 րոպե։

- Խառնեք բուսական յուղը և գազարի հյութը, քսեք շուրթերին և պահեք 5 րոպե։

Թարմություն հաղորդող քսուքներ

- Կես թեյի գդալ մեղրի վրա ավելացրեք մի քանի կաթիլ հալվեի հյութ, հալվեի տերևը նախապես մի քանի օր պահեք սառնարանում։

- Հերպեսի սրացման շրջանում հակացուցված է կծուն, թթուն, աղին և քաղցրը։ Հիգիենիկ կամ դեկորատիվ շրթներկի փոխարեն օգտագործեք սնուցող և պաշտպանիչ միջոցներ։

- Բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում հրաժարվեք ծխախոտից, ծուխը ճնշում է լիզոցիմ ֆերմենտի առաջացումը, չի վերականգնվում բերանի լորձաթաղանթը, խախտվում է A վիտամինի փոխանակման ընթացքը։ Այս բոլոր հանգամանքները նպաստում են մանրէների անկաշկանդ տարածմանը։ Տվյալ պարագայում պետք է անել ողողումներ, օգտակար է գրեյպֆրուտի կեղևի եփուկը, թեյի ոգեթուրմը, չիչխանի յուղը։ Այս միջոցները պետք է մի քանի րոպե պահեք բերանի մեջ։

- Չջնջվող շրթներկ օգտագործելու դեպքում այն հանեք կաթով։

Դիմադրողականությունն ամրացնող միջոցներ

- Խառնել 30-ական գրամ կեչու բողբոջները, սրոհունդի, անթառամի և երիցուկի ծաղիկները։ Մեկ դեսերտային գդալ խառնուրդի վրա ավելացնել 200 մլ եռջուր։ 15-20 րոպե թրմել, բաժանել 3 մասի։ Խմել օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը 1 ամիս է։

- Քերիչով անցկացրած բազուկին ավելացնել կիսով չափ ջուր, 5-6 օր պահել սառնարանում։ Վրան ավելացնել մեղր (2 թեյի գդալ՝ 100 գրամին), ևս 3 օր պահել սառնարանում։ Օգտագործել մեկական դեսերտային գդալ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ՝ ավելացնելով 2-3 կտոր կիտրոն։

 

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"