«Ոսկրերի եւ հոդերի շրջանում աղերի կուտակում գոյություն չունի»,- ասում է «Ուիգմոր Քլինիք»-ի վնասվածքաբան-օրթոպեդ Ադի Մհոյանը:

Doctors.am-ի հետ զրույցում Մհոյանը նշեց այն հիմնական իրավիճակները, որոնց դեպքում ժողովուրդը եւ անգամ որոշ բժիշկներ թյուրիմացաբար օգտագործում են «աղերի կուտակում» արտահայտությունը:

Առաջին դեպքում «աղերի կուտակում» արտահայտությունն օգտագործում են՝ նկարագրելու համար պարանոցի ստորին հատվածում գնդաձեւ գոյացությունը, որը հիմնականում հանդիպում է կանանց մոտ՝ յոթերորդ պարանոցային ողի փուշելունի շրջանում, պայմանավորված ավելորդ քաշով: Մինչդեռ դա ոչ թե աղերի կուտակում է, այլ ճարպային: Սա ավելի շատ կոսմետիկ խնդիր է,  ոչ թե հիվանդություն, եւ ավելորդ քաշից ազատվելուց հետո կոսմետիկ ավելի բարվոք տեսք է լինում կամ վերանում է:

Երկրորդ դեպքում հաճախ է հնչում «աղերի կուտակում ամբողջ ողնաշարում կամ ողնաշարի տարբեր հատվածներում» արտահայտությունը, սակայն իրականում դա միջողային տարածության նվազման, կամ ողնաշարի ոսկրային եւ փափուկհյուսվածքային տարիքային փոփոխություններն  են: Հաճախ հանդիպող նման հիվանդություններն են՝ օստեոպորոզը, միջողային սկավառակների ճողվածքները: Իհարկե, կան ողնաշարի բազմաթիվ այլ հիվանդություններ:

Իրականում օրգանիզմում ոչ մի տեղ աղ չի կուտակվում: Եթե ողնաշարում շարժումների սահմանափակում է լինում, ապա լինում է տարբեր հիվանդությունների պատճառով, բայց ոչ աղերի կուտակման:

Միջողային սկավառակների ճողվածքի ժամանակ սովորաբար պացիենտները գանգատվում են ցավերից, հիմնականում՝ գոտկային հատվածում, ինչպես նաեւ ճառագայթող ցավերից դեպի ստորին վերջույթներ, ստորին վերջույթների շրջանում թուլությունից, թրմրածությունից եւ այլն: Բուժումը ոչ միշտ է վիրահատական: Մինչ այդ, ցուցվում են վարժություններ, սպորտ, մարմնի քաշի նվազեցում, դեղահաբեր: Մեր կլինիկայում առկա է նաեւ դեղորայքային բուժում՝ ներարկման տեսքով՝ սակրալ բլոկադա: Վիրահատություն ցուցվում է այն ժամանակ, երբ մյուս տարբերակներն անարդյունավետ են:


Զրուցեց Շուշան Շատիկյանը

Աղբյուրը՝ Doctors.am