2006 թվականից սկսած՝ հոկտեմբերի 29-ն աշխարհում նշվում է որպես Ինսուլտի կանխարգելման միջազգային օր: Այդ առիթով Doctors.am-ը զրուցել է սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի հետ, որը մեր խնդրանքով ներկայացրեց ինսուլտի առաջացման պատճառներն ու դրանք կանխելու եղանակները:

Ովքե՞ր են գտնվում ռիսկային խմբում

Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները, ցավոք, լայն տարածված են եւ շատ վտանգավոր:

Ինսուլտները լինում են երկու տեսակի՝ հեմոռագիկ, երբ անոթի պատռվածքի հետեւանքով արյունը լցվում է գլխուղեղ, եւ իշեմիկ, երբ տեղի է ունենում գլխուղեղը սնող անոթի խցանում:

Ռիսկային խմբում են գտնվում այն մարդիկ, որոնք ունեն բարձր զարկերակային ճնշում, այդ իսկ պատճառով զարկերակային ճնշումը հաճախ անվանում են «գաղտնի մարդասպան»:

Մարդիկ կան, որ ասում են, թե, օրինակ, 180/90 ճնշման ժամանակ իրենց շատ լավ են զգում, դա իրենց համար նորմալ է, բայց այդպիսի բան չկա: 140 mmHg  սիստոլիկ ճնշումից բարձր ճնշումն արդեն ներկայացնում է ռիսկ՝ թիրախ օրգանների համար՝ գլխուղեղ, սիրտ-անոթային համակարգ, երիկամներ: Կարելի է ասել՝ 140/90-ը սահմանային վիճակն է, դրանից ավելի ճնշման պարագայում մեր անոթներն սկսում են ենթարկվել փոփոխությունների:  

Բացի զարկերակային գերճնշում ունեցող մարդկանցից, ռիսկային են համարվում նաեւ ճարպակալում կամ շաքարային դիաբետ ունեցողները, աթերոսկլերոզի բարձր ռիսկով պացիենտները, նաեւ այն պացիենտները, որոնք ունեն գենետիկ ծանրաբեռնված անամնեզ, այսինքն՝ իրենց ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ եղել են ուղեղի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:

Ինչպե՞ս կանխարգելել ինսուլտը

Ամբողջ աշխարհում շատ մեծ դեր ունեն սկրինինգները, որոնք թույլ են տալիս կանխարգելել հիվանդությունները: Ինսուլտից խուսափելու համար պետք է մշտապես վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի ցուցանիշները, եւ դրանց՝ բարձրանալու դեպքում, դիմել բժիշկի:  

Ժամանակակից բժշկությունը հասել է նրան, որ երբ մարդու մոտ տեղի է ունենում ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, շտապ կատարվում է ուղեղի սնող անոթի թրոմբի հեռացում, անոթի լայնացում, այսինքն՝ վերականգնում ենք գլխուղեղի արյունամատակարարումը, գլխուղեղում անոթային դեֆեկտների շտկում, ինչը նպաստում է, որ ինսուլտի հետեւանքով առաջացած խնդիրները շատ ավելի մինիմալ լինեն:

Ժամանակը մեծ դեր ունի

Գոյություն ունի ուղեղի արյան շրջանառության ժամանակավոր խանգարում, որի նախանշաններն են՝ կոորդինացիայի խանգարում, վերջույթներում թուլություն, գլխացավ, գլխապտույտ: Ցանկացած նյարդաբանական գանգատի առկայության դեպքում պետք է շտապ դիմել բժիշկի: Մեր գործում ժամանակը շատ մեծ դեր է կատարում, եւ եթե մենք ժամանակի մեջ տեղավորվենք, թույլ չենք տա, որպեսզի ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումը խորանա եւ պացիենտին բերի ավելի վատ վիճակի, ինչպես նաեւ պացիենտի մոտ կնվազի ուղեղի արյան շրջանառության խանգարում առաջանալու ռիսկը:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը