«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է սեպտեմբերի 14-ին՝ մանկական վիրաբուժության բաց դռների օրվա անցկացման մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 345 678 հեռախոսահամարով։
«Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն ստեղծելով բուժառուների համար տեղում ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և մեզ մոտ ընդունված բուժման առանձնահատկություններին և մեթոդներին», - նշում է մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության ծառայության պատասխանատու Արա Կարապետյանը։
«Այս կոնտեքստում հատուկ կառանձնացնեի անհետաձգելի վիրաբուժությունը. անհետաձգելի դեպքերի ամենամեծ դժվարությունը պլանավորման բացակայությունն է․ առաջին պլանում է թիմի փորձառությունը, հիվանդանոցի հագեցվածությունը և արագ, կոմպետենտ գործելու ունակությունը։ Անհետաձգելի վիրաբուժության մեջ ընդամենը մի քանի րոպեն երեխայի կյանքի համար որոշիչ կարող է լինել», - նշում է Ա.Կարապետյանը։
Բաց դռների օրվան ընդառաջ վիրաբուժական թիմը պատմում է, որ Ուիգմորում լայնորեն կիրառվում է վիրահատությունների լապարասկոպիկ մեթոդը․ կարևոր ձեռքբերում է համարվում քիմիոթերապևտիկ բուժում ստացած երեխաների՝ ուռուցքների հեռացումը, դժվար հասանելի ուռուցքների բիոպսիան՝ մինչև քիմիոթերապիան, որովայնի և կրծքավանդակի տարբեր տեղակայման էխինոկոկային բշտերի հեռացումը լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։
Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառվում են նաև ձվարանի փողի ոլորքի, ձվարանի կիստաների, դեռահաս աղջիկների կոնքի օրգանների տարբեր տեսակի բարորակ և չարորակ գոյացությունների վարման ժամանակ:
«Նախկինում երեխաները վիրահատվում էին մեծ կտրվածքների միջոցով, սակայն մենք Ուիգմորում առաջնորդվում ենք աշխարհում ընդունված մինիմալ ինվազիվ միջամտությունների ստանդարտով», - նշում է Ա․Կարապետյանը։
«Լապարասկոպիայի՝ որովային խոռոչի բոլոր հատվածները բարձր որակի վիզուալիզացիայի և սանացիայի հնարավորությունը, կրճատել է հետվիրահատական բարդությունների առաջացումը․ չկա վիրահատական վերք, չկա պոտենցիալ բորբոքային ընթացք», - բացատրում է Ա.Կարապետյանը։
Լապարասկոպիկ մեթոդով Ուիգմորում լուծվում են նաև լյարդի, լեղուղիների, լեղապարկի հետ կապված հիվանդությունները։
Մասնագետը նշում է, որ թիմի առնաձնահատկություններից է նաև շնչառական համակարգի վիրաբուժական խնդիրների վարումը։ Ախտորոշիչ, ինչպես նաև բուժական նպատակով կատարվում է բրոնխոսկոպիա (ֆիբրոբրոնխոսկոպիա և ռիգիդ՝ կոշտ), թորակոսկոպիկ միջամտություններ, օրինակ՝ բարդացած թոքաբորբերի վարման ժամանակ։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք հաճախ դիմում են երեխաներ՝ շնչուղիներում օտար մարմնի կապակցությամբ․ այս օտար մարմինների հեռացումը նույնպես կատարվում է բրոնխոսկոպի միջոցով։
Հիվանդանոցում շարունակաբար զարգանում է նաև նորածնային վիրաբուժությունը․ Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ նորածնային վերակենդանացման բաժանմունք: Վիրաբուժական թիմը իրականացնում է նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման տարբեր արատների շտկումներ։
Հիվանդանոցում ասում են, որ բաց դռների ձևաչափի ընդունելությունների ձևավորվող ավանդույթի երկարաժամկետ նպատակը հիվանդանոցի թիմի կողմից որդեգրված առաքելության իրականացումն է՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար։
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։