Վիտամին A-ն (ռետինոլ) լայնորեն տարածված է բնության մեջ: Բուսական հյուսվածքներում հանդիպում է նախավիտամին A-ի կարոտին գունակի ձևով, որն օրգանիզմում փոխարկվում է ռետինոլի, իսկ կենդանական հյուսվածքներում գտնվում է պատրաստի վիճակում:
Ռետինոլը մասնակցում է տեսողական գունակների առաջացմանը, ապահովում է օրգանիզմի բնականոն աճումը, աչքերի հարմարումը տարբեր ուժգնության լույսին:
Մարդու, խոտակեր և ամենակեր կենդանիների օրգանիզմներում ռետինոլի քանակը լրացվում է հիմնականում կարոտինոիդների հաշվին: Գիշատիչ կենդանիների և թռչունների օրգանիզմում չի սինթեզվում վիտամին A, և այն ստանում են պատրաստի վիճակում:
Նախավիտամին A (կարոտին) պարունակվում է բույսերում: Առավել հարուստ են կանաչ տերևները (25-50-ական գրամ սպանախը, տաքդեղը, մաղադանոսը կամ 50-ական գրամ ծիրանը, սամիթը, գազարը, թրթնջուկը բավարարում են հասուն մարդու օրական պահանջը):
Վիտամին A առավել շատ պարունակվում է կենդանիների և ձկների լյարդում, ձկան յուղում և այլն: Մթերքների պահածոյացման և խոհարարական մշակման ժամանակ վիտամին A-ն և կարոտինը լավ են պահպանվում:
Ռետինոլը թողարկվում է հաբերի կամ յուղային խտանյութի ձևով:
Վիտամին A-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները
Վիտամին A-ի անբավարարության վաղ ախտանշաններն են մթությանը դանդաղ հարմարումը, հավկուրությունը, լուսավախությունը: Նկատվում են նաև մաշկի գունատություն և չորություն, թեփոտում, պզուկների առաջացում, մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածություն, մազերի չորություն և փայլատություն, ինչպես նաև կոպերի լորձաթաղանթի բորբոքում: