Ելենա Մալայան`բգթՄալայանի անվան ականբուժական  կենտրոնի  Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

 

Մեր  զրուցակիցն է Մալայան ականբուժական տոհմը շարունակող չորրորդ սերնդի ներկայացուցիչ. Ս.Վ. Մալայանի անվան ականբուժական  կենտրոնի  Էքսիմեր-լազերային  վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Ելենա Մալայանը:

-Հարգելի՛ Ելենա Մալայան, խնդրում եմ ներկայացրեք  Ձեր  բաժինը, Ձեր բաժնում  կատարվող  ակնաբուժական  վիրահատությունները:

-Ցանկանում  եմ  նշել, որ այս  կենտրոնում  կատարվում  են  բոլոր տեսակի  աչքի  վիրահատություններ: Որոշակի  խոսեմ  բաժնի  գործունեության մասին: Մեր  բաժնում  կատարում ենք էքսիմեր-լազերային վիրաբուժություն, այսինքն՝ կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ  շտկելու նպատակով  կերատոկոնուսի բուժում:Անձամբ  ես կատարում եմ  նաև կատարակտայիկերատոպլաստիկաների   վիրահատություններ:

-Դուք նշեցիք  լազերային  վիրաբուժության,  կերատոկոնուսի  բուժման   մասին, առավել մանրամասն  կնկարագրե՞ք  գործընթացը:

-Լազերային  վիրաբուժության  մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ  այն  ունի  երեք  տեսակ: Վիրաբուժական բոլոր  տեսակներն  էլ իրականացվում  են  մեր  կենտրոնում: Կերատոկոնուսը զարգացող  հիվանդություն է, որը բնորոշ է հայ և մյուս հին ազգերին: Այն  բավականին  տարածված հիվանդություն է:  Ինչ վերաբերում է կերատոկոնուսի բուժմանը, ապա նշեմ,  որ  այսօր գոյություն ունի  քրոսլինքինգ գործողությունը, որն այդքան վիրահատություն չէ, որքան  ֆիզիոպրոցեդուրա: Այն արդեն 9 տարի է կիրառվում է մեր կենտրոնում, որի միջոցով կանխվում է կերատոկոնուսի զարգացումը, ինչպես նաև  կարող ենք  արդեն  խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: Այս նոր  մեթոդը հնարավորություն է  տալիս  բարձրացնել  եղջրաթաղանթի  մեխանիկական  ամրությունը: Իսկ  հատուկ  մշակված  լազերային  ճառագայթումը   թույլ է  տալիս  դանդաղեցնել,  նաև  դադարեցնել  կերատոկոնուսի  զարգացումը:

-Արդյո՞ք հնարավոր է այս հիվանդությունը կանխել վաղաժամ:

-Կարող եմ ասել, որ քրոսլինքինգի միջոցով հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն այն փուլում, որում հայտնաբերվել է: Քրոսլինքինքինգ  գործողությունը  իրենից  բարդություններ  չի  ներկայացնում: Այն  բավական  անվտանգ  ընթացակարգ է և կիրառվում է միայն  հիվանդության սկզբնական փուլում: Այսօր  արդեն  շատ  հիվանդներ օգտվում են  այս մեթոդից: Տարիների ընթացքում կատարված դիտարկումների  արդյունքները վկայում են այն մասին,որ  կա տեսողության զգալի աճ 85 տոկոսի դեպքում:

-Իսկ ինչպիսի՞ սարքավորումներ են կիրառվում այս բաժնում:

-Բաժինը հագեցած է նորագույն սարքավորումներով թե՛ ախտորոշման (դիագնոստիկա), թե՛ վիրաբուժության տեսակետից: Այսպես, վերջերս ձեռք բերված ֆեմտո լազերային սարքը  հնարավորություն տվեց ապահով և կանխատեսված վիրահատություններ կատարել: Այս  նորագույն  եղանակն ունի  զգալի  տարբերություններ, որոնք  հնարավորություն  են տալիս   միջամտությունն իրականացնել  բավական  բարդ  դեպքերում:  Ֆեմտոլազերը  թույլ է տալիս  վայրկյանների  ընթադցքում  ձևել եղջրենու  գերբարակ  լաթ՝  կառավարվող  հաստությամբ,  տրամագծով, կենտրոնի  տեղակայմամբ  և  հյուսվածքաբանությամբ:  Այս  դեպքում  խոսքը  գնում է  էքսիմեր-լազերի մասին:

-Բժշկուհի´, իսկ լազերային վիրահատությունների տևողությունը սովորաբար որքա՞ն է կազմում:

-Լազերային վիրահատությունները տևում են 10-12 րոպե՝ պայմանավորված վիրահատության տեսակով: Տեսակն էլ հաճախ ընտրում է հենց հիվանդը, նա է որոշում՝ իր համար որ տարբերակն է առավել շահավետ: Իհարկե, կան դեպքեր, երբ բժիշկն է ասում, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարվի:

-Արդյո՞ք շատ են գրանցվում հետվիրահատական բարդություններ:

-Առանձնահատուկ բարդություններ չեն լինում: Եթե լինում էլ են, ապա հիմնականում շտկվող են:Իսկ  շտկումը  իրականացվում է  անվճար: Բարդությունը կայանում է  նրանում,  որ  հնարավոր է աչքը վերադառնա նույն վիճակին: Այդպիսիք, սակայն, եզակի դեպքեր են:

-Իսկ հնարավո՞ր է դա ևս շտկել՝ երկրորդ անգամ դիմելով վիրահատության:

-Այո, երկրորդ անգամ վիրահատելով, հնարավոր է շտկել խնդիրը: Այսինքն՝ թույլատրելի է երկու անգամ վիրահատել նույն հիվանդին: Իսկ մեխանիկական  ներգործության բացակայությունը  ֆեմտո-LASIK-ի  յուրահատկությունն է:  Այսպիսով զգալիորեն նվազում է շտկման  միջամտության անվտանգությունը և քիչ հավանական են դառնում   հետվիրահատական  բարդությունները: