Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույր մարդկանց օր: Օրվա կարևորագույն նպատակը միջազգային հանրության ուշադրության կենտրոնացում է այն մարդկանց վրա, ովքեր հավերժ կորցրել են տեսողությունը և հայտվել են բարդ պայմաններում:

Մարդու մոտ լիարժեք կուրություն է ախտորոշվում այն դեպքում, երբ նա բացարձակ չի արձագանքում լույսին: Հաշմանդամության տարբեր տեսակներից, կուրությունն ամբողջ աշխարհում համարվում է ամենաբարդ խնդիրներից մեկը:

ԱՀԿ վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում շուրջ 39 մլն. մարդ ունի կուրություն, ի դեպ, կուրության հանգեցնող դեպքերի 80%-ի կանխարգելումը հնարավոր էր:

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), Հայաստանում ևս իրականացրել է վիճակագրական ուսումնասիրություն. ըստ այդ գնահատականների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված են կատարակտը (8.4%) և ակնահատակի հիվանդությունները (7.9%): ՀԱՆ-ի տվյալների համաձայն` կույր է ՀՀ բնակչության 0.7%, իսկ թույլ տեսողություն ունի` 4.1%-ը: Այսպիսով, երկրի բնակչության 4.8%-ն ունի տեսողության խաթարում, որը հիմնականում (50.6%-ը) պայմանավորված է կատարակտ հիվանդությամբ: Կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն (գլաուկոմա, կատարակտ, եղջերաթաղանթի հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպաթիա և մակուլյար դեգեներացիա) ունի բնակչության 13.3% և դրանցից ամենատարածվածը կատարակտն է:Միևնույն ժամանակ, երկու աչքում կատարակտ ունեցողների ընդամենը շուրջ 24%-ն է, որ առնվազն մեկ աչքում վիրահատել է կատարակտը` այդպիսով փրկվելով կուրությունից: 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում ակնային հիվանդություններն ավելի տարածված են: Կուրության բերող ակնային հիվանդությունների տարածվածությունը հանրապետության 50 և ավելի բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում 2.8 անգամ ավելի բարձր է, քան, ընդհանուր առմամբ, բնակչության շրջանում և կազմում է 37% (բնակչության` 13.3%-ի դիմաց):

Մինչև 18-րդ դարը աշխարհում չկային կրթական հաստատություններ կույր մարդկանց համար: 1784-ին Փարիզում՝ առանց կառավարության և բարեգործների աջակցության, իր տանը, սեփական միջոցներով, Վալենտին Հայուին կույրերի համար բացեց առաջին դպրոցը:

Աղբյուրը՝ Doctors.am