Պերիօդոնտոլոգը ստոմատոլոգ է նեղ մասնագիտացմամբ, որը զբաղվում է լնդային հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ:

Պերիօդոնտոլոգին կարելի է այցելել ինչպես պրոֆիլակտիկ՝ ստուգելու համար լնդային խնդիր կա, թե ոչ, այնպես էլ այն դեպքերում, երբ կա խնդիր լնդային հյուսվածքի հետ կապված:

* Լնդային խնդիրները կարող են լինել էսթետիկ բնույթի, օրինակ, երբ մեկ կամ մի քանի ատամի արմատներ մերկացած են, բայց այլ բորբոքային հիվանդություն չկա. սա կոչվում է լնդի ռեցեսիա: Այսինքն չկա պարօդոնտիտ, կամ պերիօդոնտիտ, ինչպես ասում են Արևմուտքում: Այդ դեպքում կատարվում է լնդի պլաստիկա և շտկվում է էսթետիկ խնդիրը, այսինքն մերկացած արմատը նորից ծածկվում է լնդային հյուսվածքով: Սա կոչվում է ռեցեսիայի փակում: Մենք ունենք երկար տարիների փորձ լնդի պլաստիկա կատարելու, այդ թվում բարդ և ծանր դեպքերիՆաև ունենք սեփական մեթոդ՝ մշակված շատ բարդ դեպքերի բուժման համար, երբ կա և՛ բորբոքային լնդային հիվանդություն, և՛ լնդի ռեցեսիա, այսինքն մերկացած արմատներ: Այս մեթոդը նկարագրվում է մեր կողմից տպագրված գիտական աշխատանքներում:

Սովորական դեպքերում, երբ չկա բորբոքային լնդային հիվանդություն, և կա մեկ կամ մի քանի ատամի շրջանում ռեցեսիաներ, դրանց բուժումը շատ արդյունավետ է, այսինքն մերկացած արմատը կարելի է ամբողջությամբ կամ որոշ դեպքերում, համարյա ամբողջությամբ ծածկել:

* Պերիօդոնտոլոգին կարելի է դիմել նաև այլ թեթև խնդիրներով, օրինակ՝ կարճ սանձիկների պլաստիկայի համար:

* Պերիօդոնտոլոգը այն մասնագետն է, որը լավագույնս կարող է լուծել փափուկ հյուսվածքների խնդիրները իմպլանտների շուրջ: Իհարկե, ժամանակին դիմելու պարագայում: Կան բազմաթիվ իրավիճակներ, երբ արդեն տեղադրված իմպլանտի շուրջ լինդը սկսում է նահանջել, իմպլանտը թափանցում է բարակ լնդի տակից, կամ սկսում է երևալ, կամ խոզանակելը դժվար է լինում լնդի հյուսվածքի շատ փոքր ծավալի կամ բացակայության պատճառով: Քանի որ պերիօդոնտոլոգը նեղ մասնագիտացած է հենց լնդային հյուսվածքի հետ աշխատելու վրա, հենց պերիօդոնտոլոգը կարող է լավագույնս լուծել վերը նշված խնդիրները իմպլանտների շուրջ:

Ի դեպ, երբ պերիօդոնտոլոգը նաև մասնագիտացում ունի իմպլանտոլոգիայում, իմպլանտ տեղադրելիս առավելագույն ուշադրություն է դարձնում և՛ կարծր, և՛ փափուկ հյուսվածքներին, այսինքն ոսկրին և լնդին: Դա է պատճառը, որ պերիօդոնտոլոգի կողմից տեղադրված իմպլանտները ավելի էսթետիկ են և ծառայում են շատ երկար տարիներ:

* Պերիօդոնտոլոգին, իհարկե, պետք է անհապաղ դիմել բորբոքային հիվանդության դեպքում, երբ նկատվում է լնդային արյունահոսություն, թարախային արտադրություն, ատամների շարժունակություն կամ տեղաշարժ: Նման խնդիրների անտեսումը երկար ժամանակ կարող է պատճառ դառնալ մեկ կամ մի քանի ատամների կորստի, եթե ոսկրի կորուստը անդառնալի մեծ ծավալի լինի:

* * *

Ինչո՞ւ է կարևոր ընտրել մասնագիտացված պերիօդոնտոլոգ

Լնդային բորբոքային հիվանդությունները շատ տարածված են: Բնակչության ճնշող մեծամասնությունը ունի թեթև կամ ավելի արտահայտված լնդի, իսկ հաճախ նաև ստորադիր, ատամները շրջապատող ոսկրի կորուստ, այսինքն՝ պարօդոնտիտ:

Պարօդոնտիտը հաճախ առաջանում է աննկատ, և զարգանում է կամաց-կամաց, այսինքն ունի քրոնիկական ընթացք: Սա է պատճառը, որ մարդիկ սովորաբար չեն նկատում պարօդոնտիտի սկիզբը, ինչը հանգեցնում է նրան, որ պացիենտը դիմում է ստոմատոլոգին խնդիրների ավելի խորացած լինելու դեպքում:

Ինչ վերաբերում է ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգին, ամենօրյա կլինիկական պրակտիկայում նա պարտադիր կերպով չի կատարում լնդագրպանիկների խորության չափում, և առաջին հայացքից առողջ ատամների դեպքում պացիենտը սովորաբար չի ուղղորդվում համակարգչային շերտագրման կամ պանորամիկ ռենտգեն  հետազոտության: Անգամ եթե արվում է պանորամիկ ռենտգեն հետազոտություն, նոր սկսվող փոփոխությունների դեպքում հաճախ ուշադրություն չի դարձվում այդ խնդիրների պատճառների հայտնաբերմանը և բուժմանը: Բայց մենք գիտենք, որ ցանկացած խնդիր, ցանկացած հիվանդություն ավելի արդյունավետ է բուժվում հենց  վաղ, նախնական փուլում:

Սա է պատճառը, որ դիմելով պերիօդոնտոլոգին՝ դուք կարող եք կանխարգելել ձեր լնդային հիվանդության հետագա խորացումը և բուժել հիվանդությունը ավելի վաղ փուլում:

Պարօդոնտիտ՝ լուռ վտանգ, որը կարող է արժենալ ձեր ատամները

Երբ լնդային հիվանդության պատճառով ոսկրային հյուսվածքի կորուստը հասնում է կրիտիկական սահմանի, ատամը երբեմն հնարավոր չի լինում  պահպանել: Իսկ երբեմն էլ հնարավոր է լինում, սակայն պահանջում է մի քանի միջամտություն, երկար ժամանակ, և ֆինանսական մեծ ծախսեր: Իհարկե, վաղ շրջանում այս ամենից կարելի էր խուսափել, ապահովելով արագ, լիարժեք, արդյունավետ բուժում:

* * *

Լնդային հիվանդությունների բուժում.

Ինցի՞ց է կախված բուժման արդյունավետությունը

Բուժման արդյունավետությունը, իհարկե, կախված է նրանից, թե ինչքան է խորացած հիվանդությունը, այսինքն  ավելի վաղ շրջանում դիմելու պարագայում, կարելի է ասել, հիվանդությունը կարելի է ամբողջովին բուժել:

Բացի այդ, բուժման արդյունավետությունը կախված է բժշկի մասնագիտական որակավորումից: Այսինքն, նույն բարդության խնդիրների դեպքում ավելի արդյունավետ կլինի ավելի բարձր որակավորում ունեցող բժշկի աշխատանքը:

Իհարկե, բուժման արդյունավետությունը կարող է կախված լինել զուգորդող հիվանդությունների առկայությունից, դրանց ընթացքից կամ բարդությունից, նաև տարիքից, վատ սովորությունների առկայությունից կամ բացակայությունից:

Բուժման արդյունավետությունը լնդային հիվանդությունների դեպքում  մեծապես կախված է նաև պացիենտի համագործակցության աստիճանից, այսինքն, անհատական հիգիենայի մակարդակից, մասնագիտական հիգիենայի այցելելու հաճախականությունից, վատ սովորույթները, մասնավորապես ծխելը թողնելու պատրաստակամությունից: Այստեղ կարևոր է նաև ընդհանուր առողջական վիճակի վերականգնումը, առողջ ապրելակերպը, նորմալ սնվելը, քունը և այլն:

Գիտական աշխատանքի մասին

 Մեր թիմը, մասնավորապես մեր թիմի ղեկավարը՝ Վ. Լ. Բակալյանը, մշտապես զբաղվել է գիտական գործունեությամբ: Վարդան Բակալյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը դեռևս 2004թ.-ին: Այն նվիրված է եղել ատամների պահպանմանը վնասվածքների դեպքում: Այժմ մենք միաժամանակ մի քանի ուղղությամբ ենք աշխատում: Վ. Լ. Բակալյանը վերջերս արդեն 2 հոդված է  հրապարակել՝ նվիրված ռեցեսիաների բուժմանը միջին և ծանր պարօդոնտալ ախտահարումների դեպքում: Սա բավականին բարդ խնդիր է, քանի որ պարօդոնտիտի ժամանակ ախտահարվում է ոսկրային հյուսվածքը, և միջին ու ծանր պարօդոնտիտի ժամանակ ոսկրային ախտահարումը բավական արտահայտված է: Մենք ոչ միայն բուժում  և պահում ենք այդ ատամները, այլև վերականգնում դրանց էսթետիկ տեսքը: Ի դեպ, այս թեմայով առաջին հոդվածը բավական արձագանք ստացավ, և Վ. Բակալյանը նաև ելույթ ունեցավ Հնդկաստանում, Գոայում, Հնդկաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի հիմնադրման 49-ամյակին նվիրված կոնֆերանսում:

Ապագայում մենք պատրաստվում ենք ուսուցանել այս մեթոդը և՛ Հայաստանում, և՛, անհրաժեշտության դեպքում, նաև արտերկրում:

Իհարկե, մենք ուսումնասիրում ենք ոչ միայն բարդ դեպքերի բուժումը, այլ հետևում ենք բոլոր աշխատանքներին և պարբերաբար կատարում վերլուծություններ:

Ժամանակակից գրականության ուսումնասիրությունը մեր թիմի բոլոր անդամների ազատ ժամանցի մի մասն է կազմում:

Նյութի հեղինակ՝ Վարդան Բակալյան