Արդեն մեկ տարի է, ինչ Երևանում բացվել, և իր ակտիվ գործունեությունն է ծավալում «Աջափնյակ» բժշկական կենտրոնը: Կենտրոնի գործունեության հիմնական սկզբունքն ու առաքելությունն է մատուցել այնպիսի որակյալ բժշկական ծառայութուններ, որոնք հասանելի կլինեն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց:
Բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների, բուժանձնակազմի, գնային քաղաքականության և ապագայի նպատակների մասին խոսել ենք «Աջափնյակ» ԲԿ-ի հիմնադիր տնօրեն Գրիգորի Մանուկյանի հետ:
Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կբնութագրեք «Աջափնյակ» բժշկական կենտրոնը, ինչո՞վ է այն առանձնանում:
Առհասարակ, ամեն մարդ ինքն է ընտրում՝ որ գործոնի վրա առավել ուշադրություն դարձնել. մեկի համար կարևոր է որակը, մյուսի համար՝ գինը, երրորդի համար՝ հարմարավետությունը, չորրորդի համար՝ մեծամասնության կարծիքը և այլն։ Մեր կենտրոնում մենք փորձ ենք արել ստեղծել թվարկվածների ոսկե միջինը, որպեսզի մարդկանց մեծամասնությունը՝ անկախ սոցիալական կարգավիճակից, գոհ մնա մեր մատուցած ծառայություններից։
Կարևոր է նշել, որ բժշկական կենտրոնը կառուցվել է գերմանական ճարտարաշինական իննովացիոն ժամանակակից սկզբունքներով, որի կառուցումը տևել է 7 տարի: Կառուցումն իրականացվել է եվրոպական հիվանդանոցային բարձր չափորոշիչների պահպանմամբ:
Ի՞նչ սկզբունքով է ընտրվել բուժանձնակազմը:
Մասնագետների ընտրության հարցում մենք չենք շտապել և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեզ մոտ միավորված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժաշխատողներ: Կենտրոնում աշխատում են 40-ից ավել բարձրակարգ բժիշկ-մասնագետներ:
Կցանկանամ նշել բուժառուների համար շատ կարևոր հանգամանք ևս: Մեր բուժքույրերը պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների և ավելի են հմտանում։ Խոսքը ոչ միայն աշխատանքի տեխնիկական բնութագրի մասին է, այլ նաև՝ հոգեբանական: Նրանք յուրաքանչյուր պաիցնետի նկատմամբ դրսևորում են անհատական մոտեցում, սրտացավ և հոգատար վերաբերմունք։ Յուրաքանչյուր պացիենտի ընդունման պահից մինչև դուրսգրում, կցվում է մեկ բուժքույր, և մինչև վերջ հենց նա է ուղեկցում հիվանդին, հոգ տանում նրա մասին։
Իսկ ինչպիսի՞ն է կենտրոնի գնային քաղաքականությունը, զեղչեր և ակցիաներ հաճա՞խ են գործում:
Վստահեցնում եմ, որ մեր կենտրոնում իրականացվող բուժման և հետազոտությունների սակագները հաճելիորեն կզարմացնեն պացիենտներին:
Սովորական վճարովի ծառայություններից զատ, մեր բժշկական կենտրոնում տրամադրում ենք նաև ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ՝ պետպատվերի շրջանակներում։ Վստահեցնում ենք, որ պետպատվեր ծառայությունները որակական առումով որևէ կերպ չեն զիջում վճարովի ծառայություններին։ Ի դեպ, պոլիկլինիկային կցագրված պացիենտները սպասարկվում են անվճար։ Աշխատում ենք նաև սոց. փաթեթներով և համագործակցում ենք գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։ Մեզ մոտ բոլոր պացիենտները նույն բարձրակարգ սպասարկումն են ստանում՝ անկախ այն հանգամանքից՝ իրենք են վճարում ծառայության համար, թե պետությունը։ Շատ դեպքերում բժիշկը նույնիսկ տեղյակ չէ, թե այդ պահին գործ ունի ապահովագրված պացիենտի, պետպատվերի, թե՞ վճարովի ծառայությունից օգտվող պացիենտի հետ։ Իրականում դա չպետք է հետաքրքրի բժշկին, որովհետև դրանից իր վարձատրությունը բացարձակ չի փոխվում, և հետևաբար, մատուցած ծառայության որակը ևս չպետք է փոխվի։
Զեղչեր և ակցիաներ
Զեղչեր և ակցիաներ մեզ մոտ հաճախ կարելի է հանդիպել, սովորաբար դրանք բխում են առկա պահանջարկից, ինչպես օրինակ՝ ներկայիս իրավիճակում:
Համավարակի պայմաններում՝ մեզ մոտ թոքերի հետազոտությունը, կորոնավիրուսի թեստը կատարվում են հատուկ գներով, իսկ մեզ մոտ վիրահատվող պացիենտը անվճար թեստավորվում է:
Ներկա պահին մեր կենտրոնը նախաձեռնել է մի յուրահատուկ մոտեցում. մեր պոլիկլինիկական անվճար պացիենտների համար վիրահատական բոլոր տեսակի միջամտությունների համար տրամադրվում է հատուկ՝ 25% զեղչ, որը ներառում է հետազոտությունները, վիրահատությունը, հիվանդասենյակը, երեգանգամյա սնունդը, հիգիենայի պարագաները, հագուստը և այլն։ Դա շատ շահավետ է մեր մայրաքաղաքի բնակչի համար։
Իսկ ապագայի ի՞նչ պլաններ կան, որոնցով կցանկանաք կիսվել:
Համավարակի ավարտից հետո նպատակ ունենք զարկ տալ բժշկական զբոսաշրջությանը և ընդունել պացիենտներ աշխարհի տարբեր երկրներից: Այս պահին արդեն իսկ ունենք պացիենտներ, որոնք հերթագրված են այլ երկրներից, և սահմանները բացվելուն պես կգան վիրահատության։ Աշխարհագրությունը բավականին լայն է. կան պացիենտներ Սկանդինավյան երկրներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Գալիս են ոչ միայն պլաստիկ վիրահատությունների համար, այլ նաև՝ իմպլանտոլոգիայի, վահանաձև գեղձի վիրահատությունների։