Աշխարհում վահանագեղձի քաղցկեղի դեպքերը զգալիորեն աճել են` հատկապես երիտասարդ տարքից մինչև միջին տարիք: Առավել հաճախ չարորակ ուռուցքներ հայտնաբերվում են այն կանաց մոտ, ովքեր հնարավորինս քիչ են օգտագործում յոդ պարունակող մթերքներ ու ապրում են ռադիացիոն ճառագայթման ենթարկվող տարածքներում:

Քաղցկեղի ժամանակ կարող է առաջանալ հետևյալ նշաններից կամ ախտանիշներից որևէ մեկը:

  • գոյացություն, ուռածություն կամ ցավեր պարանոցի շրջանում
  • ձայնային փոփոխություններ, խռպոտություն
  • կլման ակտի խանգարում
  • շնչառության խանգարում կամ մշտական հազ

Վահանագեղձի հանգույցները գեղձի հյուսվածքի աննորմալ աճն է` կլոր օջախների տեսքով: Դրանք հիմնականում լինում են բարորակ:

Հանգույցները շատ տարածված խնդիր է, և այդ տարածվածությունը աճում է՝ տարիքով կանանց մոտ ավելի շատ է հանդիպում, քան տղամարդկանց:

Այդ հանգույցների 5%-ից 15%-ը ներկայանում են որպես չարորակ քաղցկեղ:

Հանգույցները շատ հաճախ պատահաբար են հայտնաբերվում սոնոգրաֆիայով՝ առանց որևէ ախտանշանների կամ գանգատների, առանց ցավի և շոշափելու:

Սոնոգրաֆիական հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել հանգույցների չափերը, կառուցվածքը և ուրվագծերը: Այն թույլ է տալիս նաև տեսնել, թե որ հանգույցներն են ավելի հավանական չարորակ լինելու:

Այժմ քննարկենք սոնոգրաֆիական պատկերի առանձնահատկությունը, որոնք վկայում են հանգույցների ավելի հավանական չարորակ քաղցկեղ լինելու մասին:

  • Էխոգենություն: Հիպոէխոգեն մուգ երանգով հանգույցները ավելի հակված են չարորակ լինելու:
  • Պնդութուն: Պինդ կառուցվածքով հանգույցները ավելի հավանական են չարորակ լինելու:
  • Կիստոզ կառուցվածք: Կիստոզ փոփոխությունները հանգույցների մեջ ավելի շատ խոսում են բարորակ լինելու մասին:
  • Կալցիֆիկացիա: Եթե հանգույցի մեջ առկա է կալցիումի միկրո օջախներ՝ <1մմ, ապա դա խոսում է հանգույցի չարորակ լինելու մասին:
  • Անոթավորում: Հանգույցի կենտրոնական անոթավորումը խոսում է չարորակ լինելու մասին, իսկ ծայրամասային անոթավորումը՝ բարորակ լինելու մասին:
  • Եզրերի հարթությունը: Հանգույցի անհարթ եզրեր ունենալը խոսում է չարորակ լինելու մասին:
  • Պատիճի առկայությունը: Եթե հանգույցի եզրերը պատված են պատյանով, և եթե այդ պատյանը բարակ է, ապա դա վկայում է բարորակ լինելու մասին, իսկ եթե հաստ է՝ չարորակ:
  • Չափսը: Հանգույցի չափը եթե 4սմ-ից ավելի է, այն որոշակի մեծացնում է հավանականությունը չարորակության: Այնուամենայնիվ, հանգույցի չափսը կարող է լինել փոքր՝ ավելի պակաս քան 1սմ և նույնպես լինել չարորակ: Հանգույցների չափերի արագ աճը ավելացնում է հավանականությունը չարորակության: Հետևաբար պետք է պարբերաբար վերահսկենք չափերի փոփոխությունները սոնոգրաֆիայի միջոցով:

Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ բոլոր սոնոգրաֆիական առանձնահատկությունները պետք է միասին նկատի առնել, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմենք հանգույցների մասին:

Շատ կարևոր է նաև գնահատել պարանոցի ավշային լիմֆատիկ հանգույցների վիճակը, դրանց չափսերը և կառուցվածքային փոփոխությունները: Նրանցում մետաստազների առկայությունը խոսում է չարորակ քաղցկեղի տարածման մասին: Տվյալ հիվանդության դրսևորումներից է պարանոցի ավշային հանգույցների մեծացումը:


Հեղինակ՝ բժիշկ-սոնոգրաֆիստ Վրէժ Սարգիս