Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ վիտամին D-ի խրոնիկ ցածր մակարդակը հանգեցնում է կոգնիտիվ ֆունկցիայի նվազեցմանը: Սակայն Էկսետերի համալսարանի բժշկության ամբիոնի աշխատակից Դեյվիդ Լյուելինի ղեկավարությամբ գործող միջդիսցիպլինար խմբի կողմից ստացված արդյունքներն առաջին անգամ է, որ մատնանշում են տարեց մարդկանց գլխուղեղի վրա վիտամին D-ի պակասի արդյունքում այսչափ բացասական ազդեցությունը:
Հեղինակները հետազոտել են 1992-1993 թ.թ. և 1999 թ.թ. սիրտ-անոթային համակարգի վիճակի մասշտաբային հետազոտության մասնակից 65 և ավելի բարձր տարիքի 1 658 ամերիկացիներից ստացված տվյալները: Հետազոտության մեկնարկին ոչ մի մասնակից չի տառապել դեմենցիայով և սիրտ-անոթային որևէ հիվանդությամբ: Վեց տարի անց 171 մասնակցի մոտ ախտորոշվել է դեմենցիա, այդ թվում Ալցհեյմերի 102 դեպք:
Արդյունքում սահմանվել է, որ արյան մեջ վիտամին D-ի պակասը կապված է դեմենցիայի տարբեր տեսակների զարգացման 53 տոկոսի, իսկ չափազանց մեծ պակասը` 125 տոկոսի հետ: Ինչ վերաբերում է Ալցհեյմերի հիվանդությանը, ապա այստեղ դիտվում է նմանատիպ հարաբերակցություն: Վիտամին D-ի միջին պակասը կապված է դեմենցիայի այս տարատեսակի զարգացման ռիսկի մեծացման 69%-ի, իսկ չափազանց մեծ դեֆիցիտը` 122%-ի հետ:
Հետազոտության ընթացքում պարզվել է նաև արյան մեջ վիտամին D-ի շեմի մակարդակը, որից ներքև տեղի է ունենում կոգնիտիվ ֆունկցիայի խանգարման թռիչքաձև աճ: Պարզվել է, որ տվյալ շեմի ցուցանիշն է 50 նանոմոլը մեկ լիտրի հաշվով:
Ինչպես կարևորում է Լյուելինը, այժմ պետք է անցկացնել բազմաթիվ կլինիկական հետազոտություններ, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե արդյոք արևային լոգանքները, վիտամին D-ով հարուստ սննդամթերքը և այդ վիտամինը պարունակող սննդային հավելումները հետաձգում, թե՞ կանխում են ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության առաջացումը: Պետք է նշել, որ նախկինում նման ազդեցություն հայտնաբերվել է В խմբի վիտամինների պակասի դեպքում:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru