Հաճախ ենք լսում, որ թեյը և սուրճը առաջացնում են օրգանիզմի ջրազրկում:  Սա հնչում է ինչ-որ չափով որպես սպառնալիք. բայց արդյո՞ք դրա համար կան իրական ապացույցներ:

Արդյո՞ք խմած սուրճը ստիպում է ավելի հաճախ «վազել» զուգարան:

Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն օր խմում են 1,6  մլրդ. տոննա սուրճ և մոտավորապես՝ երկու անգամ ավելի թեյ:  Որոշ մարդկանց դուր է գալիս այս ըմպելիքների համը, սակայն շատերի համար թերևս գլխավորն այն է, որ կոֆեինը մարդուն ավելի առույգ է դարձնում:
Երբ առողջ ապրելակերպի  հետևորդները կոչ են անում օրական խմել վեցից ութ բաժակ ջուր (ինչը բավականին վիճելի փաստարկ է), ապա նրանք սովորաբար շեշտում են, որ հեղուկի օրական չափաբաժնում չեն դիտարկվում թեյը և սուրճը, քանի որ դրանք իբր թե ջրազրկում են օրգանիզմը: Արդյո՞ք դա այդպես է:

Երեք տղամարդիկ, երկու ձմեռ և կոֆեին

Չնայած թեյը և սուրճը պարունակում են շատ տարբեր նյութեր, այդ թվում՝ նաև վիտամիններ, սակայն հետազոտությունների մեծամասնության առարկան հիմնականում կոֆեինն է: Երբ ասում ենք «մեծամասնություն», պետք է անմիջապես վերապահում անել՝ մեզ հետաքրքրող այս թեմայով գիտական աշխատությունները չափազանց քիչ են:

Առավել շատ մեջբերվող հետազոտություններից մեկն անց է կացվել գրեթե 100 տարի առաջ՝   1928 թ., այն էլ՝ երեք մարդուց բաղկացած ընտրանքով: Երեք տղամարդիկ հանդես են եկել որպես հետազոտության առարկա երկու ձմեռվա ընթացքում: Նրանք երբեմն պետք է խմեին օրական չորս բաժակ սուրճ, երբեմն՝ հիմնականում թեյ, իսկ երբեմն՝ ձեռնպահ էին մնում նշված երկու ըմպելիքները խմելուց կամ նրանց տրվում էր ջուր մաքուր կոֆեինի հավելումով: Այդ ամբողջ ընթացքում պետք էր կանոնավորապես հետևել արտադրվող մեզի քանակին:

Հետազոտության հեղինակները եկան այն եզրակացության, որ եթե տղամարդիկ երկու ամիս ձեռնպահ էին մնում թեյ և սուրճ խմելուց, և հետո սկսում էին խմել ջուր կոֆեինով, ապա մեզի քանակն աճում էր 50%-ով:  Սակայն, երբ նրանք վերադառնում էին սուրճի կանոնավոր օգտագործմանը, ապա դիուրետիկ (միզամուղ) էֆեկտը դադարում էր:

Հայտնի է, որ կոֆեինի շատ մեծ չափաբաժինները մեծացնում են արյան հոսքը դեպի երիկամներ և ճնշում նատրիումի յուրացումը: Այստեղից էլ գալիս է միզամուղ էֆեկտը՝ հավելյալ նատրիումը պետք է հանել օրգանիզմից: Սակայն այդ գործընթացի ճշգրիտ մեխանիզմն առայժմ հանդիսանում է վիճաբանության առարկա:

Ճիշտ է, այն դեպքում երբ խոսքը գնում է կոֆեինի ավելի փոքր չափաբաժինների մասին, ապա միզամուղ էֆեկտը բոլորովին էլ այդքան ակնհայտորեն չի արտահայտվում:  Համաձայն Կոննեկտիկուտի (ԱՄՆ) համալսարանից Լոուրենս Արմսթրոնգի տասնյակ հետազոտությունների՝ կոֆեինը լավագույն դեպքում հանդիսանում է թեթև միզամուղ միջոց: 15 դեպքերից 12-ում հետազոտվողների մեզի քանակը կախված չի եղել նրանից, թե նրանց խմած ջուրը պարունակել է կոֆեին, թե՞ ոչ:

Նույն հաջողությամբ կարելի է խմել եռացրած ջուր

Այդ դեպքում ինչու՞ են շատերը կարծում, որ թեյ կամ սուրճ խմելու դեպքում մարդ ստիպված ավելի հաճախ է գնում զուգարան:

Գիտնականները պետք է կողմնորոշվեն, թե հետազոտվողներին պետք է տալ սուրճ, թե՞ լուծված կոֆեին:
Ինչպես երևում է Արմսթրոնգի դիտարկումից, հետազոտողների մեծ մասը մարդկանց տալիս են մաքուր կոֆեինի ջրային լուծույթ, այլ ոչ՝ թեյ կամ սուրճ, որ մենք սովորաբար խմում ենք տանը: Հնարավո՞ր է, որ այդ ըմպելիքների պարունակած նյութերի համադրությունը ինչ-որ կերպ փոխում են գործի էությունը:

Այն հազվադեպ հետազոտության դեպքում, երբ հետազոտվողները 12 ժամվա ընթացքում ոչինչ չէին խմել, բացի թեյից, չի դիտարկվել օրգանիզմի ջրով հագեցվածության աստիճանի որևէ տարբերություն այդ մարդկանց և այն մարդկանց միջև, որոնք խմել են նույն քանակի սովորական եռացրած ջուր:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա մի հետազոտության ընթացքում իսկապես հայտնաբերվել է մեզի քանակության աճ 41%-ով և՛ նատրիումի, և՛ կալիումի արտադրության աճ: Սակայն այդ հետազոտության մասնակիցները ձեռնպահ էին մնացել կոֆեինից մինչև հետազոտությունը սկսելը, այնպես որ սուրճին սովոր մարդկանց մոտ իրավիճակը կարող է տարբեր լինել:

Մեկ այլ հետազոտությամբ էր չի հայտնաբերվել որևէ տարբերություն թեյ կամ սուրճ օգտագործողների հիդրատացիայի միջև. հետևաբար, այստեղ ևս մենք չենք կարող կատարել միանշանակ եզրահանգումներ:

Եվ ամենավերջին հետազոտությունը

Այս տարվա սկզբին Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Սոֆի Կիլլերի կողմից հրապարակված նոր աշխատությունում ոչ միայն չափվել է արտադրվող մեզի ծավալը, այլև՝ ստուգվել, թե ինչպես է հետազոտվողների երիկամների աշխատանքը ազդում արյան անալիզների վրա, ինչպես նաև հաշվարկվել է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը:

Փորձարկման ընթացքում տղամարդիկ օրական խմել են չորս բաժակ սուրճ, ինչը շատ ավելի շատ է, քան խմում է միջին սուրճ օգտագործողը: Չի ստացվել որևէ տվյալ, որ կհաստատեին հետազոտվողների ջրազրկումը՝ միայն ջուր խմողների համեմատ:

Չնայած այս հետազոտությունը ֆինանսավորվել է սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից, որի անդամներ են սուրճ արտադրող ընկերությունները, սակայն այն տպագրվել է գիտական ամսագրում, իսկ հեղինակները հաստատում են, որ այդ Ինստիտուտը որևէ կերպ չի ազդել տվյալների հավաքագրման և վերլուծության, կամ հետազոտության ձևակերպման վրա:

Այսպիսով, եթե մենք մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո նկատում ենք, որ ունենք զուգարան գնալու կարիք, ապա չարժի դա համեմատել այն իրավիճակի հետ, երբ ընդհանրապես այն չենք խմում: Դա բացատրվում է նրանով, որ, եթե մենք մեկ գավաթ թեյի կամ սուրճի փոխարեն խմենք մեկ բաժակ ջուր, ապա հավանականորեն ազդեցությունը կլինի նույնը: 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ bbc.com