Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում` անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում) սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ` առաջացնելով ակամա կծկումներ, ինչն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ ընդհանրապես անտեղյակությունը:

Վագինիզմի զարգացմանը շատ հաճախ նպաստում է զուգընկերների միջև կոմունիկացիայի բացակայությունը: Այսպիսով` վագինիզմը երբեմն միջանձնային խնդիրների հետևանք է, որն էլ իր հերթին խորացնում է այն:

Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարումների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները:

Հայաստանում վագինիզմը բավականին լայն տարածում ունի, ինչը ամուսնական զույգի համար լուրջ խնդիր է հանդիսանում: Նրանցից մի մասը սեքսուալ ընկալունակ է և կարող է այլընտրանքային տարբերակներով օրգազմ վերապրել, այսինքն` մանուալ կամ օրալ խթանման (գրգռման) միջոցով: Մի մասն էլ չունի սեռական ցանկություն և նրանց մոտ գրեթե բացակայում է գրգռման փուլը:

Պատճառները

1. Վախ սեռական հարաբերությունից:

Վախը սեռական հարաբերությունից շատ դեպքերում պայմանավորված է կնոջ, ինչու չէ, ամուսնական զույգի ապատեղեկատվությամբ: Վագինիզմի ցայտուն պատճառ է, երբ կինը ունի այն խորը համոզմունքը, որ կուսազրկումը (դեֆլորացիան) ուղեկցվում է անտանելի ցավով ու արյունահեղությամբ: Բնականաբար, նշված խեղաթյուրված տեղեկատվությունը որոշ տիպի կանանց մոտ անհաղթահարելի վախի զգացում է առաջացնում: Որոշ հեղինակներ վագինիզմը անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Առնանդամի ներհրման պահին, իրոք, կարող է առաջանալ ցավային զգացողություն` պայմանավորված վերոնշյալ նախապաշարմունքներով: Տվյալ դեպքում ցավային զգացողությունը կապված է էրոտիկ ցածր գրգռվածության հետ, որը լյուբրիկացիայի (հեշտոցի խոնավացման) փսիխոգեն արգելակման հետևանք է: Արդյունքում նման կանանց մոտ ամրապնդվում է այն խոր համոզմունքը, որ առնանդամի ներհրումը ուղեկցվում է անտանելի ցավով, որն էլ ցավի հանդեպ վախի և ջղաձիգ կծկման ձևով հակազդման պատճառ է հանդիսանում:Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ` տագնապ, անհանգստություն, ինչի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, երբեմն նույնիսկ մտքից (վագինիզմի III աստիճան), որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռկան կյանքից ընդհանրապես:

Հաճախ կնոջ վախի հիմքում ընկած է սեռական հարաբերության ժամանակ զուգընկերոջ վարքային առանձնահատկությունները, որն էլ պայմանավորված է զուգընկերոջ սեռական հարաբերության մոտիվացիայից: Այսինքն` վագինիզմը երբեմն տղամարդու ոչ ադեկվատ սեռական վարքի դրսևորման հետևանք է: Կա տղամարդկանց մի խումբ, որոնք սեռական հարաբերությունը ընդունում են, որպես ինքնադրսևորման և ինքնակայացման միջոց, որը նրանց մոտ հաճախ պայմանավորված է անինքնավստահությամբ: Նման ամուսնական զույգի մոտ առաջին սեռական հարաբերության ժամանակ, երբ կինը ելնելով իր նախապաշարմունքից մի փոքր դիմադրում է, զուգընկերը թերարժեքությունից կամ անինքնավստահությունից դրդված ձեռնարկում է ամեն միջոց, կուսազրկումը իրականացնելու համար, երբեմն այն վեր է ածվում բռնության: Այս դեպքում խորանում է կնոջ մոտ վախի զգացումը` անհնարին դարձնելով նույնիսկ սեռական օրգաններին ձեռքով հպվելը: Վախ ոչ միայն սեռական հարաբերությունից այլ վախ հղիությունից, իսկ հեշտոցամուտքի կծկումը դիտվում է որպես հղիությունից պաշտպանվելու անգիտակից միջոց:

2. Սեռական կյանքի անհաջող փորձ:

Այս դեպքում վագինիզմը զարգանում է այն կանանց մոտ, որոնք անցյալում նշում են սեքսուալ տրավմաներ /բռնաբարության կամ սեռական հետապնդումներ/: Նման կանանց մոտ սեռական հարաբերությունը ասոցացվում է բացասական փորձի հետ, որն էլ ուղեկցվում է ակամա կծկումներով:

3. Կանայք, ովքեր ընդգծված բացասական վերաբերմունք ունեն սեռական կյանքին:

Այս խմբին են պատկանում կանայք, որոնց փսիխոսեքսուալ զարգացումը ընթացել է հակասեքսուալ դաստիարակության ներքո: Այս տիպի կանայք տհաճության և վախի զգացում են ապրում նույնիսկ սեփական սեռական օրգանները հայելիով նայելուց և զննելուց: Նրանք մեծանում են մի միջավայրում, որտեղ տիրում է այն խոր համոզմունքը, որ սեռական օրգանները կեղտոտ են և չի կարելի ձեռք տալ: Ինչպես նաև ամոթ է խոսել աղջիկների և տղաների մոտ հասունացման շրջանում ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին /դաշտան, երազախաբություն/, կամ այն բանի մասին, թե ինչպես է ծնվել երեխան, անգամ եթե նա հարցնում է այդ մասին ծնողներից: Արդյունքում կանայք դժվարությամբ են շփվում տղամարդկանց հետ և բացասաբար են վերաբերվում սեռական հարաբերությանը, իսկ վագինիզմը այս դեպքում համարվում է որպես բացասական վերաբերմունքի դրսևորման ձև:

4. Ենթագիտակցորեն զուգընկերոջը մերժման միջոց:

Վագինիզմը դիտվում է որպես եղած միջանձնային հոգեբանական կոնֆլիկտների իմպուլսիվ դինամիկ դրսևորման ձև: Ըստ այս մոտեցման` վագինիզմը համարվում է մարմնական ֆունկցիայի փսիխոգեն խանգարում, որը դիտարկվում է հիստերիկ խանգարումների ժամանակ: Վագինիզմի զարգացմանը նպաստում են չվերբալիզացված կամ արտամղված միջանձնային կոնֆլիկտները:

Հոգեվերլուծաբանական տեսության համաձայն` վագինիզմի միջոցով կինը հրաժարվում է իր կանացի դերից, ընդդիմանում է տղամարդու սեռական առաջնայնությանը, պաշտպանվում է ինցեստային սպառնալիքից:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ