Նկարագրություն

Սեռական ցանկության հիմնական խանգարումները երկուսն են`

1) Ցածր սեռական ցանկություն, բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ,

2) Սեքսուալ ավերսիա, զզվանք և ակտիվ խուսափում սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ:

Գրականության մեջ կարելի է հանդիպել նաև արգելակված կամ ճնշված սեռական ցանկություն (Inhibited Sexual Desire) անվանմանը, որը թերևս որոշակի շփոթություն է առաջացնում: Դրանից խուսափելու համար արգելակված սեռական ցանկություն (ԱՍՑ) նշվում է ցածր սեռական ցանկությունների դեպքում, երբ պատճառը հայտնի է, այսինքն` երբ հստակ պարզաբանված է այն ախտաբանական գործոնը, որն արգելակել է սեռական ցանկությունը: Բոլոր մնացած դեպքերում, երբ ցածր լիբիդոյի պատճառը դեռևս հայտնի չէ, գերադասելի է կիրառել ցածր սեռական ցանկություն (Law Sexual Desire) անվանումը (ՑՍՑ): Պետք է նշել, սակայն, որ այս երկու եզրերի տարբերությունը զուտ պայմանական է, և ըստ էության խոսքը գնում է միևնույն կլինիկական միավորի մասին:

Շփոթություն կարող է առաջացնել նաև Սեռական խուսափում (Sexual Avoidance) անվանումը, որը առաջարկվել է Մաստերսի և Ջոնսոնի կողմից այն վիճակը նկարագրելու համար, երբ անձը խուսափում է ամեն տեսակ սեռական դրսևորումներից, աչքի է ընկնում սեռական ակտիվության ցածր հաճախականությամբ կամ ընդհանրապես չի ապրում սեռական կյանքով: Արգելակված սեռական ցանկությունը, ինչ խոսք, կարող է հանգեցնել խուսափող վարքի ձևավորման, որը կարևոր կլինիկական նշանակություն ունի, քանի որ պահանջում է մշակել բուժական այլ մոտեցում: Սեռական ցանկության արգելակումը, սակայն, մեկն է այն բազում պատճառներից, որոնք կարող են բերել ասեքսուալ վարքի: Անձը կարող է խուսափել սեռական կյանքից անկախ նրանից` ունի նա սեռական ցանկություն, թե ոչ:

Ախտորոշում

Դժվար է լիարժեք ձևակերպել նորմալ սեռական վարքի սահմանումը` ելնելով գիտության ժամանակակից նվաճումների տեսանկյունից: Ի տարբերություն գենիտալ պատասխանների (գրգռման և հեշտանքի փուլեր), որոնք անմիջականորեն ենթակա են ուղղակի գիտական դիտարկման և օբյեկտիվորեն չափելի են, սեռական ցանկության խանգարումները ախտորոշվում են վերլուծության միջոցով և այդ առումով թերևս կրում են սուբյեկտիվ բնույթ: Համեմատական վերլուծության հիմք են հանդիսանում զանազան վիճակագրական հետազոտությունները, կլինիկական դիտարկումները, անձնական փորձառության տարբերությունները:

Արգելակված սեռական ցանկությամբ այցելուները կլինիկայում հայտնվում են սեփական կամ զուգընկերոջ նախաձեռնությամբ, պատահում է, որ երկու զուգընկերներն էլ համատեղ ցանկություն են արտահայտում ուժեղացնելու իրենց փոխադարձ սեռական ցանկությունը:

Բոլոր նշված դեպքերում այցելուների հիմնական գանգատն այն է, որ սեռական ցանկությունը այն չէ, ինչ պետք է լիներ, ինչ կարող էր լինել, ինչպես եղել է անցյալում կամ դրսևորվում է այլ զուգընկերոջ նկատմամբ: Այլ խոսքով ասած, այցելուի դատողությունները սեռական ցանկության ուժգնության վերաբերյալ հիմնվում են համեմատության վրա, երբ համեմատվում են իր և զուգընկերոջ ցանկությունները, անցյալի և ներկայի փորձառությունները, երկու տարբեր զուգընկերների հանդեպ տածած ցանկությունները: Հնարավոր է նաև սուբյեկտիվ զգացողությունից բխող կարծիքի ձևավորումը: Այսպիսով, սեռական ցանկության բարձր կամ ցածր լինելու գնահատականը դրվում է դեդուկտիվ մեթոդով:

Այնուհանդերձ, արգելակված սեռական ցանկություն ախտորոշումը ունի նաև օբյեկտիվ հիմք` սեռական ցանկության նորմայի հետ համեմատությունը: Այս առումով << նորմա >> հասկացության սահմանումը շատ կարևոր է: Այսօր, սեքսուալության գիտական ճանաչողության դեռ անավարտ փուլում, կարելի է տալ միայն մոտավոր պատկերացումներ սեռական ցանկության նորմայի մասին: Որոշակի ընդհանրացումներ, այնուամենայնիվ, որոնք կիրառական նշանակություն են ստացել կլինիկական աշխատանքում, հստակորեն կարելի է պնդել: Այսպես, համարվում է, որ առողջ անհատը ողջ կյանքի ընթացքում, անկախ իր մշակութային ծագումից, ունի սեռական քաղցի զգացում: Ինչպես այլ անհատական գծերը, ինչպիսիք են քաշը, ինտելեկտը և այլն, սեռական հակման ուժգնությունը նույնպես ենթակա է լայն տատանումների, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ երբենմ դժվար է որոշել նորմա-ախտաբանություն սահմանը: Օրինակ, միանգամայն առողջ որոշ անհատների լիբիդոն երբեմն ավելի ցածր է, քան արգելակված սեռական ցանկությունով անհատի սեռական ցանկությունը:

Ինչպես գիտեք, սեռական ցանկության ուժգնությունը կախված է տարիքից, ընդհանուր ֆիզիկական առողջությունից, տրամադրությունից, ինչպես նաև օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական տատանումներից:

Ցածր սեռական ցանկությամբ անձը հետաքրքրված չէ սեռական կյանքով: Նա չի նախաձեռնում սեռական ակտիվություն, տուրք չի տալիս սեռական երևակայությանը, պատկերավոր ասած` <<այլևս չի նկատում հմայիչ աղջիկներին, որոնք անցնում են փողոցով>>: Սեռական ցանկությունը, որն ի հայտ է գալիս սեռապես առողջ անձի մոտ ի պատասխան սեռական օրգանների գրգռման, նրա մոտ լրիվ բացակայում է կամ առաջանում է մեծ դժվարությամբ: Գենիտալ պատասխաններ (գրգռման և հեշտանքի), այն էլ եթե սեռական գրգռում թույլատրվում է, կարող են առաջանալ, բայց իրականում բավականություն չեն պատճառում, հաճույքի զգացողությունը խամրած է և վաղանցիկ, կենտրոնացած միայն սեռական օրգանների շրջանում: Այցելուները նմանեցնում են այս վիճակը ոչ քաղցած ժամանակ հաց ուտելու հետ:

Բոլոր այն իրավիճակները, որոնք նորմայում բարձրացնում են սեռական ցանկությունը, արգելակված սեռական ցանկությամբ այցելուների մոտ ոչ միայն չեն առաջացնում սեռական գրգռվածություն, այլ երբեմն նույնիսկ կարող են պատճառ դառնալ այնպիսի բացասական հույզերի, ինչպիսիք են բարկությունը, վրդովմունքը, զզվանքը, նյարդայնությունը, տագնապը: Այցելուներից մեկը նշում էր. << Երբ նա համբուրում է ինձ, ես ուզում եմ պարզապես կծկվել և շուռ գալ մյուս կողքի >>:

Արգելակված սեռական ցանկության կլինիկական ձևերը

Տարբերում են արգելակված սեռական ցանկության հետևյալ կլինիկական ձևերը`

1. առաջնային և երկրորդային,
2. բացարձակ և իրավիճակային,

Առաջնային ցածր սեռական ցանկությունը հազվադեպ վիճակ է, որին բնութագրական է ասեքսուալ կյանքը: Այցելուն զուրկ է սեռական հետաքրքրությունից, երբևէ չի զբաղվել ձեռնաշարժությամբ: Առաջնային ցածր սեռական ցանկությունը բնութագրական է թույլ սեռական կոնստիտուսիայով անձանց, ինչպես նաև հանդիպում է որոշակի հիվանդությունների, ծանր փսիխոպաթոլոգիաների (շիզոֆրենիա և քրոնիկական դեպրեսիա) ժամանակ: Ասեքսուալ կյանքը բնորոշ է նաև նևրոտիկ կոնֆլիկտի հիման վրալիբիդոն ճնշած անձանց:

Երկրորդային ցածր սեռական ցանկությունը այն խանգարումն է, երբ բնականոն սեռական կյանքից հետո գրանցվում է սեռական հակման կորուստ: Սա ավելի հաճախ է հանդիպում, քան առաջնայինը: Սեռական ցանկության երկրորդային կորուստը կարող է առաջանալ մի շարք ֆիզիկական պատճառներից և հոգեբանական ցնցումներից, օրինակ` ամուսնություն, երեխայի ծնունդ, սիրային մերժում, սիրած մարդու կորուստ կամ դավաճանություն, բարկություն զուգընկերոջ հանդեպ կամ սեռականի հետ կապ չունեցող որևէ տրավմա, ինչպիսին է, օրինակ, աշխատանքի կորուստը կամ ավտովթարը:

Սեռական ցանկության բացարձակ բացակայության դեպքում անձը ընդհանրապես չունի սեռական հետաքրքրություն ոչ մեկի նկատմամբ: Էրոտիկ ցանկությունները, երևակայական պատկերները և մտքերը բոլորովին դադարում են դեր խաղալ այս անձանց կյանքում, կարող են անհետանալ նաև առավոտյան էրեկցիաները: Լիբիդոյի բացարձակ կորուստը սովորաբար զուգակցվում է դեպրեսիվ իրավիճակների հետ, ուղեկցում է սուր սթրեսներին կամ ֆիզիկական պատճառների հակազդեցությունը:

Ամենատարածված կլինիկական տարբերակը իրավիճակային ցածր սեռական ցանկությունն է: Սա սեռական ցանկության փսիխոգեն արգելակման դասական օրինակն է: Բնորոշ է այն, որ անձը սեռական ցանկություն է զգում միայն այն իրավիճակներում, որոնք << ապահով են >>: Հետաքրքիր է այն փաստը, որ հաճախ ամենացանկալի զուգընկերն է << վտանգ >> ներկայացնում, ինչն էլ բերում է սեռական ցանկության արգելակման: Տղամարդը սեռական ցանկություն է ունենում և սեռապես ակտիվ է մարմնավաճառի, օտար կնոջ, կամ այն կնոջ հետ, որն իր հետ հարաբերվում է սադիստորեն կամ ցածր է իր սոցիալական դասով, սակայն այդ նույն տղամարդու սեռական հակումը արգելակվում է իր գրավիչ և խելացի զուգընկերուհու նկատմամբ, ում հետ իրապես կցանկանար լինել ինտիմ հարաբերությունների մեջ:

Նմանապես, իրավիճակային արգելակված սեռական ցանկությանը բնորոշ խումբ են կազմում այն կանայք, որոնք իրենց կուսության տարիների ընթացքում ի վիճակի են եղել ապրելու էրոտիկ զգացողություններ, հաճույք ստանալու պետտինգի ընթացքում, բայց կորցրել են սեռական հետաքրքրությունը սեռական հարաբերության մեջ ընդգրկվելուց, ամուսնությունից, ծննդաբերությունից հետո, իրավիճակներ, որոնք սինվոլիկ կամ անգիտակցական մակարդակով << վտանգ >> են ներկայացնում:

Սեռական ցանկության խանգարումները կլինիկայում ի հայտ են գալիս երեք ձևով` որպես ինքնուրույն խնդիր, այլ սեռական խանգարման մեջ ներընդգրկված կամ բոլորավին այլ խնդրի բովանդակության մեջ (ամուսնական կոնֆլիկտ, դեպրեսիա և այլն):

Տարբերակիչ ախտորոշում

Արգելակված սեռական ցանկության հիմնական նշանը սեռական ակտիվության ցածր հաճախականությունն է, հիպոակտիվությունը: Կլինիկական նկատառումներով սեռական հիպոակտիվությունը առաջին հերթին պետք է տարբերակել սեռական խուսափումից: Վերջինս նույնպես բնութագրվում է սեռական պասիվությամբ, բայց հիմքում ունի ոչ թե սեռական ցանկության ցածր լինելու հանգամանքը, այլ սեռական վախը: Սա կարևոր ախտորոշիչ կետ է, որովհետև եթե սեռական խուսափումը գումարվում է ցանկացած սեռական խանգարմանը (վագինիզմ, արգելակված սեռական ցանկություն), ապա լուրջ խոչընդոտ է առաջ գալիս բուժման ճանապարհին, որին պետք է առաջնահերթ լուծում տրվի:

Տարբերակումը անց է կացվում`

1. հոգեբուժական հիվանդությամբ պայմանավորված ցածր սեռական ցանկության և փսիխոգեն արգելակված սեռական ցանկության միջև,

2. ցանկության ախտաբանական իջեցումների և ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիայի միջև:

3. ցածր սեռական ցանկության և գենիտալ խանգարումների` հեշտանքի և գրգռման խանգարումների միջև:

Դեպրեսիան թերևս ցածր սեռական ցանկություն առաջացնող ամենատարածված հոգեբուժական հիվանդությունն է: Այն դրսևորվում է վեգետատիվ նշանների համախմբով` քնի, սնվելու և լիբիդոյի խանգարումներով: Կարելի է ենթադրել, որ դեպրեսիվ վիճակներում կենսական հույժ կարևոր ֆունկցիաների` սնվելու և սեքսի նյարդային կենտրոնների և նյարդահոսքերի ակտիվությունը իջնում է: Սեռական ախորժակի բացակայությունը կարող է դեպրեսիվ վիճակների վաղ նշաններից մեկը լինել, նույնիսկ կարող է ավելի վաղ ի հայտ գալ, քան տրամադրության նշանակալի անկումը: Բնութագրական է, որ դեպրեսիայի ժամանակ էրեկցիան և հեշտանքը խանգարված չեն ընդհանրապես կամ այն աստիճանի, ինչպես լիբիդոն: Սեքս-թերապիայի բուժական արդյունավետությունը խիստ ցածր է, երբ լիբիդոյի կորուստը երկրորդային է և պատճառաբանված է դեպրեսիայով: Խանգարման հիմքում ընկած դեպրեսիան պետք է բուժվի առաջնահերթ` համապատասխան դեղորայքի և/կամ փսիխոթերապիայի միջոցով: Հաճախ, բայց ոչ միշտ, սեռական ցանկությունը ինքնըստինքյան վերականգնվում է դեպրեսիան բուժելուց հետո:

Ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիան կամ նորմալ ասեքսուալությունը այն վիճակն է, երբ սեռական ցանկությունը իջած է կամ չի առաջանում նորմալ ֆիզիոլոգիական պատճառներով: Այսպիսով, ասեքսուալությունը ոչ միշտ է համարվում խանգարում: Ինչպես արդեն գիտենք, որոշ անձանց ցածր սեռական հակումը պայմանավորված է նրանց թույլ սեռական կոնստիտուցիայով: Այս անձինք անհանգստացած ձեն իրենց ցածր սեռական պահանջով, քանի դեռ արտաքին հանգամանքները ճնշում չեն գործադրել: Այդպիսի ճնշում կարող է ի հայտ գալ, օրինակ, համեմատաբար բարձր սեռական ցանկությամբ զուգընկերոջ պարագայում կամ երբ ձգտում է առաջանում համապատասխանելու հասարակության կողմից թելադրվող բարձր սեռական հավակնություններին:

Տարբերակումը հեշտանքի և գրգռման խանգարումներից: Ցանկության փուլի խանգարումների տարբերակումը գրգռման և հեշտանքի փուլի խանգարումներից կարևոր է նրանով, որ միայն գենիտալ փուլի խանգարումներով այցելուները, որոնց մոտ պահպանված է սեռական ցանկությունը, բուժվում են մի մեթոդով, իսկ այն այցելուները, որոնք ունեն նաև սեռական ցանկության խանգարում` մեկ այլ մեթոդով:

Պատճառագիտություն

Սեռական ցանկությունը կառավարվում է կենսաբանական և փորձառության վրա հիմնված բազմաթիվ գործոններով, ուստի ֆիզիկական և հոգեբանական գործոնների մի ամբողջ շրջանակ կարող է խանգարել նրա նորմալ ընթացքը:
Սեռական ցանկության ֆիզիոլոգիայի պատկերացումը կարող է հիմք հանդիսանալ ցանկության խանգարումները հասկանալու համար: Ինչպես գիտեք, սեռական ցանկությունը հակում է, որը ծառայում է տեսակի պահպանությանը: Այն առաջացնում է ուժեղ էրոտիկ քաղց, որը մղում է վերարտադրմանն ուղղված, տեսակին բնորոշ վարքային ստերեոտիպների ծավալմանը: Այն խթանում է մեզ գտնելու մեր զուգընկերոջը, գրավելու, գայթակղելու, բեղմնավորելու և բեղմնավորվելու:

Լիբիդոն կառավարող նյարդային կենտրոնը նման է այն նյարդային կենտրոններին, որոնք կառավարում են քաղցը, ծարավը և քունը: Ինչպես այս հակումները, լիբիդոն ևս ունի իր սեփական նյարդային կենտրոնների և նյարդահոսքերի յուրատիպ ցանցը: Այս ցանցի ակտիվության արտացոլանքը սեռական ցանկության վերապրումն է: Այդ ակտիվության բացակայության դեպքում է, որ լիբիդոն բացակայում է:

Այլ հակումների նման, սեռական ցանկությունը ևս մշտապես գտնվում է խթանող և արգելակող մեխանիզմների հավասարակշռության ներքո: Երբ գերիշխում են արգելակող կենտրոնները, սեռական ցանկությունը նվազում է: Սեռական ցանկություն առաջանում է, երբ նյարդային հոսքերը գտնվում են խթանող կենտրոնների ազդեցության տակ: Այս կենտրոնները ունեն լայն կապեր ուղեղի մնացած բաժինների հետ, և այս կապերի շնորհիվ է, որ սեռական ցանկությունը տատանվում է արտաքին և ներքին բազում գործոնների ազդեցության տակ:

Սեռական կենտրոնները և սեռական ցանկությունը զգայուն են հորմոնների և հատկապես` տեստոստերոնի նկատմամբ: Առանց համապատասխան հորմոնների դրանք չեն կարող գործել, և լիբիդոն կանհետանա: Նմանապես արտաքին ազդակները, ինչպիսիք են` հոտը, տեսքը, ձայնը և շոշափումը, խորապես ազդում են ցանկության վրա:

Սեռական կենտրոնների կապը ուղեղի այն հատվածների հետ, որոնք պահպանում և մշակում են կուտակված փորձը, խիստ զգայուն են դարձնում սեռական ցանկությունը անցյալի նկատմամբ: Սեռական ցանկությունը կարող է կամովի ճնշված լինել: Սեռական հասունացմանը զուգընթաց մենք սովորում ենք կառավարել սեռական ցանկությունը և արգելակել այն այնպիսի իրավիճակներում, որոնք հղի են բացասական հետևանքներով, իսկ ազատ դրսևորվելու հնարավորություն տալիս, երբ իրավիճակը << ապահով >> է: Փաստորեն, ցանկությունը արդյունքն է կենսաբանական արմատներ ունեցող երևույթի, որի ուղղության ու վերաձևավորման գործում վճռական դեր ունեն թե´ անցյալի իրադարձությունները, թե´ ներկա իրավիճակը:

Կլինիկական տեսանկյունից կարևոր է նաև այն փաստը, որ սեռական կենտրոնները խորապես ենթակա են հույզերի ազդեցությանը: Ինչպես հայտնի է, ինքնապահպանմանը ծառայող հույզերը (վախը և բարկությունը), որոնք անհատին վտանգավոր իրավիճակից փախուստի կամ պայքարի են մղում, արտոնություն ունեն վերարտադրման պահանջի նկատմամբ: Այսպիսով, վախը նորմայում ճնշում է սեռական հակումը, հետևաբար, երբ սեքսուալ բովանդակությամբ իրավիճակը վտանգ է պարունակում իր մեջ, կամ << ձեռնտու չէ >> ինչ-ինչ պատճառներով, սեռական ցանկությունը ինքնըստինքյան նվազում է: Օրինակ, միանգամայն նորմալ է սեռական ցանկության կորուստը, երբ վախ կա, որ ամեն վայրկյան կարող է ներս մտնել երեխան: Կամ, երբ կինը, գտնելով, որ տվյալ տղամարդու հետ կապվածությունը կարող է վատ անդրադառնալ իր կարիերայի վրա, <<անջատվում>> է սեռապես` ի պատասխան ակնկալվող վտանգի:

Հույզերի այս հիերարխիան ունի գոյապահպանական արժեք, քանի որ մղում է մեզ խուսափել կամ պաշտպանվել հավանական վտանգից: Բայց հարմարողական այս մեխանիզմը կարող է այլ հունով գնալ, երբ <<վտանգները>> ճիշտ չեն մեկնաբանվում: Երբեմն անհատը պատասխան է տալիս երևակայական վտանգին, արձագանքում է անհիմն վախերին, որոնք իրականում գոյություն չունեն: Արդյունքում նրա սեռական հակումը արգելակվում է, ճիշտ այնպես, եթե նրա անկողնում իսկական վագր հայտնվեր: Սա է սեռական ցանկության արգելակման մեխանիզմը:
Ցածր սեռական ցանկության պատճառները բաժանվում են երկու մեծ խմբի`

1. օրգանական կամ ֆիզիոլոգիական
2. հոգեբանական:

Ցածր սեռական ցանկության օրգանական պատճառները

Նորմալ սեռական հակումը պահանջում է սեռական կենտրոնների անատոմիական և ֆիզիոլոգիական ամբողջություն: Հետևաբար զարմանալի չէ, որ լիբիդոն հաճախ նվազում է ֆիզիոլոգիական ազդակներին ի պատասխան: Նախքան բուժման ձեռնամուխ լինելը այս գործոնները պետք է ժխտվեն: Ցածր սեռական ցանկության առավել հաճախ պատճառներից են սուր սթրեսային վիճակները, հոգեակտիվ նյութերի գործածությունը, տեստոստերոնի ցածր մակարդակը, որոշակի հիվանդություններ և վիրահատական միջամտություններ:
Ծանր սթրեսին հակազդման և հարմարվողականության խանգարումները, հոգեբանական ծանր այնպիսի ապրումների դեպքում, ինչպիսիք են աշխատանքի կորուստը, սիրեցյալից բաժանումը, ստիպողական թոշակի անցնելը և այլն, հաճախ զուգակցվում են սեռական ցանկության կորստով: Դիտարկումները հավաստում են, որ ճգնաժամը կամ սթրեսը բերում են սեռական օրգանների ֆիզիոլոգիական արգելակման:

Հոգեակտիվ նյութերի գործածությունը խախտում է սեռական կենտրոնների պատշաճ գործունեության համար պատասխանատու նյարդային մեդիատորների` սերոտոնինի և դիպամինի նրբին հավասարակշռությունը: Սեռական ցանկությունը իջեցնում են թմրանյութերը, բարձր դոզայի քնաբերները, ալկոհոլը, որոշ կենտրոնական ազդեցության հակահիպերտենզիվներ, այնպիսիք օրինակ, որ ընդգրկում են ռեզերպին կամ մեթիլ-դոպա:

Քանի որ սեռական կենտրոնների ակտիվությունը կախված է տեստոստերոնից, այս հորմոնի ցածր մակարդակը կամ նրա ֆիզիոլոգիական անհասանելիությունը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը երկու սեռերի մոտ էլ: Այդ պատճառով ցանկացած պայման, հոգեկան վիճակ կամ դեղորայք, որոնք խախտում են անդրոգենների արտադրությունը ամորձիների, ձվարանների կամ մակերիկամների կողմից, կարող են հանգեցնել ցածր սեռական ցանկության:Տեստոստերոնային անբավարարության ամենատարածված պատճառներից են, տարիքը, երկարատև սթրեսը, տեստոստերոն արտադրող գեղձի վիրաբուժական հեռացումը կամ հիվանդությունը, էստրոգեն պարունակող հորմոնալ պրեպարատները, որոնք չեզոքացնում են տեստոստերոնի ազդեցությունը:

Ցանկացած հիվանդություն կամ վիրահատական միջամտություն կարող է խախտել սեռական ցանկության նյարդային կենտրոնների ֆիզիոլոգիան և հանգեսնել լիբիդոյի անկման: Այս վիճակները համեմատաբար հազվադեպ են հանդիպում, բայց որոշ դեպքերում խաղում են էական դեր, և չեն կարող անտեցվել:

Արգելակված սեռական ցանկության հոգեբանական պատճառները

Բոլոր այն դեպքերում, երբ սեռական կենտրոնները հիպոակտիվ են ֆիզիոլոգիական պատճառներով, օրինակ` ցածր սեռական կոնստիտուցիայի, տեստոստերոնային անբավարարության, դեպրեսիայի հետևանքով, սեռական ցանկությունը ցածր է, որովհետև այն չի առաջանում: Ի տարբերություն դրա, արգելակված սեռական ցանկության դեպքում լիբիդոն ցածր է, որովհետև այն ակտիվորեն, թեև ակամա և չգիտակցված, ճնշվում է հոգեբանական կոնֆլիկտի հիման վրա:

Ոմանք ամեն կերպ ընդդիմանում են իրենց սեռական ցանկությանը և ակտիվորեն խուսափում ցանկացած իրավիճակից, որ կարող է հարուցել սեռական ցանկություն: Նրանք չեն կարդում էրոտիկ գրականություն, չեն նայում էրոտիկ ֆիլմեր, երբևէ չեն քննարկում նման թեմաներ և նույնիսկ կարող են անհարմար զգալ, երբ խոսակցությունը կամ կատակը ունի էրոտիկ երանգավորում: Նրանք խուսափում են պոտենցիալ զուգընկերոջ հետ շփվելուց և հեռու մնում նրանից` ֆիզիկական կապից զերծ մնալու համար: Ոմանք էլ այնքան լավ են սովորում կառավարել իրենց սեռական ցանկությունը, որ կարիք չունեն խուսափելու նորմայում սեռական ցանկություն առաջացնող էրոտիկ գրգիռներից: Դիտարկումները ցույց են տալիս, որ հիվանդության անմիջական պատճառը անհատի կողմից իր սեռական ցանկության ակտիվ ճնշումն է, որը չգիտակցված գործընթաց է և կատարվում է նրա կամքից անկախ:

Շատերը հակված են ճնշելու իրենց ցանկությունը` տրվելով արգելակող մտքերի ազդեցությանը կամ թույլ տալով այդ մտքերին ներխուժելու իրենց գիտակցություն այն ժամանակ, երբ իրենք ունեն սեռական մերձեցման հնարավորություն: Նրանք սովորել են իրենց մոտ առաջացնել արգելակող հուզական վիճակներ` կենտրոնացնելով իրենց ուշադրությունը այնպիսի մտքի վրա, վերականգնելով այն հիշողությունը կամ տուրք տալով այն ասոցիացիաներին, որոնք կրում են բացասական արժեքականություն: Տվյալ դեպքում նրանք դառնում են բարկացած, վախեցած կամ մտացիր` այսպիսով շարժման մեջ դնելով բնական արգելակող ֆիզիոլոգիական մեխանիզմները: Սեռական ցանկությունը ճնշվում է, երբ պահը հարմար է և ծառայում է հենց անձի օգտին: Այլ խոսքով ասած` սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև անձը համարում է, որ վտանգի մեջ է, կամ հայտնվել է ճգնաժամային վիճակում:

Անձը սևեռում է իր ուշադրությունը զուգընկերոջ արտաքինի որևէ վանող կողմի վրա` որը ծառայում է որպես յուրատեսակ <<անջատիչ>>: Երբ ցանկության ճնշումը իրավիճակային է, միայն որոշակի իրավիճակներ են առաջ բերում սեռական կոնֆլիկտ և հարկադրում անձին գործի դնել <<անջատման>> մեխանիզմները:
Ի տարբերություն սեռական արգելակում ունեցողների, այն անձը, որի հոգեկանը սեռական կյանքի շուրջ կոնֆլիկտներից ազատ է, վարվում է բոլորովին այլ կերպ, նա չույլ չի տալիս բացասական մտքերին և զգացմունքներին կամ կամ շեղիչ այլ գործոններին գրոհելու իր սեռական հաճույքի դեմ:

Որոշ անձինք սեռական հաճույք ստանալու համար պահանջում են չափազանց նեղ շրջանակի սեռական գրգիռներ: Այդպիսի անձանց կարող են սեռապես գրգռել միայն բացառիկ զուգընկերներ: Դա կարող է վկայել այն մասին, որ տվյալ անձի մոտ առկա է թաքնված սեռական կոնֆլիկտ:

Այլ անձինք ունակ են արձագանքելու զուգընկերների ավելի բազմազան շրջանակի, նրանք պակաս բծախնդիր են, զուգընկերոջ մոտ միշտ գտնում են որևէ դրական կողմ, որը բավարար է նրա հետ հարաբերություններ հաստատելու համար:
Այսպիսով, անհատը սովորաբար չի գիտակցում այն ակտիվ դերը, որ խաղում է հենց ինքը իր արգելակումների մեջ: Այս գործընթացը ըստ երևույթին ընթանում է անգիտակցականում և կամքի ազդեցությանը ենթակա չէ:

Նշված բազում գործոնները, որ ընկած են ցանկության խանգարման պատճառածնության հիմքում, առաջացնում են վախի կամ տագնապի զգացողություն, որի դեմ էլ ուղղված է հոգեբանական պաշտպանական արգելակումը:
Ըստ ուժգնության և խորության աստիճանի տարբերում են`

1. Տագնապի մեղմ աղբյուրներ

Լինում են դեպքեր, երբ ցանկության արգելակումը հետևանք է ավելի մեղմ և հաճախ հեշտությամբ գիտակցվող տագնապի: Դրանցից են`

ա) կատարման տագնապը (performance anxiety),

բ) հաճույքի անլիարժեքության կանխատեսումը,

գ) սեռական կյանքի և հաճույքի նկատմամբ թույլ արտահայտված մնացորդային մեղքի առկայությունը:

Փոխանակ տագնապահարույց անհաջողությանը ընդառաջ գնալու, անձը անգիտակցաբար <<ընտրում է>> ընդհանրապես ոչինչ չզգալու տարբերակը: Կրկնվող տհաճ, չբավարարող սեռական փորձառությունը , հատկապես, երբ զուգընկերը հաճույք է ստանում, կարող է միաժամանակ հետո հանգեցնել ցանկության կորստի: Այդպիսի իրավիճակ ստեղծվում է հատկապես կանանց մոտ, երբ սիրախաղը հապճեպ է, զուգընկերը ուշադիր չէ իր պահանջների նկատմամբ կամ չափից ավելի ուղղորդված է դեպի կնոջ հեշտանքը: Այսպիսի դեպքերում կինը նախատեսում է հուսախաբություն և չի տասնում իրավիճակից դուրս գալու որևէ ելք: Հաճախ նա ստեղծված իրավիճակի պատճառները վերագրում է իրեն և չի փնտրում այդ վիճակը հաղթահարելու ուղիներ: Անգիտակցաբար նա գերադասում է <<հրաժարվել>> ցանկություն զգալուց, քան թե նորից հիասթափվել: Սրան հասնելու համար, յուրաքանչյուր անգամ, երբ սեռական մերձեցման փորձ է արվում, նա հիշողության մեջ թարմացնում է արգելակող հուշեր և մտքեր և ցանկությունն անմիջապես ճնշվում է:

Սեռական ցանկության արգելակման պատճառ կարող է հանդիսանալ մեկ այլ պատճառե ևս` զուգընկերոջ ճնշող վարքը կարող է այնպիսի արգելակող զգացողություններ առաջացնել, որ ցանկությունն անհետանա:

2. Միջին ուժգնության տագնապի աղբյուրներ` չգիտակցված վախ հաջողության կամ ինտիմության նկատմամբ

Տպավորիչ է այն հաճախականությունը, որով հաջողության կամ հաճույքի նկատմամբ չգիտակցված վախը պատճառ է հանդիսանում ցանկության խանգարման: Հատկապես այն խճճված դեպքերում, երբ թվում է, թե զուգընկերը գրեթե կատարյալ է և իրենց գերազանց փոխհարաբերությունները սեռական ներդաշնակության կայացման հուսալի գրավական են, ռոմանտիկ հաջողության չգիտակցված վախը սեռական <<անջատման>> պատճառ է հանդիսանում: Սեռական հաճույքը զուգընկերոջ հետ, որին նա բարձր է գնահատում և սիրում ամենայն անկեղծությամբ, <<չափից դուրս շատ է>> իր համար: Դա հոգեբանորեն <<ապահով>> չէ, և այդ պատճառով նա <<չի ուզում>> սեռական ցանկություն զգալ և արգելակող մտքերով ճնշում է իր սեռական ցանկությունը:

Ինտիմության նկատմամբ վախը նույնպես կարող է արգելակված սեռական ցանկություն առաջացնել: Երբեմն թվում է, թե մեր հասարակությունում մարդիկ ավելի շատ վախենում են ինտիմությունից, քան սեքսից: Ինտիմության ֆոբիայով անձինք վախենում են ոչ թե էրոտիկ հաճույքից, այլ խորը և ինտիմ կապվածությունից: Նրանք կարող են լավ սեքս ունենալ իրենց փոխհարաբերությունների սկզբում, նախքան ինտիմության հասնելը, բայց կորցնում են սեռական ցանկությունը, երբ կապվածությունը զուգընկերոջ հետ հասնում է որոշակի խորության:

3. Ուժգին տագնապի աղբյուրներ

Ցավոք սրտի, սեռական ցանկության արգելակման չգիտակցված արմատները հաճախ գտնվում են խորը և բարդ ներհոգեկան կոնֆլիկտների և միջանձնային փոխհարաբերությունների հիմքում։ Կան տարբեր հիպոթեզներ, որոնք փորձում են բացատրել այս խնդիրը։ Հոգեվերլուծական տեսությունր պնդում է, որ սեռական կյանքը էդիպյան բարդույթով անձի հոգեկանում ակտիվացնում է ամորձատման բարդույթը և դրանով է պայմանավորված՝ այս անձանց ցածր սեռական ցանկությունը։ Այս անձինք հակված են ծնողական արտացոլումներ առաջացնելու, որը ճնշում է նրանց սեքսուալությունը։ Ամուսինը դառնում է «հայրիկըե, որի հետ սեքսր արգելված է։ Կինր դառնում է «մայրիկըե, ով օրենքով պատկանում է հայրիկին։ ԱՍՑ-ն այս դեպքերում պաշտպանություն է ինցեստից։

Կլինիկական դիտարկումները ցույց են տալիս, որ այս դեպքերում որոշ այցելուների սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև նրանք «չեն ուզումե սեռական ցանկություն ունենալ «անապահովե պայմաններում, քանի որ դա հղի է երևակայական մրցակիցների կողմից վնաս կրելու վտանգով։

Նարցիսիզմով տառապող այցելուների հետազոտությունները ցույց են տափս, որ երբ խանգարված է նրանց վաղ հուզական զարգացումը, հասուն տարիքում խանգարվում է սիրահարվելու և սիրո պահպանման ունակությունը։ Հայտնի է, որ դեռևս էդիպյան բարդույթից առաջ երեխան ծնողների հետ փոխհարաբերությունների ընթացքում ձևավորում է «հոգեկան ներառումներե։ Ներառումն այնպիսի պաշտպանություն է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները։ Երեխայի հասունացմանր զուգընթաց «հոգեկան ներառումներըե ներգրավվում են նրա հոգեկանի կառուցվածքում։ Ցանկության խանգարումներր հետևանք են համապատասխան «հոգեկան ներառումներիե ներգրավման խանգարման։

Զայրույթը կամ բարկությանը նույնպես սեռական ցանկության խանգարման լայնորեն տարածված պատճառներից է։ Զայրույթը այն վերջնական միջոցն է, որով բազում խորքային պատճառներ գտնում են իրենց իրականացման ուղին և ճնշում սեռական ցանկությունը։ Տագնապի նման զայրույթը ևս կարող է տատանվել՝ ըստ խորության և ուժգնության։ Եվ այսպես, դատարկ վիճաբանությունը կամ սովորական ջղագրգռությունը, որոնք կարող են «անջատել սեռական զգացմունքները, «ընդամենը սառցալեռան գագաթն են։
Իշխանության համար զույգի մեջ մղվող պայքարը կամ «պայմանագրային հիասթափություններրե կարող են համարվել զայրույթի առաջացման միջին ուժգնության պատճառներ և արգելակել սեռական զգացմունքները։

Զայրույթի ամենալուրջ ակունքները ընկած են ինֆանտիլ արտացոլանքների մեջ։ Տղամարդը բարկանում է, որովհետև իր կին-մայրը լավ չի «կերակրումե իրեն, ավելին՝ առավել հոգատար է ուրիշների՝ եղբոր կամ հոր նկատմամբ, քան՝ իր։ Կինը զայրանում է, որովհետև ամոաին-հայրր անտեսում է իր կարծիքր գործնական որոշումներում, չափազանց խիստ ու թելադրող է կամ սպառնում է իրեն լքելով։ Այսպիսով, անկախ զայրույթի աղբյուրից՝ անհնար է սեռական ցանկություն զգալ «թշնամուե նկատմամբ։ Զայրույթր և սերր ներհակ զգացմունքներ են։ Եթե սիրում ես մեկին՝ զայրույթր վայրկենապես անհետանում է, վիրավորանքը հեշտորեն ներվում և մոռացվում է, ջերմ հարաբերությունների վերսկսման և մտերմության հաստատման պատրաստակամություն է հայտնվում։ Ընդհակառակր, երբ զայրացած ես ինչ-որ մեկի վրա և ուզում ես վնասել նրան, անհնարին է սեռական ցանկություն ունենալ նրա նկատմամբ։ Հոգեկան անջրպետ է առաջանում զույգի միջև, գործի են դրվում անցյալի վատ հիշողություններր։ Զուգընկերները, որոնք գտնվում են իշխանության համար պայքարի մեջ՝ հրաժարվում են ինտիմ հարաբերություններից, չեն ուզում կիսել հաճույքը։ Կասկածամիտ զուգընկերր չի ուզում իրեն խոցելի դարձնել, քանի որ սեռական անկաշկանդությունը, որր տանում է դիմադրության թուլացման և հաճույքի ուժեղացման, ծնում է խոցելիության խորը զգացում։ Ավելի ապահով է արգելափակել սեռական ցանկությունր։

Ցանկության խանգարումների բուժումը

Բուժման խնդիրներն են ձևափոխել այցելուի հակվածությունը ճնշելու իր էրոտիկ գրգիռներր և թույլատրելու այս զգացմունքներին երևան գալու բնականորեն, առանց ջանքերի, ինչպիսին է առողջ, կոնֆլիկտից զերծ անձանց մոտ։ Այցելուն պետք է սովորի չպայքարել գրգռվելու և ցանկանալու իր բնական պահանջի դեմ։
Այս խնդիրները լուծելու համար կիրառվում է փորձարարական հանձնարարությունների և հոգեթերապևտիկ սեանսների համալիր։ Փսիխոսեքսու– ալ թերապիան զուգակցվում է վարքային թերապիայի հետ՝ դրան ցույց տրվող դիմադրության փսիխոթերապևտիկ բացատրությամբ։

ԱՍՑ-ով այցելունեբր դժվար թե բուժվեն, եթե չլուծվի դրա հիմքում ընկած կոնֆլիկտը, միչև անձը չգիտակցի, թե ինչու ինքր սեռական կյանք ունենալ չի ուզում։ Այսպիսով, հուզական կոնֆլիկտների ոաումնասիրությունը, որ նպատակ ունի հոգեկանի ներքին կառուցվածքր հասկանալու, բուժման հիմնական մոտեցումն է։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ