Շաբաթ օրը՝ հունիսի 20-ին ժամը 12.00-ին Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղում (ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան) տեղի կունենա ճանաչողական շրջայց: Նախաձեռնության մանրամասների, ինչպես նաև Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն ճանաչված ԿՀՄԻ ԲԱԿ-Երևանի ձեռքբերումների և աշխատանքային սկզբունքների մասին Doctors.am-ին պատմեց կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանը:
 
Ինչպե՞ս ծագեց շրջայց կազմակերպելու միտքը: Ովքե՞ր են հրավիրվում մասնակցելու այս ճանաչողական այցին: Ո՞րն է դրա առանցքային նպատակը: 
 
Նմանատիպ շրջայցի նախաձեռնության միտքը ծագեց աշխատանքային փորձի արդյունքում, երբ մեզ շատ հաճախ էին դիմում տարբեր մասնագիտացումներով բժիշկներ, ովքեր թերի էին տեղեկացված ախտորոշիչ այս նորագույն մեթոդների՝ համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մասին: Այս նախաձեռնության միջոցով բժիշկները՝ հատկապես երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ ախտորոշիչ  ժամանակակից մեթոդներին, տեխնոլոգիաներին: ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ախտորոշիչ կենտրոնում հյուրընկալ կսպասենք ինչպես մեր երիտասարդ գործընկերներին, այնպես էլ ավագ սերնդի բժիշկներին, նաև բժիշկ-ուսանողներին: Կներկայացվեն ինչպես տեխնիկան կիրառելու հիմնական սկզբունքներն, այնպես էլ՝ դրանց միջոցով ստացվող արդյունքը, որը բժիշկներին, վստահ եմ, հետագայում անհրաժեշտ կլինի հիվանդությունների ախտորոշման և բուժման արդյունավետության հսկողության  գործում:
 
Տեղեկացանք, որ շրջայցին կարող են մասնակցել նաև բժիշկ-ուսանողները:  Ինչպե՞ս կգնահատեք նրանց տեղեկացվածությունն այս ոլորտում: 
 
Մի շարք զարգացած երկրներում բժշկության ուսումնական գործընթացում ներառված է նաև ախտորոշման ՀՏ և ՄՌՏ մեթոդների մասին տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը, որպեսզի ուսանողն իր մասնագիտական ճանապարհի հենց սկզբից կարողանա հստակ տեսնել, գնահատել պատկերը: Մեզ մոտ, ցավոք, այս գործընթացը դեռ մեծ ճանապարհ պետք է անցնի: Մեր նախաձեռնած ճանաչողական այցը, կարծում եմ, բավական գործնական գիտելիքներ կարող է տալ բոլոր ներկաներին, այդ թվում՝ ուսանողներին:
 
Մասնագիտական հատկապես ո՞ր խումբն է շրջայցի առանցքում: Ընդհանուր առմամբ, հատկապես ո՞ր մասնագետ-բժիշկների պրակտիկայում են ՀՏ և ՄՌՏ ախտորոշման մեթոդներն առավել հաճախ կիրառվում:
 
Անկեղծորեն ասեմ, որ ճանաչողական այցը չունի մասնագիտական որևէ սահմանափակում: Մենք սիրով կսպասենք բոլոր պրակտիկ բժիշկներին: Օրինակ՝ ՄՌՏ մեթոդն առավել հաճախ օգտագործվում է փափուկ հյուսվածքները վիզուալիզացնելու նպատակով՝ գլխուղեղ, ողնուղեղ, հոդեր, որովայնի խոռոչ, փոքր կոնքի օրգաններ, իսկ համակարգչային տոմոգրաֆիան՝ առավելապես օդակիր և ոսկրային հյուսվածքների վիզուալիզացման գործառույթ ունի՝ թոքեր, խոռոչներ և այլն: Այսպիսով մասնագիտական գրեթե ամբողջ շրջանակին կարող է հետաքրքիր և օգտակար լինել մեր շրջայցը՝ նյարդաբաններ, թերապևտներ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, դիմածնոտային վիրաբույժներ, վնասվածքաբաններ, նաև պլաստիկ վիրաբույժներ և այլն:
 
Ի՞նչ եք նախատեսում շրջայցի ընթացքում: Ներկաները կկարողանա՞ն տեսնել հետազոտությունների ընթացքը, սարքավորումներն աշխատանքային գործընթացում:
 
Քանի որ մեր կենտրոնն աշխատում է ամեն օր՝ մինչև ուշ երեկո, այցի ընթացքում կլինեն նաև աշխատանքային գործընթացում գտնվող մեր բժիշկները, այսինքն, սա մեր հյուրերի համար լավ առիթ կլինի տեսնել սարքավորումները աշխատանքային պրոցեսում: Կփորձենք ներկայացնել ողջ ընթացքը՝ պացիենտի գալուց մինչև հետազոտության ավարտն ու նրա հեռանալը կենտրոնից: ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան կենտրոնի բժիշկները կներկայացնեն նաև դասագրքային բարդ դեպքեր, կկազմակերպվեն քննարկումներ, հարց ու պատասխան: Ներառված է նաև մշակութային մասնիկ. քանի որ մենք գտնվում ենք «Շենգավիթ» պատմամշակութային հնավայրի հարևանությամբ, կայցելենք նաև թանգարան: 
 
ՄՌՏ և ՀՏ ախտորոշիչ մեթոդների կիրառման փորձը Հայաստանում դեռևս մեծ չէ: Ի՞չն ձեռքբերումներ է ունեցել կենտրոնն այս կարճ ժամանակահատվածում: 
 
Այո, սակայն աշխարհում օրինակ ՄՌՏ-ն կիրառվում է ավելի քան 30 տարի և այս ընթացքում ապրել է լուրջ զարգացումներ, կտրուկ փոփոխություններ: Այսօր արդեն կատարվում է սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն անհնար էր թվում դեռևս տարիներ առաջ: Ուրախությամբ պետք է նշեմ , որ մեր կենտրոնում ևս արվել են նմանատիպ հետազոտության հաջող փորձեր և շուտով պատրաստվում ենք այն ընդգրկել մեր հետազոտությունների ցանկում: Սա բժշկական բարձր որակ, մասնագիտացում, ինչպես նաև տեխնիկական հզոր պահանջներ ունեցող հետազոտություն է, և ուրախ եմ, որ շուտով այն հասանելի կլինի նաև հայ պացիենտին: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել նաև գլխուղեղի ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտությունը, որն արտերկվում հաճախ կիրառվում է հատկապես նեյրովիրաբուժական վիրահատությունների պլանավորման ընթացքում: ՀՏ հետազոտությունների շրջանակում մեծ ձեռքբերում եմ համարում վիրտուալ կոլոնոսկոպիայի ներդրումը: Նախկինում մեր հայրենակիցները որակյալ ՄՌՏ հետազոտությունների համար ստիպված էին լինում մեկնել հարևան երկրներ, ուրախ եմ ասել, որ սրանք այլևս հասանելի են մեր երկրում: Ունենք արդեն 25.000 ՄՌՏ հետազոտության փորձ: Սա, վստահեցնում եմ, որ մեծ ցուցանիշ է նման կարճ ժամանակահատվածի համար: 
 
Մե՞ծ է արդյոք հայաստանյան կլինիկաների և բժիշկների հետ գործընկերային շրջանակը: 
 
Մենք համագործակցում ենք Հայաստանի բոլոր բուժհաստատությունների և այդտեղ աշխատող բժիշկների հետ: Փորձում ենք  կապի մեջ լինել մեր կոլեգաների հետ, մշտապես պատրաստակամ ենք հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվել մեր գործընկերների հետ, ինչի փորձն արդեն վաղուց ունենք:
 
ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ախտորոշիչ կենտրոնը հատկապես աչքի է ընկնում երիտասարդ և բանիմաց մասնագետների թիմով: Որքանո՞վ է կարևոր բուժանձնակազմի գործոնը՝ հաջողությունների հասնելու հարցում: Ո՞րն է ձեր աշխատանքի հիմնական սկզբունքը:
Սա, ըստ իս, աշխատանքի  հաջողության կարևորագույն գրավականն է: Մեր մասնագետները երիտասարդ են, նոր և ժամանակակից մոտեցումների կողմնակից, մշտապես անցնում են վերապատրաստումներ արտասահմանյան լավագույն կենտրոններում՝ այնտեղի փորձը բերելով նաև Հայաստան: Կարևոր է, որ մեր բոլոր բժիշկները փորձում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում այս ոլորտի զարգացման գործում: Իսկ որպես աշխատանքի կարևորագույն սկզբունք կարող եմ նշել այն փաստը, որ մենք պացիենտին տրամադրում ենք առավելագույն ժամանակ. կարևոր է նրան ներկայացնել բոլոր գործողությունները, որ կատարվում են հետազոտության ընթացքում, ծանոթացնել հետազոտության արդյունքներին, պացիենտի համար հասկանալի կերպով ներկայացնել դրանք: Մի խոսքով, ապահովել հնարավոր առավելագույն հարմարավետություն: Նույնիսկ հետազոտության ընթացքում մեր սենյակում հնչում է երաժշտություն, որը, հավատացեք, բժշկական գործողությունն ավելի հաճելի է դարձնում պացիենտի համար: 
 
Վերջերս, «Համազգային վստահության» խորհրդի կողմից ԿՀՄԻ ԲԱԿ-Երևանը արժանացավ «Տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն» մրցանակին, ինչի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում ենք: Ի՞նչ նոր պարտավորություններ դրեց այս կոչումը կենտրոնի «ուսերին»: Ի՞նչ նորամուծությունների սպասենք առաջիկայում: 
 
Շնորհակալ եմ: Մենք բավական մեծ պատասխանատվությամբ ընդունեցինք այդ մրցանակը: Սա, իհարկե, պարտավորեցնում է անպայմանորեն արդարացնել հանրության վստահությունը: Ասեմ, որ առաջիկայում նախատեսում ենք հետազոտությունների ցանկում ներառել մի նոր և հատուկ ՄՌՏ հետազոտություն` էպիլեպսիայի առավել ճշգրիտ ախտորոշման համար: Համագործակցելով նյարդաբանների, էպիլեպտոլոգների հետ, կփորձենք կատարել այս հետազոտությունը, որը բացառիկ է լինելու մեր երկրում: Նախատեսում ենք ներմուծել նաև կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունը, որը ևս, դեռևս հասանելի չէ մեր երկրում՝ տեխնիկական բացի պատճառով: Այն կիրառվում է սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտություններից հետո, երբ հարկավոր է լինում դիֆերենցել կրծքագեղձում առկա գոյացությունը: 
 
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի շրջայցին մասնակցել ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ֆեյսբուքյան էջի միջոցով և շաբաթ օրը՝ հունիսի 20-ին ժամը 12.00-ին լինել ախտորոշիչ կենտրոնում՝ Բագրատունյաց 1 հասցեով:
 
 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
19 Հունիսի, 2015