Հոդվածը ներկայացնում է Արմենիա ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը:

Ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքային ախտահարումները հաճախ ուղեկցվում են մեխանիկական դեղնուկով, որը զգալիորեն բարդացնում է հիվանդների նախավիրահատական նախապատրաստումը և խնդիրներ ստեղծում հետվիրահատական շրջանում /լյարդային անբավարարություն, կոագուլոպաթիա և այլն/: Նման հիվանդները սովորաբար ենթակա են ծավալուն վիրահատության՝ պանկրեատոդուոդենալ մասնահատման: Այստեղ անհրաժեշտ է հարցին կոմպլեքս մոտեցում:

Այս առումով «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայում վերջին տարիներին աշխատանքներ են կատարվել հիվանդների նշված խմբի բուժումը հնարավորինս անվտանգ կազմակերպելու ուղղությամբ, որպեսզի և մեխանիկական դեղնուկի հետ կապված միջամտությունները, և վիրահատությունը, և ինտենսիվ թերապիայի ամբողջ ծավալը հնարավոր լինի իրականացնել մեկ բժշկական կենտրոնի ուժերով: Մեխանիկական դեղնուկով հիվանդների նախավիրահատական նախապատրաստության մեջ կարևոր էտապ էր լեղուղիների դեկոմպրեսիան, որն իրականացվում էր լեղուղիների էնդոսկոպիկ ստենտավորման /էնդոսկոպիստ Կարեն Մանուկյան/, լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորման /վիրաբույժ Հայկ Հովհաննիսյան/ միջոցով: Վիրահատարանում բիպոլար դանակի /LigaSure/ և ուլտրաձայնային դանակի /Harmonic/ կիրառումը զգալիորեն հեշտացնում է վիրահատության ընթացքը և նվազեցնում արյան կորուստը:

Անէսթեզիոլոգիական օժանդակությունը /բաժանմունքի վարիչ Ա.Ս.Ղազարյան/, ինտենսիվ թերապիան /ղեկավար Ա.Ա.Ղազարյան/  նպաստում են հետվիրահատական շրջանի հարթ ընթացքին:

Վերը նշված կոմպլեքս մոտեցման միջոցով «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկան վերջին շրջանում հասել է լավ արդյունքների ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքների՝ մեխանիկական դեղնուկով բարդացած դեպքերում:

2016թ. օգոստոս-2017թ. մարտ ժամանակահատվածում «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայում կատարվել են 5 /հինգ/ պանկրեատոդուոդենալ մասնահատումներ ենթաստամոքսային գեղձի գլխկի, ֆատերյան պտկիկի, 12-մատնյա աղու ուռուցքային ախտահարումների կապակցությամբ: Չորս դեպքերում  կարիք է եղել կատարել լեղուղիների դեկոմպրեսիա դրենավորման միջոցով, որից հետո՝ ռադիկալ վիրահատություն: Բոլոր դեպքերում դիտվել է հարթ հետվիրահատական շրջան:

Այս ուղղությամբ կլինիկայի աշխատանքները շարունակվում են, վերը նշված բոլոր միջամտությունները մեկ բազմապրոֆիլ հիվանդանոցում կազմակերպելը և տարբեր մասնագետների թիմի համակարգված աշխատանքը մեր հաջողության հիմնական գրավականն է:


Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
29 մարտի, 2017