Բերանի խոռոչի քաղցկեղի վիրահատական բուժում. մանրամասները Doctors.am-ի հետ զրույցում ներկայացնում է վիրաբույժ-ուռուցքաբան, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Գրիգորի Բադալյանը:

Որո՞նք են բերանի խոռոչի քաղցկեղի առաջացմանը նպաստող հիմնական գործոնները կենսակերպում:

Խիստ կարևոր եմ համարում խոսել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման, չարաշահման մասին: Սոցիալական պայմանները, սնունդը ևս մեծ դեր կարող են ունենալ այս հարցում: Կյանքի  որակը և կենսակերպը պետք է դիտարկել որպես քաղցկեղի այս տեսակի զարգացման հիմնական գործոններ:

Սա մե՞ծ տարածում ունեցող խնդիր է մեր երկրում:

Ցավոք, այո: Հայաստանում սա կարող ենք համարել տարածված խնդիր: Սակայն միշտ չէ, որ բերանի խոռոչի քաղցկեղը ենթակա է լինում վիրաբուժական բուժման:

Ի՞նչ նախնական ախտանիշներով է դրսևորվում բերանի խոռոչի քաղցկեղը:

Օրինակ բերանի խոռոչում երկար ժամանակ չլավացող վերքերը, խոցերը կարող են վկայել քաղցկեղի մասին: Այս դեպքում խորհուրդ եմ տալիս անպայման դիմել մասնագետի՝ ցանկալի է՝ անմիջապես ուռուցքաբանի:

Վերջերս, «Արամյանց» ԲԿ-ում իրականացրեցիք բերանի խոռոչի քաղցկեղի վիրահատական բուժում: Սա նմանատիպ վիրահատության Ձեր առաջի՞ն փորձն էր:

Երևանում՝ այո, սա նման առաջին վիրահատությունն էր:

Հիվանդի մոտ առկա էր բերանի խոռոչի հատակի առաջային հատվածի տարածված քաղցկեղ, որն ախտահարել էր նաև լեզուն և ստորին ծնոտը, կային մետաստազներ պարանոցային ավշային հանգույցներում: Կատարվեց ամբողջ ուռուցքի հեռացում՝ ծնոտի մի հատվածի հետ միասին, պարանոցի ավշահանգույցների ամբողջական հեռացում:

Նշված վիրահատությունը ժամանակային մեծ ծավալ ուներ, այն տևեց շուրջ 12 ժամ: Վիճակը, ցավոք, բարդացած էր, ուռուցքը՝ տարածված:

Բերանի խոռոչի քաղցկեղի վիրահատական միջամտությունն ի՞նչ մասնագետների խմբի կողմից է իրականացվում: Բացի ուռուցքաբանից, ո՞ր մասնագետի ներկայությունն է անհրաժեշտ:

Ասեմ, որ պարտադիր է ուռուցքաբանի և դիմածնոտային վիրաբույժի ներկայությունը: Սա համատեղ վիրահատություն է: Սակայն, պետք է նշեմ, որ ռեկոնստրուկտիվ փուլի ժամանակ որոշ դեպքերում կարիք է լինում միկրովիրաբույժի ներկայությունը: Այս վիրահատության դեպքում դեֆեկտի վերականգնումը կատարեցինք մենք, քանզի ժամանակակից պրոֆեսիոնալ վիրաբույժ-ուռուցքաբանը պարտավոր է տիրապետել նաև ռեկոնստրուկտիվ գործողություններին:

Խիստ կարևորում եմ նաև բարձր որակավորում ունեցող անեսթեզիոլոգի ներկայությունը:

Ուրախությամբ կարող եմ ասել, որ բարձրակարգ մասնագետների պակաս մենք չենք ունենում:

Ստացվում է, որ մեկ վիրահատությամբ իրականացվում է և՛ ուռուցքի հեռացումը, և՛ դեֆեկտի վերականգնումը:

Այո, իհարկե:

Իսկ ինչպե՞ս է սովորաբար վերացվում այդ դեֆեկտը: Ի՞նչ մեթոդներով եք կատարում դրա վերականգնումը:

Այս վիրահատության օրինակով կարող եմ ասել, որ ստորին ծնոտի ամբողջականությունը վերականգնվեց մետաղական կոնստրուկցիայի օգնությամբ, իսկ փափուկ հյուսվածքների առաջացած դեֆեկտը վերականգնվեց մեծ կրծքամկանի մաշկամկանային լաթով:

Այսինքն, այս դեպքում սեփական մարմինը հանդիսացավ նաև ռեսուրս՝ դեֆեկտի վերականգնման համար:

Այո, այս դեպքում պացիենտի մարմինը դիտարկվում է որպես ռեկսոնստրուկտիվ «մատերիալ»: Դժվար էր ռեկոնստրուկցիայի ընթացքը, քանի որ կարծում էինք, որ կրծքամկանի լաթը գուցե չբավականացնի, սակայն նախնական չափումներ կատարելն ամեն բան կարգավորեց:

Այսինքն, ստացվեց, որ հիվանդը մեկ փուլով ստացավ ինչպես ուռուցքի ամբողջական հեռացում, այնպես էլ դեֆեկտի վերականգնում:

Ինչպե՞ս է կազմակերպվում հետվիրահատական ընթացքը:

Հիվանդը վիրահատության հաջորդ օրն իսկ տեղափոխվում է պալատ, երկրորդ օրը կարող է ցուցաբերել ակտիվություն, սնունդ ընդունել՝ խնամող մարդու օգնությամբ: Նման հիվանդները կարող են քայլել արդեն իսկ երկրորդ-երրորդ օրը:

Կարծում ենք, այս դեպքում կարևորագույն խնդիրներից է նաև հետագայում խոսքի, սննդի ընդունման գործառույթի վերականգնումը: Նման վիրահատություն անցած հիվանդը երբևէ կարո՞ղ է նորմալ, ամբողջական խոսք ունենալ:

Կոնկրետ այս վիրահատության ընթացքում հեռացվեց լեզվի կեսը:Այս փաստը շատերին զարմացնում է, մարդիկ անհնար են համարում այս պարագայում խոսքի վերականգնումը: Սակայն նշեմ, որ լեզվի դեֆեկտը վերականգնվեց ռեկոնստրուկտիվ լաթի միջոցով:

Պետք է ասել, որ հետվիրահատական և վերականգնողական շրջանն ընթացել է հարթ, հիվանդն իրեն լավ է զգում, վերականգնվել է կլման ակտը և մասամբ խոսքի ֆունկցիան: Վիրահատությունից 7 օր անց հիվանդը սկսում է պարապել լոգոպեդի հետ՝ խոսքի գործառույթն առավել արագ վերականգնելու համար:

Խոսքը կարող է վերականգնվել վիրահատությունից 1-2 ամիս անց, սակայն լիարժեք չի կարողանա արտասանել որոշ բաղաձայներ: Նման հիվանդների ամբողջական վերականգնումը տևում է 14-21 օր:

Ո՞ր տարիքային խումբն է ռիսկային համարվում՝ բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման համար:

Այս հիվանդությունը բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Ցավոք, որքան մարդու տարիքը բարձր է՝ այնքան բարձր է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կանանց մոտ այս հիվանդությունը ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն բնորոշ է ավելի արագ զարգացում և ցածր ապրելիություն:

Գոյություն ունե՞ն  արդյոք բուժման այլ մեթոդներ նման հիվանդների համար:

Ասեմ, որ եթե հիվանդի ներկա վիճակը թույլ է տալիս դիմել վիրահատական միջամտության, ապա պետք է անհապաղ կազմակերպել վիրահատությունը: Սակայն, իհարկե, սա համալիր մոտեցում պահանջող հարց է, և բուժման գործընթացում ներառում ենք ինչպես վիրահատական միջամտությունը, այնպես էլ ճառագայթային բուժումը և քիմիոթերապիան:

Ե՞րբ կարելի է պացիենտին համարել ամբողջապես ապաքինված:

Ցավոք, ուռուցքաբանության «օրենքն» է, որ ինչքան տարածված է ուռուցքը՝ այնքան ավելի մեծ է նրա՝ հետագայում կրկնվելու հավանականությունը: Սրա դեմ բժշկությունն առայժմ անզոր է պայքարել: Սակայն նման համալիր բուժումը մաքսիմալ նվազեցնում է այս հավանականությունը, և եթե վիրահատությունից հետո 5 տարվա ընթացքում չի նկատվում հիվանդության կրկնություն՝ մարդը տեսականորեն կարող է համարվել առողջ:

Նրանք հետագայում՝ ամբողջ կյանքի ընթացքում պետք է զերծ մնան վատ սովորություններից՝ ծխել, ալկոհոլ օգտագործել, պահպանեն սննդակարգի որոշ կանոններ: Այս կերպ նվազագույնի է հասցվում հիվանդության կրկվելու հավանականությունը:

Բերանի խոռոչի ուռուցքի կասկածով մարդիկ կարո՞ղ են Ձեզ դիմել՝ խորհրդատվության համար:

Այո, իհարկե: Սա իմ նեղ մասնագիտացումն է: Եվ կարևոր է դիմել հիվանդության առավել վաղ շրջանում: Կարող են դիմել ինձ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, կապ հաստատել 094 13 11 33 հեռախոսահամարով, գրել Doctors.am կայքի կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
09 Հուլիսի, 2015