Ներակնային ոսպնյակները վաղուց արդեն արդյունավետորեն կիրառվում են կատարակտի բուժման նպատակով, սակայն ակնաբուժությունն աշխարհում նոր զարգացումներ է ապրում, և ներակնային ոսպնյակներն այսօր արդեն կիրառվում են նաև տեսողական այլ խնդիրներ լուծելու նպատակով: Ներակնային ոսպնյակների կիրառման նոր մեթոդների, դրանց ժամանակակից տեսակների մասին խոսել ենք «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ Մկրտիչ Մարուքյանի հետ:

Առհասարակ ի՞նչ է իրենից ներկայացնում ներակնային ոսպնյակը և ի՞նչ նպատակներով է այն կիրառվում:

Ներակնային ոսպնյակները արհեստական ոսպնյակներ են՝ կազմված տարբեր նյութերից (որոնցով պայմանավորված լինում են կոշտ կամ փափուկ), որոնք իմպլանտացվում են աչքի մեջ բնական ոսպնյակի փոխարեն կամ նրա առկայությամբ (այսինքն միշտ չէ, որ ներակնային արհեստական ոսպնյակները իմպլանտացվում են բնական ոսպնյակի հեռացվելուց հետո): Ներակնային ոսպնյակները հիմնականում իմպլանտացվում են, երբ կատարակտի բուժման նպատակով հեռացվում է բնական ոսպնյակը:

Իսկ կատարակտի բուժումից բացի ո՞ր այլ դեպքերում են կիրառվում ներակնային արհեստական ոսպնյակները:

Ներակնային ոսպնյակները կիրառվում են նաև ռեֆրակցիոն նպատակով, այսինքն՝ կիրառվում են ամետրոպիաները (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ) շտկելու նպատակով: Օրինակ՝ եթե պացիենտի մոտ առկա է շատ բարձր կարճատեսություն (կամ հեռատեսություն, աստիգմատիզմ), սակայն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ շտկել ակնոցի, կոնտակտային ոսպնյակի կամ լազերային կորեկցիայի միջոցով, այդ դեպքում հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել ներակնային ոսպնյակի իմպլանտացիայի միջոցով:

Ռեֆրակցիոն նպատակով ներակնային  ոսպնյակի իմպլանտացիան դարձյա՞լ կատարվում է բնական ոսպնյակը հեռացնելուց հետո:

Ռեֆրակցիոն նպատակով ներակնային ոսպնյակների իմպլանտացիան կատարվում է ինչպես բնական ոսպնյակի հեռացնելուց հետո (նրա փոխարեն), այնպես էլ՝ պահպանելով բնական ոսպնյակը: Երկրորդ դեպքում ներակնային ոսպնյակները կոչվում են ֆակիկ ոսպնյակներ: Կախված տարբեր հանգամանքներից (պացիենտի տարիք,ամետրոպիայի չափ և այլն)՝ ընտրվում է  այս կամ այն տարբերակը:

Ի՞սկ որոնք են տրիֆոկալ ներակնային ոսպնյակները:

Տրիֆոկալ ներակնային ոսպնյակները (նախկին սերունդը կոչվել է մուլտիֆոկալ), ի տարբերություն մոնոֆոկալ ներակնային ոսպնակների, հնարավորություն են տալիս պացիենտին տեսնել ինչպես հեռու, այնպես էլ միջին և մոտ տարածություններն առանց ակնոցի:

Իսկ տրիֆոկալ ներկանային ոսպնյակներն իմպլանտացնելուց առաջ անհրաժե՞շտ է հեռացնել բնական ոսպնյակը:

Կան տրիֆոկալ ներակնային ոսպնյակներ, որոնք իմպլանտացվում են բնական ոսպնյակի փոխարեն, և կան նաև տրիֆոկալ ոսպնյակներ, որոնք իմպլանտացվում են որպես լրացնող ոսպնյակներ, արդեն իսկ արհեստական ոսպնյակ պարունակող (այսինքն՝ արդեն նախապես վիրահատված) աչքում: Օրինակ, եթե պացինետին իմպլանտացվել է մոնոֆոկալ ներակնային ոսպնյակ, և նա առանց ակնոցի հստակ տեսնում է հեռուն կամ մոտ տարածությունը, ապա իմպլանտացնելով տրիֆոկալ լրացնող ներակնային ոսպնյակը, պացիենտին հնարավորություն է տրվում առանց ակնոցի տեսնել և՛ հեռուն, և՛ միջին, և՛ մոտ տարածությունները:


Հարկ է նշել, որ  ներակնային ոսպնյակի տեսակն ընտրելուց առաջ, պետք է հաշվի առնել ոչ միայն կատարակտը և ամետրոպիան, այլ նաև ՝ ակնաբուժական այլ հիվանդությունների առկայությունը: Հակառակ դեպքում՝ ռեֆրակցոն նպատակով կատարված վիրահատությունը կարող է լինել ոչ այնքան արդյունավետ:


Վերը նշված բոլոր վիրահատությունները  իրականացվում են «Նոր Հայացք» ակնաբուժական կլինիկայում:
 


Պատրաստեց Արմինե Սարգսյանը