Եթե կյանքի երկրորդ տարում էլ երեխային կերակրեք միայն տրորած ուտելիքներով, ապա ձեզ համար դժվար կլինի իրականացնել այդ փոփոխությունը: Շատերը կարծում են, թե երեխան ի վիճակի չէ ծամել ուտելիքը, որովհետև չի հանել բավականաչափ ատամներ: Այդպես չէ: Իրականում նա կարող է լնդերի ու լեզվի օգնությամբ լավ ծամել եփած բանջարեղենի, մրգերի պատառներ կամ թխվածքաբլիթ:

Երբեմն պատահում է, որ երեխան խեղդվում է ուտելիքի պատառներից, որովհետև այդպես է կառուցված նրա կոկորդը: Սակայն ավելի հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ կամ խյուսից պատառներին անցնելը կատարվում է միանգամից և շատ ուշացած, կամ մայրը ստիպել է ուտել, երբ նա չի ցանկացել:

Տրորած ուտելիքից պատառներին անցնելիս անհրաժեշտ է հիշել երկու կարևոր հանգամանք: Ամենից առաջ այդ փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար: Նախ պատառաքաղով խնամքով մանրացրեք ուտելիքը շատ շատ փոքր բաժիններով դրեք երեխայի բերանը: Ուտելիքի նոր խտությանը երեխայի ընտելանալուն զուգընթաց` պատառներն ավելի ու ավելի խոշորացրեք: Երեխային պատառներով ուտելուն ընտելացնելու հաջորդ միջոցը հետևյալն է. Թող նա ինքը ձեռքով վերցնի ուտելիքը, օրինակ, գազարի փոքրիկ կտորը, ու դնի բերանը: Եթե փորձեք նրա բերանը մտցնել մի լիքը գդալ, դրանից կարող է զզվանք առաջանալ ուտելիքի այդ խտության նկատմամբ:

Պարտադիր չէ ամբողջ ուտելիքը տալ պատառներով: Որպեսզի երեխան ընտելանա այդ նորությանը,  բավական է միայն ուտելիքի մի մասը ամեն օր տալ պատառներով: Առաջվա նման միսը խնամքով աղացեք, որովհետև երեխայի համար դժվար է ծամել մի ամբողջական կտոր: Հաճախ երեխաները երկար ծամում են մսի նույն կտորը և ոչինչ չի ստացվում: Բայց նրանք վախենում են կուլ տալ լավ չծամած միսը: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ երեխան կամ կխեղդվի այդ կտորից, կամ էլ միսն այլևս դուր չի գա նրան:


babycare.am