Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում: Նման իրավիճակներում դիտվող բարդությունների և անբարենպաստ ելքերի պատճառը հաճախ հանդիսանում է մարդկային գործոնը, այսինքն՝ բժշկի անբավարար փորձառությունը: Սակայն միշտ չէ, որ սեփական աշխատանքային փորձը կարող է լինել բավարար՝ նման իրավիճակներում գործելու համար:
Ճիշտ գործելակերպը պահանջում է համակարգված տեսական և գործնական կոնկրետ գիտելիքների իմացություն, որոնք բժիշկը պետք է ձեռք բերի դեռևս ուսումնառության ընթացքում՝ նախքան ինքնուրույն աշխատանքի անցնելը: Ուստի՝ ինտենսիվ թերապիայի հիմունքների իմացությունը և նպատակաուղղված անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու կարողությունը պարտադիր են ցանկացած մասնագիտության բժշկի համար, քանի որ առօրյա աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուր բժիշկից կարող է պահանջվել ցուցաբերել անհետաձգելի միջոցառումներ:
Կրիտիկական վիճակներում ելք գտնելու և կարճ ժամանակահատվածում անմիջապես ճիշտ որոշում կայացնելու կարողությունը պետք է լինի ոչ թե տարիների ընթացքում սեփական փորձի կուտակման արդյունք, այլ՝ ուսումնառության գործընթացի հիմնական նպատակն ու պահանջը: Հետևաբար, ուսանողին պետք է սովորեցնել առաջին հայացքից թռուցիկ թվացող զննման արդյունքում արագ գնահատել հիվանդի ծանրությունը, կողմնորոշվել ախտորոշման հարցում և ձեռնարկել ճիշտ բժշկական միջոցառումներ:
Սակայն մեր կողմից մինչ այժմ կիրառվող դասավանդման մեթոդները (դասախոսություն, թեստեր, սիտուացիոն խնդիրներ, վարժասարքեր) համակողմանի չեն և հնարավորություն չեն տալիս ուսանողին սովորեցնել կողմնորոշվելու բոլոր այն իրավիճակներում, որոնք հնարավոր են իրական կյանքում՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, անորոշությունը, վտանգը, հնարավոր հոգեբանական լարվածությունն ու շփոթվածությունը:
Ուսանողը պետք է պատրաստ լինի այն հանգամանքին, որ ոչ մի իրավիճակ խիստ յուրահատուկ չէ և նման չէ առաջին հայացքից նույնատիպ թվացող նախորդ դեպքերին: Քանի որ հաջողված ուսումնական գործընթացի գրավականը և ցուցանիշը հանդիսանում է կլինիկորեն մտածելու և գործնական խնդրին ստեղծագործական լուծում տալու կարողությունը, ապա մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև որոշում կայացնելու փորձի ձեռք բերման վրա: Իսկ սա հնարավոր է միայն ուսուցման սիմուլյացիոն մեթոդի ներդրման դեպքում: Վերջինս ենթադրում է իսկական կլինիկական իրավիճակի և նրա հնարավոր բարդությունների զարգացման նույնպիսի վերարտադրություն, որն իրականացվում է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով հագեցած սրահում:
Իսկ որպես հիվանդ՝ հանդես է գալիս համակարգչին միացած մանեկենը: Սիմուլյատորներով ուսուցման առավելությունները կայանում են նրանում, որ վերարտադրվում և ուսումնասիրվում են այն իրավիճակները, բարդությունները և խնդիրները, որոնք գործնականում հազվադեպ են հանդիպում: Բացի այդ, ուսանողը հնարավորություն է ստանում տեսական գիտելիքներն օգտագործել տարբեր իրավիճակներում և մարզվում է այնքան անգամ, որքան որ անհրաժեշտ է իրեն տվյալ իրավիճակը լավ յուրացնելու համար:
Մենք կարծում ենք, որ միայն ուսուցման սիմուլյացիոն մեթոդի ներդրմամբ է հնարավոր բարձրացնել ուսանողների տեսական պատրաստավածությունն ու գործնական հմտությունների մակարդակը:
Հեղինակ : | Գ.Գ. Մխոյան, Մ.Ի. Եղիազարյան, Ա.Ֆ. Վարոսյան ,Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն |
Աղբյուր : | Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 4-5 |
Նյութի էլեկտրանային սկզբնաղբյուր` Doctors.am