Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի:

ՆՑՀ-ը իրենից ներկայացնում է կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունեցող ձևաբանական և ֆունկցիոնալ փոփո­խությունների մեկ ամբողջականություն, որի հետևան­քով զարգացող նեյրոնների գործունեության խանա­գուրմը հանգեցնում է դրանց երկարատև ինքնաբուխ ակտիվացման՝ ձևավորելով բոլորավին նոր, սակայն պաթոդինամիկ վիճակ:

Ահավասիկ, նման դեպքերում, որպես բուժման ընտրության միջոց, կարող է հանդես գալ միայն այնպիսի դեղամիջոց, որը կարող է ազդել ՆՑՀ-ի ձևավորման ժամանակ կենտրոնական և/կամ ծայրամասային նյարդային համակարգում տեղի ունե­ցող փոփոխությունների և նրանց առաջացումը հրա­հրող մեխանիզմների վրա:

Նախորդ դարի 90-ական թթ.-ի երկրորդ կեսից սկսած համաշխարհային կլինիկական գործու­նե­ության մեջ ՆՑՀ-ի բուժման նպատակով կիրառվում է հակացնցումային խմբի դեղամիջոց տիբանտինը (գա­բա­պենտինը): Այն արգելափակում է կալցիումի իոն­ների մուտքը, դրանով իսկ կենտրոնական պրե­սի­նա­պտիկ հատվածում նվազեցնելով գլյուտամատի ձերբազատումը, որն էլ իր հերթին հանգեցնում է ողնուղեղի նոցիցեպտիվ նեյրոնների դրդունակության իջեցմանը: Միաժամանակ այս դեղամիջոցն ազդում է նաև NMDA ընկալիչների վրա՝ թուլացնելով կալիու­մա­կան անցուղիների ակտիվությունը:

Նպատակը.

Սույն աշխատանքի նպատակն է գնահատել տի­բանտինով մոնոթերապիայի արդյունա­վետու­թյունը՝ ՆՑՀ-ի բուժման ժամանակ:

Նյութը և մեթոդները.

Հետազոտության մեջ ընդգրկվել են 20 հիվանդներ, որոնք տառապում էին հետվիրահատական ՆՑՀ-ով (n=3), ողնաշարի հետվնասվածքային ՆՑՀ-ով (n=1), հետանդամահատման ֆանտոմային ցավային հա­մախ­տանիշով (n=5), հետհերպեսային նևրալգիայով (n=3), գոտկային ռադիկուլոպաթիաներով (n=3) և ուռցաքային նեյրոպաթիաներով:

Տիբանիտինը նշանակվել է հետևյալ սխեմայով. I օր՝ 300 մգ, II օր՝ 600 մգ, III օր՝ 900 մգ, այնուհետև յուրաքանչյուր երրորդ օրը դեղաչափը բարձրացվել է՝ ըստ անհրաժեշտության: Տիբանտինի համար առա­վե­լագույն դեղաչափը կազմում է 3600 մգ/օր՝ երեք ան­գամյա ընդունման ձևով: Առավելագույն արդյունավետ դեղաչափին հասնելուց հետո հիվանդները շարու­նակել են օգտագործել այն ևս 4 – 8 շաբաթ: Զուգահեռ կատարվել է ցավի ուժգնության գնահատում բուժման տարբեր ժամանակահատվածներում՝ օգտագործելով տեսանելիին համարժեք սանդղակը (VAS կամ EVA):

Արդյուքները.

ՆՑՀ-ի սկզբնական ուժգնությունը եղել է 7.0(1.1 միավոր, որը նվազել է մինչև 1.0(0.5 միավորի՝ ըստ VAS-ի: Միայն 10%-ի (n=2) դեպքում է բուժման վերջում VAS-ը կազմել 2 միավոր: Բուժման արդյու­նա­վետությունը կազմել է 85.7%՝ 18 հիվանդի և 72%՝ 2 հիվանդի մոտ:

Եզրակացություն.

Ստացված դրական արդյունքները հաստատում են ՆՑՀ-ի ժամանակ տիբանտինով մոնոթերապիայի բարձր արդյունավետության մասին, որը դրական է ան­դրադառնում հիվանդի կյանքի որակի արագ բարե­լավ­ման վրա:

 

Հեղինակ :  Լ.Ա. Մուսեյան, Մ.Ի. Եղիազարյան,, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտեն­սիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 7-8
   
   
Ներկայացնող`  Doctors.am