Վերջին տարիներին վարիկոզ հիվանդությունը բավականին երիտասարդացել է. այն հանդիպում է երիտասարդ աղջիկների շրջանում: Ունենալով անտեսանելի ախտանիշներ նախնական փուլում, հիվանդությունը կարող է գաղտնի մնալ և միայն ոտքերի ցավերը կարող են հուշել խնդրի առկայության մասին:
Առաջին փուլում վարիկոզ հիվանդության ախտանիշները կարող են լինել կոսմետիկ`առանց ֆիզիկական ցավային ախտանիշների: Ժամանակի ընթացքում առաջանում են ստորին վերջույթների ցավերը և հիվանդությունը սկսում է զարգանալ: Կա կարծիք, որ վարիկոզ հիվանդության դեպքում ծովում լողալն ուղղակի անհրաժեշտություն է:  Ճառագայթաբան Ադրինա Թորգոմյանը ներկայացնում է, թե ինչ պետք է իմանալ, եթե գնում եք հանգստի և ունեք վարիկոզ  հիվանդություն:

Ծով գնալու ամենահարմար տրանսպորտային միջոցը, եթե ունեք  վարիկոզ:

Դուք կարող եք ճանապարհորդել մի քանի տրանսպորտային միջոցներով: Վարիկոզի դեպքում ամենահարմարավետ միջոցը գնացքն է: Հնարավորություն կա հանգիստ քայլելու, նստելու, պառկելու համար:
Սակայն հաճախ մենք ճանապարհորդում ենք ինքնաթիռով: Եվ հարկավոր է հետևել մի քանի խորհուրդների.

 

  • Ինքնաթիռի մեջ,  աշխատեք քայլել, խմել շատ քանակությամբ հեղուկ:
  • Ժամանակ առ ժամանակ շարժեք ոտքերը, ոտքի մատները:
  • Երեխաներին չգրկել, պայուսակներ, ծանր պարագաներ չդնել ոտքերին: Այն դանդաղեցնում է երակային արյան հոսքը և կարող է վարիկոզի բարդացման պատճառ դառնալ:
  • Կրել հարմարավետ, բամբակյա հագուստ: Իսկ հիվանդության դեպքում, վարիկոզի համար նախատեսված կոմպրեսիոն զուգագուլպաներ և կիսագուլպաներ:

Ծով հասնելուն պես` մտածել ճիշտ ծովային լոգանքի և արևայրուքի մասին:

Ծովը շատ օգտակար է վարիկոզ հիվանդության համար: Հատկապես ծովի ջուրը և ծովում լողալը` ուղղակի կանգնելու փոխարեն: Լողալու ընթացքում փոխվում  և լավանում է արյան շրջանառությունը, լավանում է երակային արյան հետհոսքը: Լողալու ժամանակ ցանկալի է ակտիվ վարժություններ կատարել ջրում: 
Ֆիզիկական վարժությունները ջրում նպաստում են արյան շրջանառությանը և արյան մեջ թթվածնի հագեցմանը: 
Լողալու ընթացքում ուշադրություն դարձրեք  մարմնի դիրքին: Պետք է ոտքերն ավելի ակտիվ լինեն, քան ձեռքերը և մարմինը գնտվի հորիզոնական դիրքում:

Հետաքրքիր փաստ. Ծովը շատ լավ ազդեցություն է ունենում վարիկոզ հիվանդության վրա, բացառությամբ Մեռյալ ծովի: Այն հակացուցված է վարիկոզ հիվանդություն ունեցողների համար:

Հետաքրքիր փաստ 2. Շատ հազվադեպ ենք հանդիպում վարիկոզ հիվանդություն լողորդների մոտ: Ինչը փաստում է ջրի դրական ազդեցությունը հիվանդության վրա:

Վարիկոզի նախնական փուլում կարելի է ընդունել արևային լոգանքներ: Միայն թե բացասական հետևանքներից խուսափելու համար, պետք է հետևել մի քանի խորհրդի.

  • Լողափ այցելելու լավագույն ժամանակահատվածը` առավոտյան և երեկոյան ժամերն են: Չի կարելի արևային լոգանք ընդունել ցերեկային ժամերին:
  • Անպայման պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ` SPF 40+,50+: Քսուքները կանխում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, որը իր հերթին նպաստում է արյան անոթների էլաստիկության անկմանը:
  • Ոտքերի տաքացումը նույնպես պակաս վնասակար չէ: Չի կարելի տաքացնել ոտքերը: Տաքանալու դեպքում էլ շփել սառը ջրով:
  • Արևային լոգանքները կատարել հերթափոխով`լողանալ, այնուհետև արևային լոգանք ընդունել:
  • Արևային լոգանքից հետո, լվացեք ոտքերը սառը ջրով և հեռացրեք աղային, ավազային շերտը երակների վրայից:
  • Լոգանքից հետո կարելի է օգտագործել վարիկոզ հիվանդության կանխարգելիչ քսուքները: Նրանք քչացնում են արևի բացասական ազդեցությունը:
  • Չափավոր և արտահայտված վարիկոզի դեպքում ցանկալի չէ ընդունել արևային լոգանքներ: Կարելի է լողալ ծովում, կատարել ջրային վարժություններ և հետո հանգստանալ ստվերի տակ:

Ձեզ մաղթում ենք ԱՌՈՂՋ հանգիստ:

 


Աղբյուր` Doctors.am
Հեղինակ` Մարիամ Սարգսյան
20 Հունիս 2018