«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդներ և հասարակության շրջանում տարածված սխալ կարծիքներ հիվանդությունների, դրանց բուժական մեթոդների մասին:

Ձեզ ենք ներկայացնում  ճառագայթաբան, բ.գ.թ. Անի Հակոբյանի պնդումը բիոպսիայի բացասական ազդեցության վերաբերյալ:


Սխալ է այն կարծիքը, թե բիոպսիան կարող է դառնալ կրծքագեղձում առկա գոյացության, օջախի չարորակացման պատճառ:

Շփվելով կրծքագեղձի տարբեր գոյացություններ ունեցող պացիենտների հետ՝ հաճախ ենք լսում ահաբեկված կարծիքներ, թե բիոպսիան կարող է դառնալ կրծքագեղձում առկա գոյացության չարորակացման, մեծացման պատճառ:

Իրականում

ժամանակակից բժշկության մեջ բիոպսիան անփոխարինելի հետազոտություն է:
Միջազգային չափանիշների համապատասխանող որևէ կլինիկայում առանց նախավիրահատական հյուսվածաբանական հետազոտության արդ-յունքների չի ցուցվում վիրահատություն, և չի մշակվում այցելուի վարման կարգը:

Բիոպսիան տեղային անզգայացմամբ կատարվող գործողություն է, որ իրականացվում է միջուկի տրամագիծ ունեցող ասեղի օգնությամբ և գործիքային հետազոտության (ՈւՁՀ, մամոգրաֆիա, ՀՏ, ՄՌՏ) հսկողությամբ: Այնուհետև ախտաբանական օջախից ստացված հյուսվածքը ենթարկվում է հատուկ հյուսվածաբանական քննության:

Եթե հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվում է, որ գոյացությունը բարորակ է, բուժող բժիշկը որոշում է հետագա վարման կարգը, և որ ամենակարևորն է, շատ դեպքերում պացիենտը խուսափում է  չհիմնավորված վիրահատությունից:

Վիրահատություն պլանավորելը և այն իրականացնելն առանց նախավիրահատական հյուսվածաբանական ախտորոշման՝ բիոպսիայի, կարող է պահանջել կրկնակի վիրահատություն, բացասաբար ազդել բուժման արդյունավետության, և պացիենտի կյանքի ցուցանիշի վրա:

Վստահեցնում եմ, որ եթե կրծքագեղձում հայտնաբերված օջախը, գոյացությունն ունի ակտիվանալու, մեծանալու միտում, անկախ բիոպսիայից  ընթացքը կշարունակվի:
Իհարկե, շատ հազվադեպ, բայց բիոպսիայից հետո կարող են զարգանալ բորբոքային որոշակի պրոցեսներ, հեմատոմա և այլն, սակայն այս խնդիրներն անհամեմատելի են բիոպսիայի մեծագույն օգտավետության հետ:


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016
Կազմեց Ամալյա Գրիգորյանը