Ընտանիքից բացի՝ մյուս կարևոր միջավայրը նախակրթարանն է, որտեղ երեխան զարգանում, շփվում և հարմարվողականություն է ձեռք բերում: Այս տարիքում է, որ ի հայտ են գալիս վարքային փոփոխությունները, երեխան սկսում է ինքնուրույն իրեն դրսևորել մեկ այլ շրջապատում: Նախադպրոցական կրթության անհրաժեշտության մեթոդների և այլ մանրամասների վերաբերյալ Doctors.am-ին պատմում է  հոգեբան Ժենյա Վարդանյանը:

Ո՞ր տարիքն է համարվում նախադպրոցական տարիք և հոգեբանական ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ այդ տարիքին:

Նախադպրոցական տարիք է համարվում 3-7 տարեկանը: Այն իր հերթին բաժանվում է 3 փուլի՝ վաղ, միջին և ավագ: Այս տարիքին բնորոշ վարքում  դրսևորվում է նպատակաուղղվածություն, նախաձեռնողականություն, ձևավորվում է երեխայի «ես»-ը, ինքնագնահատականը, ինքնագիտակցությունը: Երեխան լիարժեք զարգանում է  հուզական, սոցիալական, մտավոր և ֆիզիկական առումով:
Կարող է երեխայի մոտ արտահայտվել նաև նեգատիվիզմ կամ «մեղքի զգացում», երբ նրա կարծիքին հակադրվում են՝ ներշնչելով պարտված լինելու զգացում: Բացասականը երեխայի վարքում արտահայտվում է շրջապատող միջավայրի, ընկերների հետ շփման ժամանակ: Այս շրջանում են ձևավորվում  բառապաշարը, ընկերական հարաբերությունները:

Ինչի՞ն պետք է ուշադիր լինեն ծնողներն ու երեխայի հետ զբաղվող մասնագետները:

Պետք է նկատել, որ նախակրթարանը երեխայի համար նոր աշխարհ է: Ե՛վ ծնողի, և՛ մասնագետի կողմից հատուկ ուշադրություն է անհրաժեշտ,  հատկապես բարձր տարիքի երեխային, քանի որ վերջինս ավելի հուզական, էմոցիոնալ է դառնում՝ արտաքին միջավայրով պայմանավորված:

Երեխայի մոտ հարցասիրության ձևավորումը պետք է խրախուսելի լինի  ծնողի ու մասնագետի կողմից: Բազմատեսակ հարցերին անհրաժեշտ է պատասխաններ տալ, քանի որ դրանց միջոցով է երեխան շրջապատի հետ հարաբերություններ ձևավորում:

Շատ կարևոր է այն մթնոլորտը, որտեղ գտնվում է երեխան: Ինչպիսի՞ն պետք է լինի այն:

Քանի որ երեխայի ինքնագնահատականը հենց այս տարիքում է ձևավորվում, պետք է կարևորվի սերը, հոգատարությունը, հարգանքը: Ոչ ճիշտ և աննրբանկատ  մոտեցումը, զգայուն երեխայի նկատմամբ կոպիտ վերաբերմունքը, այն էլ՝ ընկերական շրջապատում, կարող են ոչ դրական փոփոխությունների պատճառ դառնալ:

Գաղտնիք չէ, որ մարդիկ ապրում են տարբեր սոցիալական վիճակներում: Ի՞նչ միջոցներ են կիրառվում երեխաների միջև հավասարության հաստատման համար:

Խմբի կառավարումն է կարևորվում: Յուրաքանչյուրի ուժերը կենտրոնացնելու, պոտենցիալն ու հմտություններն արժևորելու դեպքում կարող ենք երեխաների միջև հավասարություն հաստատել: Ճիշտ է, արտաքին գործոնները ևս կապ ունեն՝ ֆինանսական ապահովվածություն, հագուստի, խաղալիքների տարբերություն և այլն: Երեխաների մոտ ձևավորվում են ընդօրինակման,կրկնօրինակման հատկություններ, հենց այս դեպքում է կարևոր համանմանությունը, որպեսզի երեխան չմտածի իր և մյուսների միջև տարբերության մասին:

Ի՞նչը կարող է լինել նախադպրոցական կրթություն ստացածի և չստացածի  տարբերությունը: Ի՞նչ առավելություններ ու հնարավորություններ է ընձեռում այդ կրթությունը:

Սոցիալականացումը, շփման միջավայրը մեծ առավելություններ են տալիս նախադպրոցական կրթություն ստացած  երեխային: Ձևավորվում է աշխարհայացքը, պատկերացումներն են ավելի ընդլայնված լինում: Մտավոր զարգածվածության առումով երեխան կարող է դպրոցում այդ բացը լրացնել: Վաղ սոցիալականացման փուլում երեխան ավելի ազատ, անկաշկանդ, կայուն վարք է դրսևորում: Մի շարք մանկավարժներ և հոգեբաններ պնդում են՝ ինչպիսին որ  ցանկանում եք տեսնել երեխային ապագայում, սովորեցրեք նրան այդ ամենը մինչև 5 տարեկանը: Դա ամենաճկուն և կլանող շրջանն է:

Ի՞նչ եք կարծում, քաղաքում և փոքր գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության տարբերությունը մե՞ծ է:

Կարող ենք այս հարցը տարբեր տեսանկյուններից դիտարկել: Առաջինը՝ մասնագետների խնդիրն է. ինչպե՛ս է  նա իր մասնագիտական հմտությունները ճիշտ կիրառում: Այս առումով քաղաքային միջավայրում մասնագետն ավելի մեծ հնարավորություններ ունի իր մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:  Հաջորդը համապատասխան միջավայրի, կահավորանքի անհրաժեշտությունն է: Քաղաքային միջավայրն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, իսկ քաղաքամերձ տարածքներում այս բացը հեշտ է լրացվում:

Կարևորո՞ւմ եք նախադպրոցական շրջանի ներառական կրթությունը:

Նախադպրոցական տարիքում նախադպրոցական  ներառական կրթությունն առավել կարևոր է: Ես դրական եմ վերաբերվում ներառական կրթությանը: Այն անձնապես զարգացնում է երեխաներին, որովհետև սովորեցնում է  հոգալ միմյանց մասին:

Բացի  տեսական գիտելիքներից՝ ի՞նչ կարողություններ պետք է ունենա երեխաների հետ աշխատող մասնագետը:

Երեխաների հետ աշխատող մասնագետը պետք է կազմակերպչական հմտություններ, սթրեսակայունություն, ճկունություն, ընկալման կարողություններ՝ երեխայի տրամադրությունը, հոգեվիճակը հասկանալու համար: Մասնագետը պետք է կարողանա տեսական գիտելիքը գործնականում տարբեր մեթոդներով կիրառել:

Ինտելեկտուալ զարգացմանը կարող են նպաստել iQ թեստերը, զարգացնող խաղերը, նախավարժանքները: Մեթոդները բավականին  բազմազան են: Զուգահեռ կարելի է մարզել երեխայի հիշողությունը, ուշադրությունը՝ կիրառելով, օրինակ, խաղ-վարժանքներ: Խաղը համարվում է այս տարիքի երեխայի համար առաջատար զբաղմունք, շատ տարածված և խրախուսելի են սյուժետադերային խաղերը: Դերը ստանձնելով՝ երեխան փոխում է իր վարքը:

Ինչպե՞ս պատրաստվել դպրոցին:

Երեխայի մոտ պետք է հետաքրքրություն առաջացնել:  Սա վերաբերում է ամենամանր թվացող դետալներին անգամ: Օրինակ՝ լավ կլինի երեխայի կարծիքն ու ճաշակը կարևորելով՝ միասին ընտրել գրենական պիտույքը, պայուսակը և այլն:


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան