Բժշկագիտական էթիկայի, բժիշկների իրավապաշտպանվածության, բժիշկ-պացիենտ եւ այլ խնդիրների մասին է Doctors.am-ը զրուցել Ա. Հակոբյանի հետ:

Ժամանակակից տեխնոլոգիաների մատուցած հնարավորությունները ահռելի առաջընթաց են ապահովել բժշկության համար՝ իբրև գիտություն, բերել են միանգամայն նոր որակ թե՛ մասնագիտական դաշտում, թե՛ բժշկական ծառայության մատուցման բնագավառում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկաբուժական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը կարծում է, որ համացանցի զարգացմանը զուգահեռ՝ բժշկական ոլորտի ներկայացուցիչների աշխատանքը  դարձել է ավելի «բարդ»: Բժիշկ-պացիենտ, առավել ևս փոքրիկ պացիենտի ծնողներ փոխհարաբերությունները ձեռք են բերել նոր որակներ՝ կապված համացանցի ընձեռնած լայն տեղեկատվական և խորհրդատվական հնարավորությունների հետ, երբ բժշկի յուրաքանչյուր խոսքը կամ քայլը ենթարկվում է մանրամասն վերլուծության:

Բժշկուհի Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում համացանցի դերն այսօր: Արդյոք սոցցանցերը խանգարո՞ւմ են բժիշկների աշխատանքին, թե՞ օգնում:

Համացանցի զարգացումը ես դրական եմ գնահատում: Սակայն երբեմն պատահում է, որ համացանցում ինչ-որ բան են կարդում եւ վստահում դրան, իսկ բժշկի ասածին արդեն այլ կերպ են վերաբերվում: Այսօր երիտասարդ մայրիկները բավականին գրագետ են, պատրաստված: Լավ է, որ կարդում են, բայց մյուս կողմից կարող են ընկնել ծայրահեղությունների մեջ: Իրենք քննադատաբար են վերաբերվում այն ամենին, ինչ բժիշկներն ասում են: Եվ միշտ չէ, որ այդ քննադատությունը լինում է առողջ եւ օբյեկտիվ: Երբեմն դա խանգարում է բուժման գործընթացին:

Նման պայմաններում արդյո՞ք բժիշկներն ավելի խոցելի չեն դառնում:

Այսօր բուժաշխատողների իրավաբանական պաշտպանվածության խնդիր ունենք, քանի որ նորագույն տենդենցների ժամանակաշրջանում մենք դարձել ենք ավելի խոցելի:

Բժշկագիտական էթիկան, իրավաբանական նորմերը ժամանակակից հասարակության մեջ պետք է վերաարժեվորվեն:

Համացանցի դարաշրջանում, երբ ցանկացած հարցի պատասխան կարելի է շատ արագ ստանալ, արդյոք նվազե՞լ է դիմելիությունը մանկաբույժներին:

Բարեբախտաբար, մանկաբուժությունն այնքան մատչելի է մեր երկրում, որ կարող են անգամ երեխայի թաթիկից բռնել, գալ հիվանդանոց եւ ասել՝ «բերել եմ՝ թոքը լսելու»: Սակայն 90-95 տոկոս դեպքերում դիմելիությունը պատճառաբանված է: Ծնողը միշտ զգում է, երբ է պետք դիմել հիվանդանոցային բուժօգնության: Հիմնականում, եթե ծնողը դիմել է հիվանդանոց,  նշանակում է՝ կա այնպիսի պրոբլեմ, որն առաջնային օղակում հնարավոր չէ լուծել:

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ երեխայի համար դեղամիջոց նշանակում է ոչ թե մանկաբույժը, այլ ծնողը ինքն է գնում՝ դեղատան աշխատակցի խորհրդով:

Մեր բնակչության շրջանում ընդունված է գնալ դեղատուն, գանգատը ներկայացնել եւ դեղատան վաճառողից խնդրել խորհուրդ՝ ինչ դեղ օգտագործել: Բարեբախտաբար, ընդհանուր առմամբ, կրիտիկական դեպքեր չունենք, սակայն դա շատ սխալ մոտեցում է: Միգուցե այդպես ավելի հեշտ է հարցը լուծել, սակայն որքան դյուրին է, նույնքան էլ՝ վտանգավոր: Որքան էլ դեղատան աշխատողը գրագետ լինի՝ նա չի կարող և չպետք է բուժում առաջարկի, այն էլ՝ երեխային: Այո, կա որոշակի դեղորայք, որն առանց  բժշկի հատուկ նշանակման կարելի է ձեռք բերել, այս դեպքում միգուցե կարելի է խորհրդակցել նրա հետ: Սակայն պետք է հաշվի առնել նաև այն,  որ դեղատան աշխատողը կարող է խորհուրդ տալ այն դեղը, որն իրացնելու խնդիր ունի:

Հազվադեպ է պատահում, որ դեղատանն աշխատի բարձրագույն կրթությամբ ֆարմացևտ, հիմնականում նրանք միջին մասնագիտական կրթություն ունեն: Կոչ եմ անում մեր ֆարմացևտներին և դեղաբաններին երեխաներին վերաբերվող (հատկապես՝ մինչեւ 3 տարեկան) առանձնահատուկ դեղամիջոցներ խորհուրդ չտալ:

Առհասարակ, ցանկացած դեղի եւ, մասնավորապես, անտիբիոտիկի նշանակումը պետք է լինի շատ կշռադատված: Անտիբիոտիկները հոյակապ միջոցներ են, բայց նաեւ սպեցիֆիկ են, եւ պետք է շատ կոնկրետ ցուցումներով նշանակվեն:

Մոտ մեկ տարի առաջ անտիբիոտիկների նշանակման վերաբերյալ եղան շատ հստակ ցուցումներ, եւ որոշվեց, որ դրանք միայն դեղատոմսերով պետք է բաց թողնվեն: Ես շատ լավ եմ վերաբերվում դրան եւ կուզեի, որ շարունակական բնույթ կրեր:



 Աղբյուրը՝  Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը