Չտրվելով «ծերություն» և «ծերացում» հասկացություների պարզաբանման պատմությանը` հիշատակենք, որ ժամանակակից գիտությունը դրանց մեջ տարբերություն է դնում: Ծերացումը մի շարք բազմաբջիջ օրգանիզմների, այդ թվում` մարդկանց, բջիջների վնասման ու ոչնչացման գործընթացն է, որը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության խախտմանը և տանում դեպի մահ: Ծերացումը առաջանում է բջիջների կիսման, աճի և դիֆերենցման պրոցեսների հետզհետե մարման հետևանքով: Ծերությունը ծերացման արդյունք է, այլ կերպ ասած` ծերությունը ծերացման ենթարկված օրգանիզմի վիճակն է: Օրգանիզմի վաղ ծերացումը կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ: Այն երեխաները, որոնց օրգանիզմում խախտված է գենետիկ «ժամացույցային մեխանիզմը», սկսում են ծերանալ 7-12 տարեկանում: Էական դեր են խաղում ներզատիչ գեղձերի գործունեության խախտումները:
 
Այսօր տնտեսապես զարգացած երկրներում կյանքի տեվողությունը 70 տարուց ավելի է: Մեր մոլորակի վրա դեռ այնպիսի վայրեր կան, ուր մարդիկ միջին հաշվով ապրում են 40-50 տարի:
 
Բալզակյան շրջանի նեանդերտալուհիները

Նախապատմական ժամանակներում մեր նախնիները հիմնականում մահանում էին երիտասարդ հասակում և մեր պատկերացումները բնությունը վայելող նախնադարյան երկարակյաց մարդու մասին, մեղմ ասած, խիստ չափազանցված են: Փաստերը, որոնց մասին վկայում են մինչև մեր օրերը պահպանված նեանդերտալցիների կմախքները, ապացուցում են, որ 20 հոգուց 8-ը մահանում էին 14 տարեկանում, 3-ը` 15-20 տարեկանում, 8-ը` 21-40, և միայն մեկին էր հաջողվում հաղթահարել 41-ի սահմանը:
 
Փաստորեն քարե դարում ապրող մարդիկ մեռնում էին` այդպես էլ չհասնելով ծերության (այդ ժամանակաշրջանից մնացած 173 գանգերից միայն 3-ն էին 50-ն անց): Ընդհանրապես, մինչև հոդաբաշխ խոսքին տիրապետելը նախնադարյան մարդկանց միությունները շահագրգռված չէին պահպանելու ավագ ցեղակիցներին, ուստի և հոգ չէին տանում նրանց մասին: Եթե 18-ամյա նախամարդն արդեն սերունդ էր լույս աշխարհ բերում, ուրեմն 37 տարեկանում տոհմակիցներն այլևս նրա կարիքը չունեին, քանի որ նրա երեխաներն այդ ընթացքում արդեն ինքնուրույն էին: Խոսքի զարգացմանը համընթաց մարդիկ սկսեցին հասկանալ, որ ֆիզիկապես տկարացած, որսին կամ կռվին արդեն անընդունակ տարեց մարդը նույնպես կարող է օգտակար լինել: Սկսեցին հոգալ ծերունիների կարիքները՝ նրանց համարելով համայնքին պիտանի անդամներ:
 
Ծերաբանության որոշ մասնագետների կարծիքով մարդու կյանքի ամենահավանական սահմանը պետք է համարել 116-130 տարին:

Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''