Գերոնտոլոգիան (ծերաբանությունը), բժշկակենսաբանական գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու և կենդանի էակների ծերացումը պայմանավորող և ուղեկցող կենսաբանական մեխանիզմներն ու գործընթացները: Եվ քանի որ այդ գործընթացներն սկսվում են ծերությունից շատ առաջ, ուստի ծերաբաններն ավելի մեծ ուշւսդրություն են դարձնում մեծահասակների առողջությանը:

Գերոնտոլոգիան ուսումնասիրում է նաև շրջակա միջավայրին հարմարվելու օրգանիզմի տարիքային առանձնահատկությունները, ծերացման դանդաղեցման և կյանքի տևողության երկարացման միջոցները: Ծերացման կենսաբանության իմացությունը հնարավորություն է տալիս ճիշտ պատկերացնել տարեց և ծեր մարդկանց բնորոշ հիվանդությունների առաջացումը և դրանք ժամանակին կանխարգելել ու բուժել:

Բժշկագիտության գրեթե բոլոր բնագավառներում կան գերոնտոլոգիայի խնդիրների հետ կապված բաժիններ:

ՀՀ-ում գերոնտոլոգիայի բնագավառի գիտական հետազոտություններ Են կատարվել 1960-ից: Զբաղվել են ծերերի սիրտանոթային համակարգի հիվանդությունների, ստորին վերջույթների անոթների ախտահարման, լեղապարկի և ստամոքս-աղիքային հիվանդությունների, գլխուդեղի արյան շրջանառության խանգարումների և աթերոսկլերոզի, գլխուղեղի աթերոսկլերոզի ժամանակ հոգեկան գործունեության, կաթվածի ընթացքի ու բուժման, սրտամկանի իշեմիկ հիվանդության առանձնահատկությունների պարզաբանման ու բուժման հարցերով: Ուսումնասիրվել են ծերության սոցիալհիգիենային և ծերության կենսաթոշակի անցնելու հետ կապված հարմարման շրջանի հարցերը:

Գերիատրիան (ծերաբուժություն) կլինիկական բժշկագիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է տարեց և ծեր մարդկանց օրգանիզմում ընթացող հիվանդությունների առանձնահատկությունները, մշակում դրանց կանխարգելման ու բուժման մեթոդներ: Կլինիկական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով (աչքի, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, վիրաբուժութիւն, հոգեբուժություն ևն) ձևավորվել է գերիատրիայի բաժին, որը պայմանավորված է տարեց և ծեր հասակում հիվանդությունների կլինիկական ընթացքի, ախտորոշման և բուժման առանձնահատկություններով:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am