Չգիտես թե ինչու, տարածված է այն կարծիքը, թե ցելյուլիտը մաշկային հիվանդություն է և հիմնականում առաջանում է գեր կանանց մոտ: Իրականում՝ ցելյուլիտ կարող են ունենալ թե՛ նիհար, թե՛ գեր կանայք, և դա բոլորովին էլ հիվանդություն չէ:   
       
Իսկ ինչո՞ւ է այս տհաճ երևույթը հանդիպում միայն կանանց մոտ: Բանն այն է, որ տղամարդկանց ենթամաշկի ճարպային ցանցաշերտը այլ կառուցվածք ունի: Նրանց մոտ այն ավելի սեղմ է, իսկ շարակցական հյուսվածքի պատերն այնպես են դասավորված, որ ճարպաշերտը չի կարող "գնդերի" վերածվել:       
       
Պայքարել հնարավոր է և պետք է        
       
Ցելյուլիտի առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Այն կարող է առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, վատ նյութափոխանակության, մարսողական ուղու խանգարումների ժամանակ և այլն: Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը:       
       
Սակայն ժամանակակից կոսմետոլոգիայի ձեռքբերումներն ու հատկապես՝ ցելյուլիտի դեմ պայքարելու միջոցները նույնպես բազմազան են: Իհարկե, կարելի է և պետք է դիմել դրանց օգնությանը, բայց ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող լիարժեք արդյունք տալ, եթե դու շարունակես սխալ կենսակերպ վարել: Արդյունքի հասնելու համար պետք է կանոնավոր կերպով խնամել մարմինը: "Կանոնավոր խնամք" ասելով՝ նկատի ունենք ոչ միայն մերսումներն ու հակացելյուլիտային քսուքներն ու այլ տեսակի միջոցները, այլև սպորտը:
 
Շատերը "սպորտ"  բառից ուղղակի սարսափում են: Սակայն բոլորովին պարտադիր չէ մեդալակիր մարզիկ լինել՝ ցելյուլիտից ազատվելու համար: Ամենօրյա մարմնամարզությունը, շաբաթական գոնե մեկ անգամ լողավազան հաճախելը միանգամայն բավական են: Իսկ եթե կարողանաս դրանց համատեղել ամենօրյա վազքը՝ շատ ավելի լավ: Բացի այդ,    հետևիր նաև քո սննդակարգին: Եթե քո օրգանիզմը պետք եղածից ավելի է ջրազրկվում, սահմանափակիր աղի, շաքարի, սուրճի և թունդ խմիչքների օգտագործումը, խուսափիր սուր, յուղոտ և տապակած ուտելիքներից ու ամեն տեսակի պահածոներից:   
Իսկ ահա բանջարեղենը (բայց ոչ՝ կարտոֆիլ), բանանից բացի մնացած բոլոր մրգերը, անյուղ ձուկն և միսը, թարմ մրգերից քամած հյութը շատ խրախուսելի են: Ի դեպ, չի խանգարի նաև օրական 100-150 մլ կարմիր չոր գինին:       
       
Եթե դու հետևես վերոհիշյալ պայմաններին, հակացելյուլիտային միջոցներն անպայման կտան ցանկալի արդյունքը: Իսկ ահա նույնիսկ ամենաթանկարժեք քսուքները միանգամայն անիմաստ են, եթե կանոնավոր կերպով չես մարզվում և չես հետևում քո սննդակարգին:       
       
Այժմ, հակացելյուլիտային միջոցների մասին
Եթե դու պատրաստվում ես համապատասխան քսուք ընտրել, ուրեմն հետևիր, որ դրա բաղադրության մեջ լինեն հետևյալ բաղադրիչներից առնվագն երկուսը. կոֆեին, ամինոֆիլին, մուգ գույնի ջրիմուռներ, ձիու շագանակ, անանաս: ճարպոտ մաշկի համար սովորաբար խորհուրդ են տրվում գելերը, իսկ չոր մաշկի համար՝ քսուքները:   
Դրանք պետք է քսել տաք մաշկին, իսկ որպեսզի ազդեցությունն էլ ավելի արդյունավետ լինի, հարկավոր է նաև մերսել ցելյուլիտ ունեցող հատվածը:   
       
Որտե՞ղ է առաջանում ցելյուլիտը. ի՞նչ անել       
       
Ցելյուլիտը հիմնականում առաջանում է ազդրերի վրա, հատկապես՝ ներսի կողմերից, ինչպես նաև հետույքի շրջանում, թևերի տարբեր հատվածներում: Մարմինը մերսելիս հատուկ ուշադրություն դարձրու հենց այս հատվածներին: Եվ վերջին խորհուրդը՝ ուշադրություն դարձրու նաև հագուստիդ:   
Չափազանց նեղ ջինսերը կարող են նպաստել արյան շրջանառության խանգարմանը   
և խորացնել պրոբլեմը: Վաճառքում կան մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ, որոնք բավական արդյունավետ են. հնարավորության դեպքում հագեք   
այդպիսի զուգագուլպաներ:   
       
Ինտենսիվ մերսումները, տաք և սառը ջրային գործողությունները հրաշալի միջոցներ են ցելյուլիտի դեմ: