Մարմնի մաշկի խնամքը ներառում է մաշկի մաքրում, շերտազատում,  խոնավեցում, սնուցում, ինչպես նաեվ մերսում եվ  ֆիզիկական վարժություններ:
Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է,  ապա նրա խնամքի համար պետք է օգտագործել քսուկներ՝ նախատեսված հենց մարմնի համար: Դեմքի խնամքի միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տա:
Գեղեցիկ մաշկ ունենալու համար առավոտը սկսեք ֆիզիկական վարժանքներով: Դրանք ակտիվացնում են արյան շրջանառությունը մազանոթներում, մաշկն ավելի լավ է սնուցվում , իսկ դա նշանակում է, որ ավելի երկար է պահպանվում երիտասարդությունը:

Մաշկի մաքրումը

Առավոտյան մարմնամարզությունից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել: Սա պետք է լինի ամենօրյա գործողություն: Եթե ձեր մաշկը նորմալ կամ յուղոտ է, օգտագործեք օճառ կամ մարմնի գել: Շատ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտվել մանկական օճառներից կամ մաշկը տրորել հատուկ  յուղերով եվ կրեմներով: Մաշկի մաքրման համար լավ տարբերակ է միջին ջերմաստիճանի ցնցուղը: Հոգնածությունը հանելու եվ թարմանալու համար ընդունում են սառը կամ կոնտրաստ ցնցուղ(սկսում են տաք, ավարտում սառը ջրով): Պետք է խուսափել շատ տաք ջրով լոգանքներից, տաք ջուրը խիստ չորացնում է մաշկը:  Ցնցուղ ընդունելիս բավական արդյունավետ է  մարմինը տրորել խավոտ ձեռնոցով, սպունգով կամ խոզանակով՝ ոտքի մատներից շրջանաձեվ շարժումներով բարձրանալով վեր, դա ակտիվացնում է նյութափոխանակությունը, շերտազատում է մաշկի եղջերացող բջիջները:
Շատ արդյունավետ են  եթերային յուղերով լոգանքները, դրանք  խնամում են ոչ միայն մաշկը, այլեվ ազդում են ողջ օրգանիզմի վրա: Լայն օգտագործում են գտել նաեվ աղաջրով լոգանքները: Դրանք լավ հանգստացնում են ՝ պահպանելով մաշկի տոնուսը:

Մաշկի շերտազատում՝ պիլինգ

Մաշկը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել նրա խորը մաքրում-պիլինգ:  Դա նպաստում է եղջերացող շերտի հեռացմանը,  ակտիվացնում է բջիջների թարմացման գործընթացը, հեշտացնում է խոնավեցնող եվ սնուցող միջոցների ներթափանցումը , հարթեցնում է մաշկը : Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, քան դեմքինը, այն պահանջում է ավելի ուժեղ մաքրում: Ուստի մարմնի սկրաբերն  ավելի մեծ հատիկներ են պարունակում, քան դեմքինը: Չոր մաշկի խորը մաքրումն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկինը՝  երկուսից երեք : Սկրաբը քսում են խոնավ մաշկին, հետո բնական խավից խոզանակով, խոնավ սպունգով, մերսող ձեռնոցով կամ ձեռքով տարածում են այն ներքեվից վերեվ՝  պտտական, մերսող շարժումներով :  Սկզբում մերսում են աջ ոտքը՝դրսային, ապա ներսային կողմից: Որից հետո նույն կերպ մերսում են ձախ ոտքը: Ապա մերսում են որովայնը՝ ներքեվից վերեվ: Կուրծքը մերսում են անութափոսից դեպի դեկոլտեի հատված՝ կրծքագեղձը շրջանակի մեջ առնելով: Նույնը կրկնում են ձախ կողմից:  Հետո մերսում են աջ եվ ձախ ձեռքերը: Մեջքը սկսում են մերսել ներքեվից վերեվ, ապա կողքերից դեպի ողնաշար: Հատուկ ուշադրություն են դարձնում կոպիտ, կոշտացած հատվածներին, որոնք են՝ արմունկները, ծնկները,կրունկները: Կրծքի եվ որովայնի շրջանի մաշկը պետք է մերսել շատ զգույշ եվ  մեղմ շարժումներով: Ուշադիր եղեք խալերի եվ վերքերի մոտակայքում, որ չվնասեք դրանք: Սկրաբը թողնում են մաշկի վրա 3-5րոպե, որից հետո լվանում են գոլ ջրով , իսկ մաշկը խոնավեցնում են սրբիչով:
Ամեն օր ցնցուղից, լոգանքից, առավել եվս պիլինգից հետո մաշկին պետք է քսել  Ձեզ համապատասխան խոնավեցնող եվ սնուցող միջոցը, որն ընտրվում է՝ ելնելով  Ձեր մաշկի տեսակից:

Benice.am