Թոքի քաղցկեղը քաղցկեղից մահվան հիմնական պատճառն է, դրանից մահացությունն ավելի մեծ է քան հաստ աղու, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղից մահացությունները միասին վերցրած: Վաղ ախտորոշումը մահացության նվազման բանալին է, սակայն հիվանդությունը սովորաբար կլինիկական դրսևորումներ չի ունենում մինչև վիրահատելուն ոչ ենթակա փուլին հասնելը:

Սակայն, նոր հետազոտությունը ցույց տվեց, որ թոքի քաղցկեղը կարելի է ախտորոշել վաղ փուլերում, պացիենտի արյան հետազոտության միջոցով:

ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդի կլինիկայի գիտնականները հայտնաբերեցին, որ ոչ մանր բջջային քաղցկեղով հիվանդները հիվանդության 1-3 փուլում արյան մեջ մետաբոլիտների այլ պրոֆիլ են ունենում այն պացիենտների համեմատությամբ, ովքեր ունեն թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի նույն աստիճանը, սակայն առողջ են:

Մետաբոլիտները փոքր մոլեկուլներ են, որոնք անջատվում են օրգանիզմում մարսողության և այլ քիմիական պրոցեսների ժամանակ: Որոշակի մետաբոլիտներ արդեն բազմաթիվ տարիներ օգտագործվում են որպես մարկերներ հիվանդությունների ախտորոշման համար: Օրինակ` գլյուկոզի բարձր մակարդակը օգտագործվում է որպես շաքարային դիաբետի ինդիկատոր, իսկ խոլեսթերինի մակարդակը` որպես սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի ինդիկատոր: Dr. Peter J. Mazzone-ի խոսքերով, ով թոքաբան է Քլիվլենդի համալսարանում, ինքն ու իր աշխատակիցները թոքի քաղցկեղով հիվանդների մոտ հայտնաբերել են մետաբոլիկ պրոցեսների սպեցիֆիկ փոփոխություններ: Այս հայտնագործությունը կարող է նպաստել քաղցկեղի վաղ ախտորոշման համար բիոմարկերի ստեղծման:

Բժիշկն ու իր կոլեգաները հետազոտել են թոքի քաղցկեղով 284 հիվանդի արյան նմուշները, որոնց կեսը տղամարդ էր, իսկ մասնակիցների միջին տարիքը 68 էր: Պացիենտների մոտ ախտորոշվել էր ադենոկարցինոմա կամ թոքի տափակբջջային քաղցկեղ, 44%-ի մոտ 1-ին փուլում, 17%-ի մոտ` 2-րդ, 39%-ի` 3-րդ: Ստուգիչ խմբում նմանատիպ ուռուցքաբանական ռիսկի պրոֆիլով 194 պացիենտ էին` նույն տարիքի, սեռի, արյան մեջ լիպիդների քանակի, ծխելու ստաժի, ուղեկցող հիվանդությունների առկայության, սակայն թոքի քաղցկեղ չունեցող: Որոշվեցին 534 մետաբոլիտներ, որոնք ընդհանուր էին երկու խմբի համար: Դրանցից 149-ի կոնցենտրացիան տարբեր էր երկու խմբերում:

Գիտնականները կարծում են , որ քաղցկեղը փոփոխում է նյութափոխանակային գործընթացներն ու այդ գործընթացներում տարբերությունների միջոցով կարող են մշակվել թեստեր հիվանդության վաղ ախտորոշման համար:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru