Մազերի փոխպատվաստումը (տրանսպլանտացիա) համարվում է արդյունավետ միջոց՝ վերականգնելու գլխի, մորուքի, հոնքերի հատվածում ճաղատությունը՝ մազերի թափվածությունը:
Այն  նվազագույն վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ տեղային անզգայացման պայմաններում գլխի ծոծրակային հատվածի առողջ մազարմատներն ասեղի տրամաչափի գործիքով հանվում են  և տեղադրվում գլխի այն հատվածում, որտեղ մազերը դադարել են աճել:
Տարածված տեսակ է  անդրոգեն մազաթափությունը, ինչը հորմոնալ անհավասարակշռության հետևանքով մազի կորուստն է (տարածված է տղամարդկանց շրջանում): Այն 73-75% դեպքերում փոխանցվում է մորից, 20%՝ հորից: Մնացած 5-7% դեպքերում  հետևանք է արտաքին բացասական գործոնների` սթրես, վատ էկոլոգիա, սխալ սննդակարգ ու անորակ սնունդ:
Անդրոգեն մազաթափության ժամանակ մազերի վերականգնում տեղի չի ունենում: Մազաթափությունը կարող է լինել մասամբ կամ ամբողջությամբ:
 

Մազերի փոխպատվաստման մեթոդները

Գոյություն ունի մազերի փոխպատվաստման մի քանի մեթոդ․

  • մազերի փոխպատվաստում մասնիկներով, FUT մեթոդ (Follicular Unit Transplantation)

FUT (Ֆոլիկուլյար միավորի տրանսպլանտացիա) մեթոդի կիրառման դեպքում  փոխպատվաստվող մազերը վերցնում են ծոծրակային շրջանից՝ մաշկի բարակ շերտի տեսքով, որից հետո ծոծրակի վերքը կարվում է:Այնուհետև կտրած մաշկի շերտը բաժանվում է մանր մասերի, որոնք պարունակում են 1-4 մազ: Հետագայում հատված մաշկի կտորները իմպլանտացվում են ճաղատ շրջանի մաշկում՝ նախօրոք բացված անցքերի մեջ:

  • մազային ֆոլիկուլների կետային փոխպատվաստում, FUE մեթոդ (Folicullar Unit Extraction)

FUE մեթոդի ժամանակ փոխպատվաստվող մազերը դոնոր շրջանից վերցնում են շախմատային կարգով:
Մազերը վերցնում են հատուկ սնամեջ ասեղների (punch) միջոցով, որոնց ներքին տրամագիծը 0,5-ից մինչև 1,5 մմ է: FUE-ն հաճախ անվանում են առանց կարի մեթոդ, քանի որ դրա կիրառման ժամանակ դոնոր շրջանից չի հատվում մաշկի շերտ և հետևաբար հետվիրահատական սպիներ չեն մնում: Այս մեթոդի ժամանակ նույնպես վերցված մազերը տեղափոխվում են անհրաժեշտ ռեցիպիենտ շրջանի մաշկում նախօրոք բացված անցքերի մեջ:
Մազերի փոխպատվաստման արդյունքները տեսանելի կլինեն վիրահատությունից 6-ից 9 ամիս հետո: Երբեմն անհրաժեշտ է լինում կատարել վիրահատության մի քանի պրոցեդուրա: Մեծ մակերեսի ճաղատության դեպքում խորհուրդ է տրվում երկու կամ երեք այցելություն՝ երեքշաբաթյա ընդմիջումներով:

Վիրահատությունից առաջ անհրաժեշտ է պատրաստվել:

Մի քանի շաբաթ առաջ անհրաժեշտ է հրաժարվել դեղորայքի՝ հակաբորբոքայինների, հակամակարդիչների ընդունումից, որպեսզի նվազեցվի արյունահոսության վտանգը: Մազերի փոխպատվաստումից երկու շաբաթ առաջ պետք է բացառել ալկոհոլի օգտագործումը:  

Մասնագետները խորհուրդ են տալիս նախքան վիրահատությունը կատարել արյալ անալիզ՝ ստուգելու հեմոգլոբինի և գլյուկոզայի մակարդակը, հեպատիտ B-ի, C-ի, ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը: Կանանց և աղջիկների մազերի փոխպատվաստումից առաջ պետք է ստուգվեն նաև ֆերինիտի մակարդակը, սեռական հորմոնները և այլն:
3-8 շաբաթվա ընթացքում հիվանդին խորհուրդ չի տրվում բարձրացնել  ծանր առարկաներ, զբաղվել սպորտով, արևայրուք ընդունել:

Գոյություն ունեն նաև հակացուցումներ։ Հետևյալ դեպքերում մազերի տրանսպլանտացիան անթույլատրելի է․

  • Արյան անբավարարություն- նույնիսկ նվազագույն մաշկային վնասվածքները կարող են  արնահոսություն առաջացնել։
     
  • Նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ։
     
  • ՄԻԱՎ, կարմիր գայլախտ հիվանդությունների առկայությունը կարող են վարակների առումով  ռիսկային լինել և ազդել մազերի ամրության վրա։
     
  • Մաշկի հիվանդությունները (դերմատիտ, էկզեմա, ֆոլիկուլիտ)` բորբոքման փուլում։
     
  • Ցավազրկող դեղերի նկատմամբ ալերգիայի դեպքում։
     

Ֆինանսական պատրաստվածությունը

Ըստ մազաթափության աստիճանի՝ մազերի փոխպատվաստման համար նախատեսված  արժեքները կարող են տատանվել: Մազերի փոխպատվաստման ծառայության ղեկավար Արտյոմ Իկիլիկյանի խոսքով՝ միայն «Նեոէսթետ» կենտրոնն է առաջարկում ֆիքսված գներ (400.000 դրամից (1200 graft) մինչև  1,500,000 դրամ (5000 graft) ):
Մինչև 1500 մազային պատվաստուկի դեպքում վիրահատության տևողությունը 5 ժամ է, իսկ մինչև 3000 մազային պատվաստուկի դեպքում՝ 8 ժամ:
 


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան