• Ի՞նչ է զույգերի հոգեթերապիան
  • Ո՞ր դեպքերում է այն ցուցված
  • Ի՞նչ տեսակներ ունի
  • Ի՞նչպես է կիրառվում
  • Ի՞նչ արդյունքներ է ապահովում

 

Զույգերի հոգեթերապիան հոգեբանական աշխատանք է սիրային և ամուսնական զույգերի հետ։

            Այն ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ զույգի հարաբերություններում առկա է ճգնաժամ․

  • Զույգը գտնվում է ամուսնալուծության եզրին կամ արդեն սկսել է ամուսնալուծության գործընթացը։ Հաջող թերապիան կարող է կանխել ամուսնալուծությունը։
  • Զույգն ունի սրված կոնֆլիկտային հարաբերություններ, վեճն ու կռիվը, փոխադարձ վիրավորանքներն ու խռովությունը նրանց կյանքի անբաժան ուղեկիցներն են դարձել։
  • Առկա է ընտանեկան բռնության կրկնվող էպիզոդներ։ Հաջող թերապիան կարող է կանխարգելել դժբախտ ելքով պատահարները, ընդհուպ մինչև մարդկային կյանքին և առողջությանը հասցվող վնասները` ինքնասպանության, սպանության փորձ, ծեծ, հոգեբանական բռնություն և այլն։
  • Զույգն ունի կողմերից մեկին կամ երկուսին չբավարարող սեռական կյանք՝ այն կամ շատ աղքատիկ է, կամ լիովին բացակայում է։ Թերապիան հատկապես արդյունավետ է այն դեպքերում, երբ զույգերը իրարից սառել են, չկա սեռական ցանկություն։
  • Զույգերից մեկը դավաճանել է մյուսին, որը հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել։
  • Զույգերի փոխհարաբերություններում չկա հոգեկան մտերմություն, զույգերը օտարացած են իրարից, անտարբեր են ու խորթ։
  • Զույգը ցանկանում է էլ ավելի բարելավել առկա հարաբերությունները, թարմություն մտցնել դրանցում կամ հասնել առավել մեծ ինտիմության։

 Զույգերի հոգեթերապիան իրականացվում է շաբաթը մեկ կամ երկու հանդիպումներ ձևաչափով՝ կաբինետում և առցանց։

Զույգերի հետ տարվող հոգեթերապևտիկ աշխատանքի տարբեր մեթոդներ և տեխնիկաներ կան, ինչպես օրինակ՝ սեռական թերապիան, վարքաբանական թերապիան, հոգեվերլուծական թերապիան։ Կախված խնդրի տեսակից հոգեթերապևտը նախընտրությունը տալիս է թերապիայի այս կամ այն տեսակին կամ համադրում դրանք։

Եթե օրինակ՝ զույգերի սեռական կյանքի խնդիրները պայմանավորված են կրթության կամ ինֆորմացիայի պակասով, դաստիարակության առանձնահատկություններով, որը հանգեցնում է սեռական կյանքում կաշկանդվածության, ամոթի, ապա նախընտրելի է սեռական թերապիան նաև վարքաբանականը։ Թերապիայի այս տեսակները սովորեցնում են զույգերին սեռական հարաբերություններում միմյանց հաճույք պատճառել, ձերբազատվել բարդույթներից, լինել ազատ միմյանց հետ, սովորեցնում են սեռական վարքի նոր ձևեր։

Զույգերի հոգեվերլուծական թերապիան նախընտրելի է կիրառել այն դեպքում, երբ զույգերի սեռական հարաբերությունների աններդաշնակությունը պայմանավորված է հոգեբանական գործոններով, զույգերից յուրաքանչյուրի անձով և կյանքի պատմությամբ, ինչը ձևավորորելով մյուսի հետ հարաբերությունների որոշակի ոճ՝ խոչընդոտում է հարաբերությունների բնականոն ընթացքը։

Զույգերի հոգեվերլուծական թերապիան իրականացվում է ազատ զուգորդությունների մեթոդի, տրանսֆերի և կոնտրտրանսֆերի ծավալման ու դրանց մեկնաբանման տեխնիկայի կիրառությամբ։

Զույգերի հոգեվերլուծական հոգեթերապիան հիմնվում է այն դրույթի վրա, որ զույգերի ներդաշնակ հարաբերությունների հարցում առանցքային նշանակություն ունի զույգերի միջև առկա անգիտակցական հաղորդակցումը։  Երբ երկու մարդու անգիտակցական սպասումներն ու վերագրումները փոխադարձաբար լրացնում են միմյանց նրանց միջև շատ արագ առաջանում են մտերմիկ հարաբերություններ։ Անգիտակցական հաղորդակցման հաջող հաստատումը ազդարարում է զույգերի հարաբերությունների սկիզբը։ Սա այն պահն է, երբ երկու մարդ հանդիպելով իրար շփման ինչ-որ պահին, հանկարծ զգում են, որ մեկը մյուսին խիստ հարազատ են դարձել։

Անգիտակցական հաղորդակցման անխոչնդոտ ընթացքով է պայմանավորված զույգերից յուրաքանչյուրի ունակությունը խորը մտերմիկ հարաբերություններ պահպանել մյուսի հետ։

Խոչնդոտները անգիտակցական հաղորդակցման գործում հանգեցնում են նրան, որ ինչ-որ պահից սկսած զույգերը խորթանում, օտարանում են միմյանցից, սառում իրարից։ Ցավալին այն է, որ այդ օտարացումը կարող է դիտարկվել ամուսնությունից հետո, որն էլ ավելի անցանկալի է, քանի որ յուրաքանչյուր ոք ամուսնանալով, հույսն ունի, որ գտել է հոգեհարազատ մեկին, ում հետ կանցկացնի իր կյանքը։

Բերենք օրինակ, որ ավելի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։

Ենթադրենք, որ զույգերից մեկը իր հոգեկերտվածքի համաձայն միշտ սպասում է ուրիշներից, որ իրեն պիտի փրկեն, այն դեպքում, երբ մյուսի անգիտակցական սցենարում կա փրկչի դեր։ Այս երկու մարդիկ մեծ շանսեր ունեն շատ արագ մտերմիկ հարաբերություններ հաստատելու, եթե դրան հավելենք նաև փոխադարձ սեռական գրավչությունը, ապա մեծ հավանականությամբ նրանք կդառնան սիրային զույգ կամ կամուսնանան։ Քանի դեռ նրանցից յուրաքանչյուրը գոհ է իր դերից, հարաբերություններն անխափան շարունակվում են։ Խնդիրը սկսվում է այն պահից, երբ կողմերից մեկը ինչ որ պատճառներով այլևս չի ցանկանում, որ իրեն փրկեն, կամ չի ուզում ստանձնել փրկչի դերը, որը և մյուս կողմը ընկալում է որպես մերժում։ Եվ, քանի որ այս փոխազդեցությունը անգիտակցական մակարդակում է տեղի ունենում,  զույգերի համար անհասկանալի է, թե ինչու հանկարծ ամեն ինչ փոխվեց, ինչու նրանք սառեցին իրարից։ Սա լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում զույգերի միջև հրահրվում են չդադարող կոնֆլիկտներ, հնչում փոխադարձ մեղադրանքներ, հաճախանում է ամուսնական դավաճանության հավանականությունը, կոնֆլիկտային հողի վրա զույգերից մեկի կամ երկուսի մոտ սրվում են հոգեբանական պրոբլեմները՝ դեպրեսիան, տագնապային խանգարումները, մարմնային ցավերով արտահայտվող նևրոտիկ խանգարումները և այլն։ Ստեղծված վիճակը, եթե չի շտկվում, ապա մեծանում է ամուսնալուծության հավանականությունը։

Նկարագրված և համանման բոլոր դեպքերում օգնության է հասնում Զույգերի հոգեվերլուծական հոգեթերապիան, որի ընթացքում հնարավոր է դառնում վեր հանել և գիտակցության առարկա դարձնել հարաբերությունները խոչնդոտող անհատական անգիտակցական գործոնները, գիտակցության դաշտ է տեղափոխվում և նկարագրվում զույգերի անգիտակցական փոխազդեցությունը, այն թե ինչ է անում զույգերից մեկը մյուսի հետ, օրինակ՝ ստիպում է մյուսին անընդհատ իրեն մեղավոր զգալ, գիժ զգալ, բռնարար զգալ և այլն/

Հաջող թերապիայի ընթացքում զույգերը սկսում են գիտակցել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպիսի չբավարարված պահանջմունք ունի, որը նա չի գիտակցում, միաժամանակ դրա բավարարումը ակնկալում մյուսից՝ պահանջելով նրանից անկարելին, արգելվածը, և չստանալով այն, մնում հավերժ դժգոհ և չբավարարված։

Զույգերի հոգեվերլուծական թերապիան նպաստում է նաև զույգերի միջև սահմանների հստակեցմանը, զույգի ներսում առավել հասուն հարաբերությունների հաստատման հնարավորություն ստեղծում։  

Թերապիայի ընթացքում զույգերը աստիճանաբար սկսում են հասկանալ, թե ինչու են ընտրել հատկապես տվյալ մարդուն, թե ինչն է նրանց կապում իրար հետ, թե ինչպես են նրանք անգիտակցորեն փոխլրացնում միմյանց, և թե ինչն է ապահովում նրանց զույգի հարատևությունը։ Այս ամենի հասկացումը հոգեթերապիայի ընթացքում հանգեցնում է զույգերի ինտիմ անձնական փոխհարաբերությունների էական բարելավմանը, զույգերից յուրաքանչյուրի հոգեկան հասունացմանը, որը և զույգերի ներդաշնակ և հարատև հարաբերությունների գրավականն է։ 

Զույգերի հոգեթերապիայի մասին թերևս այսքանը։

Իսկ վերջում թույլ տվեք մաղթել Սեր և Հարատևություն բոլորիս սիրային հարաբերություններին։

Եվ հիշեք, որ հուսահատվել պետք չէ, անհրաժեշտ է ուղղակի ժամանակին դիմել ճիշտ մասնագետի օգնությանը։

Հարգանքներով՝ Ձեր Մանե Հակոբյան, հոգեբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ, հոգեբան, հոգեթերապևտ

 

Գրականություն

  1. Шарфф Д.Э., Шарфф Д.С. Терапия пар в теории объектных отношений
  2. Masters, W. H. & Johnson, V. E. (1970). Human Sexual Inadequacy. Boston: Little, Brown
  3. Psychanalytic Couple Therapy. Foundations of Theory and Practice Psychoanalytic Couple Therapy Edited By David E. Scharff, Jill Savege Scharff (2014). London: Routledge.
  4. Scharff, D. E. & Scharff, J. S. (1991). Object Relations Couple Therapy. Northvale, NJ: Jason Aronson