Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն` նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց:

Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված իմպոտենցիա ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է ″ուժի, հզորության և կարողության կորուստ″, քանի որ մեր հասարակության մեջ վերոհիշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Տղամարդու եսը վիրվորող ″իմպոտենցիա″ բառը նախընտրելի է փոխարինել էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչև օրս ″իմպոտենցիա″-ն մնում է շրջանառության մեջ:

Կլինիկական նկարագրությունը

Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ մինչ սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ: Այս բնորոշումը ենթադրում է, որ սեռական ցանկությունը պահպանված է, և առկա են հաջող սեռական հարաբերություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս սահմանումը ներառում է նաև ձեռնաշարժության ժամանակ հազվադեպ պատահող էրեկտիլ դժվարությունները:

ԷԴ-ով շատ հիվանդներ հաճույքաբեր են համարում, համբուրվելը, շոշափումը և անգամ սեռական օրգաններին անմիջապես հպումը, սակայն վերոնշյալ վարքային ակտիվությունը ոչ միշտ են ուղեկցվում գենիտալ ռեակցիայի առաջացմամբ: Եթե այս կարգի արգելակումները հաճախ են կրկնվում, կարող է ի հայտ գալ սեռական ցանկության երկրորդային խանգարում` իջեցման կամ լրիվ անհետացման տեսքով: Որոշ դեպքերում նույնիսկ կարող է զարգանալ սեռական խուսափման վարքագիծ, և տվյալ տղամարդը արտաքուստ կընկալվի որպես բացարձակ ասեքսուալ:

ԷԴ-ն այնպիսի խանգարում է, որը հնարավոր չէ քողարկելը: Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ եզակի դեպքերում, որոնք անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում: Էրեկցիայի խանգարումը նման տղամարդկանց կողմից կարող է տարբեր մեկնաբանություններ ստանալ, որոնցից էլ կախված է, թե զարգացման ինչպիսի ընթացք կունենա ախտանիշը: Շատ տղամարդիկ ցուցաբերում են հանդուրժող վերաբերմունք, որը նրանց թույլ է տալիս շարունակել սեռական կյանքը առանց որևէ արգելքի: Նրանց զուգընկերուհիները սովորաբար էլ ավելի պակաս են անհանգստացած: Իսկ որոշ տղամարդիկ էրեկցիայի խանգարման անգամ մեկ դեպքից հետո սեռական հարաբերությանը մոտենում են իբրև սպառնալից մի փորձության և սկսում վերահսկել սեռական գործողության կատարումը ողջ ակտի ընթացքում: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Բուժման հիմնական նպատակը կատարման հենց այս տագնապի վերացումն է:

Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ: Դրանց արտաքին տեսքի դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանակրկիտ զրույց է պահանջվում` ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար: Կարոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն, որը նպաստել է ԷԴ-ի առաջացմանը:

Այս կապակցությամբ ուշադիր քննարկվում և մեկնաբանվում են հիվանդների բոլոր դիտարկումները` կապված էրեկցիայի առաջացման հետ: Շատերը նշում են, որ ունեն առավոտյան էրեկցիաներ և հեշտությամբ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել մենակ գտնվելիս, մինչդեռ բացարձակապես անկարող են էրեկցիայի հասնելու` երբ զուգընկերուհու հետ են: Որոշ դեպքերում հաջողվում է հասնել էրեկցիայի, բայց դժվարություն է ներկայացնում այն պահպանելը: Մյուսները կորցնում են այն որոշակի հանգամանքներում` հագուստը հանելիս, ներթափանցումից անմիջապես առաջ կամ երբ առնանդամը հեշտոցում է, երբ սեռական հարաբերության պահանջ է ներկայացվում, կամ էլ երբ տվյալ զուգընկերուհին ինտիմություն և վստահություն է պահանջում: Երբեմն անբավարար է լինում էրեկցիայի պնդության աստիճանը: Վերոհիշյալ ախտորոշիչ տվյալներին անչափ օգտակար հավելում է զուգընկերուհու հետ վարած զրույցը, որի ընթացքում կարող են բացահայտվել նոր մանրամասներ և հաստատվել արդեն ձեռքբերվածները:

Կանայք տարբեր կերպ են արձագանքում իրենց զուգընկերների ԷԴ-ին: Ոմանք հրաշալի գոտեպնդողներ են և հասկացնել են տալիս, որ իրենք կարևորում են տղամարդու անձը և ոչ թե նրա պրկված առնանդամը: Այսպիսի վերաբերմունքը պատճառային գործոնների շարքում բացառում է զուգնընկերուհու մասնակցությունը: Սրան հակառակ, սեռապես պահանջկոտ կանայք առավելապես անզիջում են և քննադատաբար են տրամադրված: Նման կանանց ծայրաստիճան զայրացնում է այն հանգամանքը, որ իրենց զուգընկերը չի բավարարում իրենց սեռական պահանջը: Կան կանայք, որոնց բավականության միակ աղբյուրը առնանդամի իմիսիայի մեջ է: Այլ խումբ կանայք դեմ են իրենց զուգընկերոջ կողմից էրոտիկ մեդիայի օգագործմանը և հրաժարվում են տղամարդու սեռական օրգանները գրգռելուց: Հաճախ տղամարդուց ակնկալում են ակնթարթային էրեկցիա և դրա պահպանում մինչև իրենց բավարարումը: Տղամարդը փորձում է ամեն կերպ բավարարել այդ ակնկալիքները և այդ պատճառով ստեղծվում է մի ճնշում, որն ուժեղացնում է սեռական տագնապը, արդյունքում առաջացնելով կամ խորացնելով էրեկցիայի խանգարումը:

Պատճառագիտությունը և տարբերակիչ ախտորոշումը

Ինչպես հայտնի է էրեկցիան պայմանավորված է առնանդամում արյան բարձր ճնշումով: Դա հնարավոր է մի կողմից զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից` երակային հետհոսքի թուլացմամբ: Արդյունքում` արյան զգալի քանակություն ″բռնվում է կիսափակ տարածքում″, առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում:

Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացը կարգավորվում է հատուկ կազմակերպված նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներով: Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, սակայն ողնուղեղային կենտրոնները գտնվում են գլխուղեղի կառավարման ներքո: Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելափակման կենսաբանական հիմքը:

Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են: Ողնուղեղային վերին կենտրոնը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակների, իսկ ստորինը` տակտիլ ներգործությունները: Երբ ներկայացվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարության գանգատ, հարկավոր է ճշտել ` արդյո՞ք հիվանդը օգտագործում է երկու հնարավոր` հոգեկան և տակտիլ գրգռման աղբյուրների ամբողջ ներուժը: Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկան գրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլ գրգիռների:

Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է: Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներով` ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական ապրումնեից: Էրեկցիայի այս խոցելիությունը պայմանավորված է էրեկտիլ համակարգիկազմավորման բարդությամբ: Այս համակարգի անխափան գործունեության համար հարկավոր է առնանդամի կառուցվածքային լիակատար ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային բավարար մատակարարում, գլխուղեղում նյարդային մեդիատորների անխախտ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալի գործունեություն, համապատասխան հորմոնալ ֆոնի առկայություն և, վերջապես, խաղաղ և էրոտիկ տրամադրված հոգեվիճակ:

Քանի որ հոգեբանական և օրգանական ԷԴ-ի արտաքին դրսևորումները նույնն են (բացի նրանից, որ հոգեբանական ԷԴ-ն հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել բոլոր հնարավոր օրգանական պատճառները:

Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղամիջոցներէ հակահիպերտնզիվները, այդ թվում` թիազիդային միզամուղները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները: Ալկոհոլը և ծխախոտը նույնպես ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա: Ալկոհոլի թույլ դոզաները, ″ընդամենը մեկ կամ երկու բաժակ″, թեև ակտիվացնում են սեռական ցանկությունը, սակայն կարող են ճնշել էրեկցիան: Քրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի: Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա: Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների պատերի պնդացում, ներառյալ առնանդամը սնող զարկերակներինը: Ծխողների մոտ էրեկցիայի խանգարումների հավանականությունը ավելի մեծ է, քան չծխողներինը:

Էրեկցիայի խանգարմանը կարող են նպաստել որոշ էնդոկրին խանգարումներ, րոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ, հիպերպրոլակտինեմիայով: Շաքարային դիաբետը ԷԴ-ի առաջացման հաճախ հանդիպող պատճառներից է:

Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող վասկուլոգեն մեխանիզմները` առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի տրավմաները, Պեյրոնի հիվանդությունը, մանգաղաձև բջջային անեմիան: ԷԴ-ն կարող է արդյունք լինել նաև մի շարք նեյրոգեն խանգարումների, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում: Այդ հիվանդություններից են` բազմակի սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, նեյրովասկուլյար հիվանդությունը, Այցհեյմերի հիվանդությունը, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի տրավմաները: ԷԴ-ն հանդիպում է նաև դեպրեսիայի ժամանակ:

40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ մեծ է հոգեբանական ԷԴ-ի հավանականությունը, մինչդեռ ավելի բարձր տարիքում հաճախանում է օրգանական ԷԴ-ն, քանի որ այս տարիքում աճում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման հավանականությունը:

Ըստ էության ԷԴ-ի ախտորոշումը իրականացվում է բացասման եղանակով` հերթով բացառվում է այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք ի վիճակի են առաջացնելու նեյրոգեն, վասկուլոգեն և հորմոնալ մեխանիզմների խանգարումներ: Սա բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է: Հոգեբանական գործոնները դեր են խաղում ԷԴ-ի գրեթե բոլոր դեպքերում` ինչպես առաջնային օրգանական, այնպես էլ հոգեբանական: Անոթային մեխանիզմներով պյամանավորված մեղմ արտահայտված էրեկտիլ թուլությանը տրվող տագնապալից պատասխանը ի զորու է իսկապես առաջացնել լրիվ թուլությունը:

Ասվածը հիմնավոր է և հակառակ կոնտեքստով` փսիխոգեն ԷԴ-ն, բերելով երկարատև սեռական ձեռնպահության` կարող է առաջացնել երկրորդային օրգանական խանգարումներ, որունք պարտադիր պետք է հաշվի առնել բուժման ժամանակ: Հաճախ դժվար է որոշել` հոգեբանակա՞ն, թե՞ օրգանական գործոններն են գերակշռում այս խնդրում: Նման դեպքում անհրաժեշտ է վիճակը գնահատել խառը կամ անորոշ ծագման: Սակայն հոգեբանական գործոնին անհրաժեշտ է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ այն ազդում է ախտանիշի ջևավորման և բուժման վրա բոլոր դեպքերում, նունիսկ եթե խնդիրը անվերապահորեն օրգանածին է:

Դեպքերի գերակշռող մասում փսիխոգեն ԷԴ-ի առաջացման հոգեբանական մեխանիզմը կատարման տագնպն է (performance anxiety): Սեռական հարաբերության ժամանակ անձի մոտ ծագած մտքերի վերլուծությունը ցուցյ է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը` արդյոք կկարողանա՞ պահպանել էրեկցիան մինչև հարաբերության ավարտը:

Էրեկցիայի պահպանման կապակցությամբ այսպիսի օբսեսիվ անհանգստությունը հիվանդին տղամարդուն կենտրոնացնում է սեռական գործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացողություն: Քանի որ էրեկցիան խիստ զգայուն է հույզերի նկատմամբ, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական ուղեկից, կատարման տագնապը բերում է առնանդամը արյան ավելցուկից բեռնաթափող ռեֆլեքների աշխուժացման, և արդյունքում էրեկցիան թուլանում է:

Երբ կատարման տագնապը հանդիպում է "մաքուր" ձևով, և այցելուի հոգեբանական գնահատումը բացահայտում է, որ նա ազատ է հուզական որևէ տեսակի կոնֆլիկտից, իսկ զույգի միջանձնային հարաբերությունները խնդիր չեն հարուցում:

Այլ դեպքերում այն ծառայում է իրբև պաշտպանական մեխանիզմ ընդդեմ անգիտակից սեռական կոնֆլիկտի կամ էլ մասն է կազմում միջանձնային հարաբերությունների դինամիկ զարգացման: ԷԴ-ով և այլ սեռական խանգարումներով տղամարդկանց փսիխոպաթոլոգիաները իրարից չեն տարբերվում: Հոգեվերլուծական տեսության համաձայն, տղմարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված էդիպյան բարդույթը և "ամորձատման տագնապը", և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ: Էդիպյան բարդույթը կարելի է բացահայտել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով:

Ուշադրության են արժանի հարաբերությունները իր մոր հետ, զուգընկերուհու մեջ իր մոր կերպարը տեսնելու և նրանից վախենալու դրսևորումները: ԷԴ-ով մարդկանց հոգեվերլուծական քննությունը ցույց է տալիս, որ նրանք ակնհայտ կերպով թշնամական կամ ամբիվալենտ վերաբերմունք են տածում կանանց նկատմամբ և կախվածություն ունեն մայրերից:

Շատ տղամարդի, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ունենում, սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել: Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե հիվանդի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին ինչպիսի վերաբերմունք է եղել:

Այն կարծիքը կա, որ կանանց վերջերս ″ազատագրված վարքը″ կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով տղմարդկանց մոտ ԷԴ-ի տարածման հետ: Սա չի համապատասխանում իրականությանը: ԷԴ-ով տղամարդկանց կանանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռական գործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատ վարքն է, այլ նևրոտիկ վիճակը: Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն և հակասեքսուալ արժեքներ կրողները, որոնք չեն ընդունում ծլիկային գրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատովությունը գցում են տղամարդու ուսերին: Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ: Այս տղամարդկանց վիճակը բարելավվում է, երբ նրանց կանայք հաղթահարում են վերոնշյալ բարդույթը և սովորում են սեռապես ավելի ակտիվ լինել և գրգռել զուգընկերոջը:

Սա չի նշանակում սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական ագրեսիվ սեռական պահանջները և քմահաճ վերաբերմունքը դեր չեն խաղում ԷԴ-ի զարգացման գործում: Ընդհակառակը, շատ կանայք չեն գոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրս գալ ամուսնական պայքարում, ինչը էական գործոն է ԷԴ-ի առաջացման և բուժման կազմակերպման գործընթացում: Այս պատճառով զույգի սեռական փոխհարաբերության և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիրումը կարևոր է ԷԴ-ով տղամարդու հետազոտման ժամանակ:

ԷԴ-ի որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով: Դրանք այն դեպքերն են, որոնք պայամանավորված են թեթև արտահայտված կատարման տագնապով, որը հետևանք է ոչ բավարար սեքսուալ ինքնավստահության և զուգընկերուհու կողմից գործադրվող ճնշման, և հիմքում չունեն խորը անգիտակից թշնամանք կանանց նկատմամբ: Այն այցելուները, որոնց մոտ հայտնաբերվում են խորքային փսիխոպաթոլոգիա և միջանձնային դժվարույթյուններ, պահանջում են ավելի երկարատև և բարդ բուժում, որը ներառում է անգիտակից կոնֆլիկտների լուծում: Կիրառվում են նաև դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ:

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ