Սեքսուալ ավերսիան կամ սեռական զզվանքը հիմնականում կանաց մոտ հանդիպող վիճակ է: Դա կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես: Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ: Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ.

Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված: Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո` պսիխոսեքսուալ անբավարարվածություն:

Երկրորդ փուլում սեռական հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ: Կինը օգտագործում է ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ կարող է ընդհանրապես հրաժարվել կենակցումից: Նրա մոտ զարգանում է սեռական ցանկության նվազում, սեռական անզգայություն և հեշտանքի խանգարում, երբեմն կարող է ձևավորվել կորիտոֆոբիա:

Սեռական ավերսիան իր զարգացման առաջին և երկրորդ փուլերում ունի հարաբերական բնույթ, այսինքն դրսևորվում է միայն տվյալ զուգընկերոջ հանդեպ:

Երրորդփուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հակառակ սեռի և ընդհանրապես սեռական կյանքի նկատմամբ: Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական ավերսիան կրում է բացարձակ բնույթ:

Սեռական ավերսիան կարող է պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված մեխանիզմներով: Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է մի կողմից զարգացման փուլից, մյուս կողմից` փսիխոգեն գործոնների ներգրավվածության աստիճանից: Զուգընկերների ցածր սեռական կուլտուրան, ինչպես նաև պլատոնական և էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը:

Տվյալ սեռական խանգարմամբ կանանց բնորոշ է վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ զարգացումը, բայց առավել հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման խանգարումներ, հատկապես` դրանց ուշացած կամ համակցված ձևերը: Կանանց շուրջ 1/3-ի մոտ նկատվում է նաև սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի ձևով: Նրանց սեռական կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է նաև միջին կամ ուժեղ լինել:

Ինչպես արդեն նշվեց, սեռական ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է սեռական ցանկության իջեցմամբ և հեշտանքի բացակայությամբ, սակայն ուժեղ կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի ուղեկցվում սեռական ավերսիայով:

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ