Առողջ քուն, քնի ընթացքում շնչառական խանգարումներ, ցերեկային քնկոտություն. թեման մանրամասնում է թոքաբան, քնի խանգարումների մասնագետ, "Իզմիրլյան" ԲԿ-ի քնի լաբորատորիայի ղեկավար , բ.գ.թ Մարինե Պետրոսյանը:

- Ինչպե՞ս կսահմանեք առողջ քուն հասկացությունը: Ի՞նչ բաղադրիչներ, ինչպիսի կառուցվածք ունի:

- Առողջ, նորմալ քունը բաղկացած է մի քանի փուլերից. առաջին և երկրորդ՝ մակերեսային քուն,  երրորդ և չորրորդ՝ դանդաղ-ալիքային քուն և վերջին հինգերորդ՝ REM քուն, որը զուգորդվում է աչքերի արագ շարժով: Վերջին փուլը շատ հետաքրքիր և զարմանալի է այն առումով, որ մարդն իրականում քնած է, սակայն նրա ուղեղի բջիջները շատ ակտիվ վիճակում են:  Երրորդ և չորրորդ փուլը երեխաների մոտ ավելի երկար է տևում, քան մեծահասակների. սա պայմանավորված է այն փաստով, որ այն ունի էնդոկրին մեծ ակտիվություն: Քունը  համարվում է առողջ, երբ այս կառուցվածցքը պահպանվում է:

- Մարդիկ կարծում են, թե քունը պասիվ, հանգիստ վիճակ է, իրականում…

- Այո: Նախկինում  համարվում էր, որ քունը օրգանիզմի պասիվ պրոցես է, սակայն այժմ հաստատվել է, որ այն օրգանիզմի ակտիվ վիճակ է, ունի նեյրոֆիզիոլոգիական պրոցեսներ: Քունն, իրականում, շատ առեղծվածային երևույթ է, և դրա մասին շատ քիչ փաստեր են պարզաբանված: Քնի խանգարումները դեռևս շատ վաղուց են մարդկությանը հայտնի. Աստվածաշնչում, հրեաների Սուրբ գրքում այս մասին հիշատակումներ կան:

- Գիտենք, որ քնի ժամանակ օրգանիզմն արտադրում է մելատոնին: Ինչի՞ համար է սա անհրաժեշտ:

- Մելատոնինն ապահովում է քնի և արթուն վիճակում լինելու նորմալ ռիթմը: Գաղտնիք չէ, որ երբ մարդ զրկվում է քնից, բազմաթիվ խնդիրների է բախվում:

- Որո՞նք են անքնության, քնի խանգարումների ամենահաճախ հանդիպող պատճառները:

- Քնի խանգարումներ ունեցող մարդկանց շուրջ 70 տոկոսն ունի շնչառական խանգարումներ: Երբ մարդ չի կարող նորմալ շնչել, նաև չի կարող քնել: Այս դեպքում, նկատելիորեն տուժում է կյանքի որակը:
Քնի ժամանակ շնչառական խանգարումները մարդկությանը հայտնի են շատ վաղուց, սակայն գիտականորեն դրա մասին առաջին անգամ խոսվել է ընդամենը 1968 թվականին:

- Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել վատ քունը:

- Վատ քունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների: Թերևս ամենամտահոգիչ խնդիրներից մեկը ճարպակալումն է: Ամերիկացի գիտնականները սկսեցին մեծ հետազոտություններ կատարել, թե ինչու՞ 20-րդ դարի վերջին այս խնդիրը մեծ տեմպերով թափ առավ: Սկզբում պատճառը փնտրում էին սննդի մեջ՝ ֆասթ ֆուդ, ՄաքԴոնալթս և այլն, սակայն, հետագայում, առավել խորքային հետազոտություն կատարելիս նրանք փորձեցին հասկանալ, թե ինչ կարևոր բան է փոխվել մարդու կենսակերպի մեջ, և պարզ դարձավ, որ զգալիորեն նվազել է մարդու քնի տևողությունը: Իմ համոզմամբ, 20-րդ դարի վերջին այդ տևողությունը նվազել է 2-3 ժամով: 

- Այս դեպքում, ո՞րն է քնի նորմալ տևողությունը:

- Քնի չափից շատ երկար տևողությունը ևս խնդիր է: Եվ նորմալ ֆիզոլոգիական քանակը, որ անհրաժեշտ է մարդուն 7-8 ժամն է: Ցերեկային քունը չպետք է գերազանցի 1 ժամը:

- Այսինքն, կարելի՞ է ասել, որ քնի խանգարումները մեծամասամբ կապված են նաև քաղաքակրթության, ուրբանիզացիոն խնդիրների հետ:

- Այո, իհարկե: Ամենուր աղմուկ, վառ արհեստական լուսավորություն, համակարգիչներ… Այս պարագայում խաթարվում է մարդու նորմալ բիոռիթմը, կյանքի հիգիենան:


- Ի՞նչ կասեք ննջարանում տեխնիկայի առկայության մասին: Ինչպե՞ս է սա անդրադառնում քնի վրա:

- Կա հասկացողություն՝ քնի հիգիենա:
Մարդ պետք է ունենա այն անկյունը, որտեղ ինքը միայն քնում է: Անկողինը պետք է նախատեսված լինի միայն քնի և սեքսի համար: Դժբախտաբար, այսօր հատկապես երեխաները անկողնում և համակարգչով են զբաղվում, հեռուստացույց են դիտում և նույնիսկ ուտում են:
Ցանկալի է, որ մարդիկ ամեն օր քնեն նույն ժամին:

- Անկողինն ունի՞ որևէ նշանակություն: Այն կարո՞ղ է օգնել լավ քնելուն, կամ հակառակը:

- Անկողնու ճիշտ ընտրությունը կապված է օրթոպեդիկ, ալերգիկ խնդիրների հետ: Կարող եմ ասել, որ հայ ազգը շատ լավ ավանդույթներ ունի անկողնու հետ կապված՝ միշտ մաքուր պահել, ունենալ հիմնականում բրդից, բմբուլից անկողին, ամեն տարի լվանալ… Ճիշտ ընտրված անկողինն, իհարկե, նպաստում է մարդու առողջությանը:

- Եթե երեխան ցերեկային ժամերին չունի քնելու ցանկություն, պե՞տք է արդյոք ստիպել:

- Այս հարցին, իհարկե, ավելի ընդգրկուն կարող է պատասխանել քնի հիգիենայի մասնագետը: Ես կարծում եմ, որ սա սովորելու, դաստիարակության հարց է: Սակայն ասեմ, որ երեխայի համար քնի հիգիենան շատ ավելի կարևոր է: Առողջ քունն անչափ կարևոր է երեխայի աճի համար: Ինչքան երեխան փոքր է, քնելու ժամերն առավել շատ են:

- Ի՞նչ կասեք մեծահասակների ցերեկային քնի մասին: Ի՞նչ է հուշում ցերեկային քնկոտությունը:

- Մեծահասակների ցերեկային քնի մասին ստույգ տվյալներ չկան: Մինչև մեկ ժամ տևողությամբ ցերեկային քուն խորհուրդ է տրվում: Իսկ երբ մարդ ցերեկային ժամերին դառնում է քնկոտ, սա լուրջ խնդիր է: Սա խոսում է շատ լուրջ հիվանդության մասին: Ցերեկային քնկոտությունը քնի օբստրուկտիվ ապնօէ (շնչադադարի) ամենացայտուն ախտանիշն է: Շատ հիվանդներ եմ ունեցել, ովքեր չէին կարողանում նույնիսկ տրանսպորտից օգտվել, մեքենա վարել, անընդհատ քնում էին: Հիմա եվրոպական 25 երկրներում և Ամերիկայում ցանկացած պրոֆեսիոնալ վարորդ մինչև աշխատանքի անցնելը անցնում է հետազոտություն` ժխտելու համար քնի օբստրուկտիվ ապնօէ հիվանդության առկայությունը: Առանց բուժում ստանալու, նրանց աշխատանքը բացառվում է: Նույնիսկ բացահայտված է, որ օբստրուկտիվ ապնօէ-ն ավելի ուժգին ազդեցություն է վարորդի համար, քան նույնիսկ ալկոհոլը: Որքա~ն վթարներ են եղել վարորդի քնած լինելու պատճառով: Նույնիսկ Ճապոնիայում հսկա ճեպընթացի վթարը ուսումնասիրելիս, անվտանգության աշխատակիցները տեսան, որ վարորդը քնած էր:

- Ի՞նչ է խռմփոցը: Ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ:

- Խռմփոցը ևս օբստրուկտիվ շնչադադարի վառ ախտանիշ է: Սա շատ տարածված խնդիր է: Շնչուղիների նեղանալն է բերում այդպիսի ձայն: Շատ դեպքերում, երբ խոսում եմ հիվանդի կողակցի հետ, պատմում են, որ լինում են պահեր, երբ մարդը քնի ընթացքում պահում է շունչը:

- Այսինքն, խռմփոցը հիվանդության ախտանի՞շ է, թե՞ այն կարող է դառնալ որևէ հիվանդության պատճառ:

- Խռմփոցը, ցերեկային քնկոտությունը , քնի ընթացքում շնչառական դադարները օբստրուկտիվ ապնօէի ախտանիշներ են: Այս հիվանդության այլ ախտանիշներ ևս կան: Օրինակ՝ գիշերային հաճախամիզությունը: Երիտասարդ տղամարդիկ, սա հաճախ կապում են ուրոլոգիական խնդիրների հետ, որն, իհարկե, չեմ բացառում, սակայն ավելորդ քաշի և խռմփոցի առկայության դեպքում պետք է դիտարկել նաև շնչառական խանգարման գործոնը:

- Իսկ ե՞րբ է կանանց մոտ հանդիպում այս երևույթը:

- Ասեմ, որ շատ հետաքրքիր տարբերություն կա կանանց և տղամարդկանց միջև: Եթե տղամարդիկ  խռմփոցի փաստը համարում են նորմալ, կանայք խիստ տագնապում են, երբ նման բան են նկատում: Կանանց մոտ այս երևույթը հանդիպում է ավելորդ քաշ, վահանաձև գեղձի խնդիրներ ունենալու, նաև հետկլիմակտերիկ շրջանում լինելու դեպքում:

- Կան մարդիկ, որ մակերեսորեն են քնում և ցանկացած ձայն կարող է արթնացնել նրանց: Սա նորմա՞լ երևույթ է, թե քնի կառուցվածքի խանգարում:

 -Միանշանակ ասելն, իհարկե, դժվար է: Պոլիսոմնոգրաֆիա անցնելուց հետո միայն հստակ կիմանանք` մարդն ունի՞ արդյոք քնի ավելի խոր փուլեր, թե՞ ոչ: Սա առավել նյարդաբանական խնդիր է:
Քնի խանգարումը կոմպլեքսային խնդիր է, և այս հարցով զբաղվում են նյարդաբանները, հոգեբանները, թոքաբանները, քիթ-կոկորդ մասնագետները, դիմածնոտային վիրաբույժները: Շաքարային դիաբետը ևս կարող է բերել քնի խանգարման երևույթներ:

- Ի՞նչ տարածում ունեն քնի ընթացքում շնչառական խանգարումները:

- Ամենահաճախ հանդիպող խնդիրն է քնի ընթացքում վերին շնչուղու խցանումը: Իմ իսկ կատարած պոպուլյացիոն հետազոտությունը ցույց է տալիս, որ ապնօէի ռիսկը մեր հասարակության մոտ 49 տոկոս է: Այսինքն, Հայաստանում համարյա ամեն երկրորդ մարդ ունի ապնօէի ախտանիշներ: 

- Ինպե՞ս է հիվանդությունը ախտորոշվում:

- Ասեմ, որ այս դեպքում կան ախտորոշման հստակ ձևոր: Մենք ոչ թե ենթադրում ենք, այլ գործիքային  հետազոտությամբ հաստատում կամ բացառում ենք հիվանդությունը: Եթե հիվանդությունը չի բուժվում, այն հանգեցնում է լուրջ խնդիրների: Չբուժված ապնօէն կարող է հանգեցնել սիրտ-անոթային, մետաբոլիկ խնդիրների, բարձրացնել մահացության ռիսկը, նվազեցնել կյանքի որակը… Եվ այս տխուր փաստերից հետո ուրախությամբ կարող եմ ասել, որ ապնօէն շատ լավ բուժվող հիվանդություն է:

Եթե նկատում եք գիշերային խռմփոց, որը զուգորդվում է շնչադադարով, ցերեկային քնկոտություն, առավոտյան արթնանալիս գլխացավ, հոգնածության զգացողություն, եթե նկատում եք, որ դարձել եք դյուրագրգիռ, փոխվել են բնավորության գծերը, եթե ունեք հաճախամիզություն, զարկերակային հիպերտենզիա, եթե դիմել եք բազմաթիվ բժիշկների և նրանցից լսել եք "ոչինչ չկա" պատասխանը, ապա մտածեք, որ Ձեզ մոտ կա ապնօէ: Դրա համար պետք է դիմել քնի լաբորատորիա և անցնել հետազոտություն:

- Դեղորայք ընդունել քնելու համար. ի՞նչ կասեք քնաբեր հաբերի մասին:

- Դեղորայք ընդունել միայն ու միայն  բժշկի ցուցումով: Որովհետև, օրինակ, ապնօէի դեպքում հակացուցված է քնաբերներ ընդունելը, դա սրում է հիվանդությունը:

- Ինչպե՞ս են մթերքը, ըմպելիքներն անդրադառնում քնի վրա (սուրճ թեյ…) Սա անհատակա՞ն հարց է, թե՞ կան մթերքներ, որ խաթարում են քունը:

- Ընդհանրապես, ակտիվացնող ոչինչ խորհուրդ չի տրվում ուտել կամ խմել քնելուց առաջ: Ալկոհոլային խմիչք, սուրճ, թեյ… Մարդիկ կան, ում սրանք խանգարում են քնել: Քնելու պետք է գնալ ո՛չ քաղցած, ո՛չ էլ շատ կուշտ: Սա ևս ձևավորված մշակույթի հարց է:

- Քնի խանգարումներն այսօր կարելի՞ է համարել լուրջ խնդիր:

- Ցավոք, այո: Սա քաղաքակրթության լրջագույն խնդիր է: Այսօր մարդիկ կարծես 24 ժամ արթուն են, շարժման մեջ: Շատ են նաև այն մասնագիտությունները, երբ մարդիկ աշխատում են գիշերային հերթափոխով՝ բժիշկներ, վարորդներ, ոստիկաններ… ԱՄՆ-ում մի մեծ դատական գործընթաց եղավ, երբ հայցն ուղղված էր կլինիկական օրդինատորի դեմ, ում հերթապահության ժամանակ երեխա մահացավ: Պատկերացրեք, որ դատարանը նրան արդարացրեց: Նա 48 ժամ արթուն էր եղել, և կենտրոնանալու, զգոն լինելու կարողությունը զգալիորեն նվազել էր: Եվ դեպքից հետո հստակ սահմանվեց հերթապահության ժամաքանակ:


- Ի վերջո, քունն իսկապե՞ս օգնում է երիտասարդ մնալ և պահպանել առողջ տեսքը:

- Այո, միանշանակ: Ընդհանրապես, առողջ ապրելակերպի մեջ քունն իր կարևոր տեղն ունի: Եվ խաթարվում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը, եթե խաթարվում է քունը:


Հարցազրույցը` Ամալյա Գրիգորյանի
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
 \