Հակակամաճարակային միջոցառումների շրջանակներում  և ինքնամեկուսացման պայմաններում հեռաբժշկության զարգացումը խիստ արդիական է, իսկ որոշ դեպքերում՝ բուժապահովման անընդհատության ապահովման միակ տարբերակն է: Հետևելով համաշխարհային փորձին՝ հեռաբժշկությունը պետք է օր առաջ դարձնել կիրառական բժշկության անբաժան մասը:
Մաշկաբան-վեներոլոգներ Հովհաննես Հովհաննիսյանի և Արամ Շահվերդյանի հոդվածում ներկայցված է նյութ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պրակտիկ բուժապահովման շրջանակներում ներդրման և դրանց հետագա զարգացման համար՝ նպատակ ունենալով բարելավել ցուցաբերվող մաշկասեռավարակաբանական բուժապահովման ծառայությունը:

Հեռամաշկաբանությունը… կարող է բարելավել մարդու կյանքի որակը տնտեսագիտական, սոցիալական և մշակույթային տեսակետից...
Niccolo Nami, 2012

Բարձրորակ և մասնագիտացված բժշկական օգնության հասանելիությունը մեր հասարակության խնդիրներից է, որն առավել ակնառու է մարզերի բնակիչների համար: Հարցի լուծման արդյունավետ տարբերակներից մեկը (վերլուծելով այլ երկների փորձը), դա հեռաբժշկական ցանցի ստեղծումն է, որն արդի կապի միջոցների և առաջատար բժշկական տեխնոլոգիաների յուրօրինակ համադրության շնորհիվ կարող է ապահովել հեռահար խորհրդատվություն:
Հեռահար խորհրդատվությունը սկզբունքորեն նոր տեղեկատվական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ապահովել որակավորված խորհրդատվական բժշկական օգնություն հեռահաղորդակցման համակարգի միջոցով:


Հեռաբժշկությունը, որպես կիրառական բժշկական տեխնոլոգիա կիրառվում է բազմաթիվ երկրներում: Այն տնտեսապես ձեռնտու է, նպաստում է ազգաբնակչության բուժսպասարկման որակի էական բարձրացմանը և կարելի է համարել ազգային բժշկական քաղաքականության հեռանկարային ուղղություն:


Հաճախ մարզերի բնակիչները որակավորված բժշկական սպասարկման համար լրացուցիչ գումար են վատնում ճանապարհածախսի և նպատակային բուժման համար: Հեռահար խորհրդատվությունը թույլ է տալիս կրճատել բուժառուի բուժօգնության ծախսերը, արագացնել ախտորոշման ժամկետները, ինչպես նաև ժամանակին նշանակել համապատասխան բուժում:
Հեռաբժշկության հիմնական խնդիրն է համարվում պատեհաժամ և հասցեավորված բարձր որակավորված բժշկական ծառայության ցուցաբերումը բուժառուին, անկախ բուժհիմնարկի և մարդու միջև եղած հեռավորությունից:  Այս մեթոդի էությունը կայանում է ինտերնետ կապի միջոցով բժշկական ինֆորմացիայի փոխանցում միմյանցից հեռու գտնվող կետերի միջև (բուժառու, բժիշկ, բուժհաստատություն): Այսպիսով, խորհրդատվության կամ ախտորոշման ընթացքում ստեղծվում է տեսաձայնային շփման հնարավորություն բժշկի և բուժառուի միջև, երբ խորհրդատուն և բուժառուն գտնվում են իրարից մեծ հեռավորության վրա: Այս հնարավորության շնորհիվ բժիշկները իրական ժամանակում կարող են քննարկել անալիզների արդյունքները, պլանավորել բուժախտորոշիչ միջոցառումները, հսկել կատարվող հետազոտությունները և այլն՝ հասնելով «վիրտուալ ներկայության» արդյունքի:

 Մաշկաբանությունը՝ այլ բժշկական մասնագիտությունների համեմատ առավել տեսողական է:

Հեռամաշկաբանությունը, դա հեռաբժշկության համակարգչային, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումն է մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում: «Հեռամաշկաբանություն» տերմինը ներդրվել է 1995 թ.-ին  D. Perednia և N.Brown կողմից: 

Հեռամաշկաբանության հիմնական խնդիրներն են.

  • Տարբեր մակարդակի բուժսպասրկման օղակների  արագ և արդյունավետ փոխհամագործակցությունը մաշկաբանական և սեռավարակաբանական պաթոլոգիաներով հիվանդներին պատեհաժամ և ողջ ծավալով բուժօգնության  տրամադրման ընթացքում
  • Ախտորոշիչ և բուժական որոշումների հեռահար օժանդակումը
  • Ուռուցքաբանական և սեռավարակաբանական պաթոլոգիաների սկրինինգը
  • Բժշկական կրթության անընդհատությունը
  • Ամբուլատոր փուլում հիվանդների մոնիտորինգը և հսկումը
  • Հիվանդների հոսքի ղեկավարումը
  • Տարածաշրջանային մաշկասեռավարակաբանական ծառայության բուժապահովման համակարգի կլինիկական, տնտեսական  և կազմակերպչական արդյունավետության ապահովումը:

Հեռամաշկաբանական խորհրդատվության տևողությունը միջինում կազմում 5-25 րոպե՝ պայմանավորված կիրառվող տեխնոլոգիաներից: 
Այսպիսով, սմարթֆոնի և համապատասխան հատուկ ծրագրերի կիրառումը էականորեն կրճատում են հեռամաշկաբանական խորհրդատվության ժամանակը թվային ֆոտոխցիկի և անձնական համակարգչի կիրառման հանդեպ:

Մինչ հեռահար խորհրդատվությունն անհրաժեշտ է խորհրդատուին ներկայացնել բուժառուի վերաբերյալ բժշկական ինֆորմացիա (քաղվածքներ, ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներ և այլն):
Հեռահար խորհրդատվության համար բուժառուի վերաբերյալ ստացվող տվյալների (տեքստային, գրաֆիկական նյութերի) միանման լինելու նպատակով մշակվել և ադապտացվել են չափորոշիչներ: 
Գանգատների, անամնեզի հավաքման ընթացքում և հարցում կատարելիս պետք է օգտվել հատուկ մշակված հարցաթերթիկներից, որոնք թույլ են տալիս պատրաստել status localis –ի առավել որակյալ նկարագրություն: 2
Հեռամաշկաբանական խորհրդատվության ընթացքում հստակ հարցերով նմանատիպ  հարցաթերթիկի կիրառումը բժշկին թույլ է տալիս ստանալ առավել ամբողջական և ստույգ անամնեստիկ տվյալներ:
Բջջային հեռամաշկաբանական համակարգերը հիմնված են բջջային հեռախոսների (սմարթֆոնների), գրպանի անձնական համակարգիչների (PDA) և պլանշետների կիրառմամբ, թվային լուսանկարների ստացման, մշակման և ուղղարկման վրա՝ հեռամաշկաբանական բուժօգնության ցուցաբերման նպատակով: Նմանատիպ տեխնոլոգիաները կիրառվում են ախտահարված հատվածի մոնիտորինգի համար ավելի հաճախ ամբուլատոր, քան ստացիոնար հիվանդների մոտ: Վերջին ժամանակհատվածում ստեղծվել են դերմատոսկոպներ, որոնք հարմարեցված են բջջային հեռախոսների (սմարթֆոնների) թվային ֆոտոխցիկներին:
Այսպիսի տեխնոլոգիանների կիրառումը առավել ակտուալ է ուռուցքային պաթոլոգիաների սկրինինգային հետազոտման համար: 6 Այս տեխնոլոգիան առաջարկվում է կիրառել ամբուլատոր էտապում` locus morbi-ի վիճակի հեռակա հսկաման, բուժման շտկման նպատակով: 
Մեծ թույլատրությամբ թվային ֆոտոխցիկներով սմարթֆոնները լայն հնարավորություն են ընձեռում կլինիկական բջջային հեռամաշկաբանությանը:  Օպտիմալ տեխնիկական հատկանիշները դա 8 և ավել մեգապիկսել ֆոտոխցիկով սմարթֆոններն են և հատուկ վեբ-ծրագրերը, որոնք հնարավորություն կտան անձնական տվյալների անվտանգ փոխանցում: 
Բջջային հեռամաշկաբանություննը կարող է արդյունավետ օգտագործվել մարզերում բժշկական օգնության հասանելիության և որակի բարձրացման համար: 

Հեռաբժշկական հաջող ներդրման և ակնկալվող արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է`

  • Մասնագիտական սարքավորումների օգտագործում, որոնց օգնությամբ կատարվում է բժշկական ինֆորմացիայի հավաքում, վերամշակում և փոխանցում
  • Հեռահաղորդակցման ցանցերի առկայություն, որը ապահովում է կապը բժշկական ինֆորմացիայի մատակարարի և սպառողի միջև
  • Ծրագրային ապահովման կիրառումը, որը կմիավորի մեկ համալիրի մեջ համկարգի բոլոր տարրերը
  • Հաստիքային կազմի առկայություն (բժիշկներ, ծրագրավորողներ, կապավորներ), որը կապահովի համալիրի մասնագիտական և տեխնիկական սպասրկումը, բժշկական խնդիրների արդյունավետ լուծման համար
  • Սարքավորումների շահագործման, աշխատանքային կարգի, բժշկական տվյալների, ինֆորմացիայի փոխանցման և այլնի չափորոշիչների մշակում ու կիրառում
  • Տեխնիկական, բժշկական և օրենսդրական նորմատիվների կազմում
  • Մասնագիտական ինֆորմացիոն տեղեկատվական բազաների ստեղծում
  • Արտասահմանյան հեռաբժշկական կենտրոնների հետ համագործակցություն
  • Հեռահար բժշկական ուսուցման կազմակերպում:

Իսկ այս ամենի գրագետ և արդյունավետ  կազմակերպան համար անհրաժեշտ է ֆինանսավորում և ժամանակ:
Նպատակ ունենալով ապագայում հեռամաշկաբանությունը դարձնել կիրառական բժշկության անբաժան մաս՝ մաշկաբանական ծառայության առօրյա գործունեության ընթացքում կարելի է օգտագործել արտասահմանյան բժշկագիտական փորձի, չափորոշիչների հիման վրա ձևավորված հեռամաշկաբանության տարրերը՝ մինչ կլուծվեն կազմակերպչական, օրենսդրական և ֆինանսական խնդիրները: